Արթնացան զարթուցիչի ձայնից։ Լիլիթը ժպտաց ու չանչ արեց իր մազերը, փաթաթվեց ու գլուխը դրեց իր կրծքին։ Ինքը համբուրեց նրա ճակատը, մազերի խենթացնող բույրը խփեց դեմքին։ Երանի՜ գրկից բաց չթողներ, պահեր ու պահպաներ իր հրեշտակին, ոչ թե տաներ հանձներ նրան սև հողին։ Երանի պատռեր բոլոր հագուստը ինչ ուներ կինը, որ տկլոր մնար ու չկարողանար դուրս գալ, ոտնամանները փչանային, որ բոբիկ մնար, մնար կենդանի… երանի՜ գիշերը այրվեր աշխատասենյակը, որտեղ նա աշխատում էր… թող ամբողջ շենքերն ու փողոցը վառվեին գիշերը, որ առավոտյան Լիլիթը տնից դուրս չգար… Կարենը պատրաստ էր ինքը մեռնել միայն թե Լիլիթը ապրեր։ Բայց ո՞վ իրեն հարցրեց։ Թող անիծվի այդ գազանը որը կտրեց կյանքի թելը, չորանա այն ձեռքը որ հարվածեց իր Լիլոյին։ Ու ինչի՞ համար։ հեռախոս, ժամացույց, դրամապանակ ու մատանին… այդ անիծված մատանին…. Այն առաջին անգամ երբ կորցրեց պետք չէր նորը գնել։ Հենց այդ մատանին է մեղավոր…. Անիծված ոսկին…
Ու այսպես անցավ երկու շաբաթ։ Մի օր վերցրեց ձեռքը իրերը որ հանձնել էին ոստիկանությունում։ Թվաց մահվան հոտ է գալիս նրանցից։ Երբ ձեռքը վերցրեց կնոջ վերնաշապիկը չգիտես ինչու իսկույն աչքը ընկավ պոկված կոճակը։ Ինչու՞ առաջ չէր նկատում իսկ հիմա ծակեց աչքը։ Հանկարծ նրա աչքերը քարացան ու դեմքը խաղաղվեց հարթվեցին ճակատի կնճիռները։ Խառնեց, գտավ թե ու՞ր էր դրել լիլիթենց աշխատասենյակում գտած կոճակը։ Համեմատեց։ Նույնն է։ Հենց սկզբից ճանաչել ու չէր շփոթել։ Լարվեց։ Ինչու՞ է թռել։ Կարենը չգիտեր ինչ մտածել։ Բացատրություն էր փնտրում ամենուր ու իրեն հանգիստ չտվող հարցերի պատասխանները որոնում նույնիսկ աննշմար մանրուքներում։ Հազար ու մի տարբերակ էր կազմում գլխում, բայց չէր գտնում ճիշտը։ Մի քանի անգամ գնաց հարցուփորձ արեց պարոն Նազարյանին։ Բայց ապարդյուն, Կարապետը անգիր արած խոսքերն էր կրկնում։ Սակայն Կարենի աչքից չվրիպեց այն որ իր ներկայությունը նյարդայնացնում է նրան։ Այսպես մի անգամ էլ եկավ, բայց չհասցրեց դուռը թակել երբ ականջին հասավ ինչ որ կանացի բարակ ձայն։
_Եթե չտաս ուզածս գումարը, կգնամ ոստիկանություն, կամ ո՛չ ուղիղ այդ աղջկա ամուսնու կամ եղբոր մոտ, թող այդ լեռնականները գլուխդ ջարդեն։
Մնացածը ինչպես և այն ժամանակահատվածը երբ հասավ ոստիկանություն, ապա մորգ Լիլիթի մոտ, ջնջվել էր հիշողությունից այդպես էլ հարցաքննության ժամանակ քննիչին չկարողացավ ոչինչ պատասխանել։ Միայն նայում էր մի կետի։ Ու մտքում կրկնում մոր խոսքերը երբ տեղի ունեցավ իրենց առաջին հանդիպումը. «Սիրունին տիրություն անել դժվար է»։
Երբ Կարապետը ուշքի եկավ հիվանդանոցում ստիպված եղավ պատասխանել ոստիկանության հարցերին, չթաքցրեց ու պատմեց եղելությունը։ Այսինքն իմաստ չուներ թաքցնել այն ինչ Կարենը բռունցքներով հանեց նրանից ու լսեցին վրա հասած աշխատողները։
_Ես մարդասպան չեմ, պարոն քննիչ։ Կնամոլ…. սրիկա…. խաբեբա… ինչ ուզում եք ասեք… բայց ես մարդասպան չեմ։
_Ինչպե՞ս պատահեց… ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել…
_Նա հավաքեց իրերը ու արագ գնաց դեպի դուռը, սակայն սայթաքեց ու ընկավ… քունքը կպավ սեղանի անկյունին ու երբ մոտեցա տեսա, հասկացա որ մահացել է։ Վախեցա… մտածեցի թե ինձ կմեղադրեք…
_Արագ գնաց, թե փախչու՞մ էր։
Նազարյանը լռեց։ Բայց լռությունը չօգնեց նրան հետախուզության ժամանակ, երբ հայտնաբերեցին Լիլիթի հետքերը մեքենայում, ինչպես և երբ կինը գժտվեց վերցրեց երեխաներին ու գնաց հորանց տուն, չօգնեց նաև երբ դատի ժամանակ Կարենը ճեղքեց ներկաներին, ցատկեց բռնեց ու ամուր սեղմեց նրա կոկորդը։ Չարացած տղամարդը այնպիսի ուժով սեղմեց, որ Նազարյանը մահացավ տեղնուտեղը։ Կարենին չորս ոստիկան հազիվ կարողացան անջատել Կարապետի անշունչ մարմնից։
Կարենին կալանավորեցին։ Մայրը որ մեղադրում էր իրեն հարսի մահվան պատճառ դառնալուն՝ իր հիվանդության պատճառով տեղափոխվեցին քաղաք, որդու բանտարկվելուց հետո՝ լրիվ կորցրել էր իրեն։ Շատ ժամանակ չանցած նորից ընկավ հիվանդանոց, վիճակը ծանր էր ու կես տարի անց մահացավ։
Անցավ քսանհինգ տարի։ Մի ամուսնական զույգ իր զավակների հետ մտավ գերեզմանոց։ Երկար քայլեցին գերեզմանաքարերի միջև փնտրելով հարազատների գերեզմանները։ Ծնողներն քչախոս էին, իսկ երեխաները անվերջ հարցեր էին տալիս։ Չնայած մոր պատմությունները վաղուց անգիր գիտեին, սակայն հազարերորդ անգամ մայրը համբերությամբ կրկնում էր սկզբից մինչև վերջ։ Մեկը պապիկն էր, որ իրեն կրակել սովորեցրեց, մյուսը քեռին էր, որ գետում խեղդվեց, մի ուրիշը հարևանուհին էր որ ճիպոտով ծեծել էր իրեն մորի գողանալու համար ու այսպես շարունակ… Չնկատեցին ինչպես անջատվեցին հորից ու թեքվեցին դեպի հակառակ կողմ։
Իսկ հայրը կանգնել էր անշարժ մի գեղեցկուհու գերեզմանաքարի դիմաց։ Նկարիչը վարպետությամբ փոխանցել էր մարմարին օրիորդի քնքույշ դիմագծերը, իսկ վարսերին նայողը կզգար նրանց փափկությնն ու բույրը։ Ժպտում էր դիմացինին կարծես ինքն էլ չիմանալով որ անկենդան ու սառը քար է, ավելի մեծ ցավ պատճառելով դիտողին։
Տղամարդը բոյով, սև մազերի մեջ արդեն տեղ տեղ սպիտակ, նիհարավուն կազմվածքով կանգնել էր նրա դիմաց։ Միշտ երբ գալիս էր այստեղ հիշում ու ապրում էր նույն ցավը, ինչ զգացել է տարիներ առաջ երբ իրեն հասավ Լիլիթի մահվան բոթը։