_Ֆելո՛, այստե՞ղ ես,_մոտեցավ նրան կինը։
Ամուսինը չպատասխանեց։ Չկտրեց հայացքը Լիլիթի աչքերից։ Նարգիզը մոտեցավ քեռու աղջկա շիրիմին ու մոմ վառեց ու խունկ։ Խունկի թարմ բույրը վերադարձրեց Ֆելիքսին այն օրը երբ ընկերներից իմացավ Լիլիթի սպանության մասին։ Սև օր… ահավոր օր… երանի՜ ոչ մի մարդ արարած չունենա նմանը կյանքում։
Երբ վերջիվերջո Լիլիթի մարմինը տվեցին հարազատներին ու նրանք ունեցան հնարավորություն հանձնել նրան հողին, ոտքերը չէին տանում իրեն, իսկ ուղեղը չէր ընդունում այն փաստը որ Լիլոն էլ չկա։ Ո՛չ… ո՛չ և ո՛չ… նա չի կարող մեռնել… բավական չի որ աստված զրկեց նրա սիրուց, այժմ խլում է կյանքը։
Լիլիթի մարմինը եկեղեցում էր՝ այդպես ուզեցել էին ծնողներն ու եղբայրը, ինչպես և որոշել թաղել հարազատ գյուղում։ Կարենին համոզել թե այդպես ճիշտ է։ Գոհարը ուզում էր որ դստեր գերեզմանը մոտիկ լինի, ու ցանկացած պահին կարողանա գալ ու թափել արցունքները վաղամեռ գառնուկի շիրիմին։ Հետո էլ Կարենը դեռ երիտասարդ էր, ու ժամանակ անց անպայման պիտի կազմեր ընտանիք և այլն, և այլն… այն ժամանակ դեռ ոչ մեկ չգիտեր Լիլիթի մահվան իսկական պատճառը, ինչպես և ինքը Ֆելոն։ Խեղճ Կարե՛ն… հիշեց նրա սպանված կերպարանքը երբ ուշ գիշերով մտավ եկեղեցի, մոտեցավ Լիլիթի դագաղին։
Կարենը արթուն էր՝ նստած մենակ։ Նստած էր Լիլոյից մի քիչ հեռու փայտե նստարանին։ Մազակալած դեմքով, աչքերը ուռած արցունքներից, անքուն գիշերներից, հոգնածությունից ու վշտի տառապանքից կոտրված, կորացած մեջքով,գլուխը կախ։ Արդեն ուշ գիշեր էր և հանգուցյալի դեմքը ծածկել էին։ Քայլեր լսելով բարձրացրեց գլուխը, նայեց իրեն ատելությամբ լի հայացքով։
_Կշտացա՞ր… երևի քո անեծքների շնորհիվ հիմա այս օրն եմ ընկել…
Հայացքով ցույց տվեց դագաղը։
Ֆելոն ոչինչ չասաց։ Կարենը միշտ եղել է իր ու Լիլիթի միջև, նույնիսկ հիմա՛ երբ Լիլին էլ չկա։ Անցավ երկու շարք նստարանների միջով ու հավասարվեց այն նստարանին ուր տեղավորվել էր Կարենը։ Արձանացավ տեղում… նայում էր դագաղին ու չէր կարող հավատալ թե ինչպե՞ս իր թանկագին Լիլին կարող է լինել դրա մեջ։ Իր Լիլո՛ն… Լիլիթը՛…
Կարենը ոտքի ելավ, մոտեցավ։ Երևի՞ հարվածելու է։ Բայց ոչ, անցավ իր մոտով ուղղվեց դեպի կնոջ դիակը։ Կռացավ ու գլուխը դրեց նրա գլխին։ Սավանը ձգվեց ու ընդգծեց մեռածի դիմագծերը։
_Լիլիթ Ֆելոդ եկել է… միշտ պաշտպանել ես նրան… չնեղացնես նրան… նա լավ տղա է… բարձրացի, ոտքի կանգնի մի տանջի ոչ ինձ, ոչ էլ նրան….
Կարենի աչքերը լցվեցին արցունքներով։
_Ասում էիր նա իմ փոքր ախպերնա… Լիլո՛, ձայն հանի… աղաչում եմ… ես չեմ դիմանա այս ցավին… գթա ինձ…դու միշտ էլ անչափ բարի ես եղել… այս անգամ էլ եղիր…
Նա լռեց։ Ուսերը ցցվում էին հեցկլտոցից։
Ֆելիքսը կանգնել էր նրա մեջքին անխոս։ Շրջապատող իրականությունը իրեն հեքիաթ էր թվում։ Բայց սա հեքիաթ չէր, սա մղձավանջային երա՛զ էր, որ տանջում էր ու չէր ավարտվում։ Կարենը ոտքի կանգնեց, դարձավ դեպի եկվորը.
_Արի, մոտեցիր… մոռացիր այն ամենը ինչ ասել եմ քեզ… Լիլին միշտ էլ հիշել է քեզ ու ասել միայն լավը…
Ֆելիքսը մոտեցավ։ Այնպես էլ չէր կարողանում գոնե մի ծպտուն անգամ հանել։
_Մենք չունենք բաժանելու ոչինչ… ու չենք էլ ունեցել… դու մնա… ես էլ չեմ դիմանում… չեմ կարող տեսնել նրան այսպես, դուրս գամ մաքուր օդ շնչեմ… եթե ուզես, կարող ես բացել դեմքը, նայել նախկին սիրուդ…
Ու Կարենը դուրս եկավ։ Ֆելիքսը նրա խոսքերի մեջ նախատինք ու փուշ էր զգում, եթե ինքը դեռ չէր կորցրել զգալու հատկությունը… նախկին սիրուդ… հիմար տղա… Ֆելոյի համար նախկին չի, այլ ներկայի ու ապագայի, հուր հավիտյան մինչև սրտի վերջին զարկը։
Մնաց Լիլիթի հետ մեն մենակ։ Երկար նայեց սավանով ծածկված մարմնին, բայց չհամարձակվեց բացել ու տեսնել սիրելի դեմքը մեռած։ Դեռ հավատում էր թե դա սուտ է։
Նստեց ու ակնապիշ նայում էր դագաղին։ Եկեղեցու բոլոր լույսերը հանգցրել էին թողել միայն միայն մեկը։ Խավարի մեջ դագաղը ավելի սոսկալի տպավորություն էր թողնում Ֆելոյի վրա։ Նրա աչքերից նույնիսկ մի կաթիլ արցունք դուրս չեկավ երբ իմացավ Լիլիթի մահվան մասին, ու նույնիսկ հիմա երբ կանգնած էր նրա դագաղի մոտ։ Չէր տեսել մահացած ու չէր ընդունում մահը։ Այսպես նստեց բավական երկար ժամանակ։ Սակայն այնպես էլ ուժ չէր գտնում մոտենալ ու ծածկոցը ետ անել։ Ահավոր էր….
Վերջապես որոշեց տեսնել այն չքնաղ էակին որ արևն էր իր կյանքում, ում սիրել ու փայփայել է հոգու խորքում նույնիսկ նրա ամուսնանալուց հետո, բայց երբեք չի փնտրել հանդիպում, որ չխավարի նրա երջանկությունը։ Ծանր շունչ առնելով ու կրծքից դուրս ելնող սրտով՝ բռնեց կտորի փեշը ու քաշեց ետ։ Բացված տեսարանը իրեն քիչ մնաց գժվեցներ։ Որովհետեւ միայն խելագարը կդիմանար այն ցավին որ համակեց իրեն ու խոցեց մինչև սրտի խորքը ու ոչնչացրեց ողջ էությունը։ Ինքը պատրաստ չէր։ Երանի՜ կուրանար ու չտեսներ այդ աչքերը փակ, շրթունքներն անշարժ, սպիտակ մաշկը կապտած, կորցրած կենդանի փայլն ու անզգա։ Դաժան հարված էր… Ափ ընկած ձկան նման բացուխուփ արեց բերանը։ Օդը չէր հերիքում։ Անձայն գոռաց, մռնչաց կատաղած ցուլի նման։ Նրա շրթունքները դողում էին ու մրմնջում ինչ որ կցկտուր վանկեր, նման այն զարհուրելի կոկորդային խրռոցներին որ դուրս են գալիս խեղդվողներից, երբ նրանք արդեն անգիտակից սուզվում են դեպի անհայտություն։ Երիտասարդը ցանկանում էր մեռնել, չտեսնել այս ամենը։ Թող անիծվեն սրիկաները որ խլեցին Լիլոյի կյանքը։ Անաստվածնե՜ր… ոչնչացրիք մի հրաշք մարդու, ով արժանի չէր նման վախճանի։ Ֆելիքսը ձեզ ոչնչացնելու է։ Փոշի եք դառնալու։ Հիմարներ… միայն մահը փրկություն է ձեր համար։