Ուշքը գնում էր, պղտոր աչքերը հառել էր անկենդան դեմքին։
_Լիլի՜թ,_ վերջապես լեզուն կարողացավ արտասանել այդ բաղձալի անունը։ Դա ոչ շշուկ էր, ոչ էլ գոռոց, այլ նման էր այն կանչին որ դուրս էր գալիս իր բերանից երբ գնում էին դասի։ Ու Լիլոն անում էր.« հա, քաղաքացի»։ Սակայն այս Լիլին ձայն չհանեց։
Ակնապիշ նայում էր, նայում, մինչև խոնավացած աչքերից հոսեցին արցունքները ու ատամները սեղմեց որ չգոռա, բռունցքների մեջ ճզմելով սավանը։
_Լիլո՜,_դառնությամբ հեկեկաց։ Միայն հիմա տեսնելով անշունչ դեմքը նա հասկացավ, որ իրոք էլ Լիլի՛ չկա՛ ու չի՛ լինի։ Այն բարի սիրտը որ լույս ու ջերմություն էր արձակում էլ չի բաբախում։
_Լիլո՜… Լիլո՜… չեմ ուզում հավատալ… սա ինչ սև ճակատագիր էր…
Քաշեց սավանը, մինչև բացվեցին իրար վրա դրված ձեռքերը։
_Իմ Լիլո՛… Լիլիթս…
Կապույտ շոր էին հագցրել։ Երկար մազերը խնամքով դասավորել էին որպես պսակ, միայն ծաղիկներն էին պակասում որ հրաշք դիցուհու տեսքը կատարյալ լիներ։ Սակայն Ֆելոյի համար Լիլիթը միշտ էլ կատարյալ էր։ Այնպես էլ չհամարձակվեց դիպչել նրան։ Ինքը չի դիպչում ուրիշի կնոջը…. Թույլ չի տալիս իրեն սիրել ուրիշի կնոջը… տեր աստված խոստանում եմ երբեք չնայել Լիլոյի կողմ, չմտածել նրա մասին, երբեք չեմ արտասանի անունը, միայն թե այնպես արա որ Լիլին կենդանի լինի, միայն թե նա ապրի… բայց չկար ոչ մի ճար ու հնարավորություն ետ դարձնել ժամանակը։ Երիտասարդը պատրաստ էր տալ ամեն ի՛նչ, նույնիսկ սեփական կյանքը…
_Լիլիթ քո հարսանիքի օրը ասացի թե ջարդուփշուր արիր սիրտս,_կուլ տվեց արցունքները ու դեմքը մոտեցրեց Լիլիթի դեմքին._սուտ եմ ասել…այստեղ դեռ կար քեզ սիրող սիրտ…
Ծեծեց կուրծքը։ Օրորվեց ու բղավեց.
_Հիմա չկա… ա՛յ, հիմա՛ այն ջարդուփշուր է… ա՛յ, հիմա ես իսկապես սիրտ չունեմ… վառեցիր խանձեցիր… դատարկ է… Երկու տարի է քեզ չէի տեսել… ինչի՞ համար… որ գամ դագաղում քեզ տեսնեմ… որ գամ թաղմա՜նդ…
Ետուառաջ գնաց։ Քանի քանի անգամ հույսով նայեց մահացածի կողմ, թե դա տեսիլք է, ծնված իր բորբոքված երևակայությունից։ Ցավոք սրտի անիծված արկղը չէր կորչում, ու Լիլիթը չէր կանգնում ոտքի։ Ցավը սեղմում էր կոկորդը։ Սիրտը կտոր-կտոր էր լինում։ Մոտեցավ Լիլիթին, գորովալից հայացքը հառեց անկենդան մարմնին բռնեց սառը ձեռքը։ Փշաքաղվեց, բայց բաց չթողեց։ Ափերի մեջ պահեց ու սեղմեց շրթունքներին։ Արցունքները թափվեցին Լիլիթի մատներին։ Զգուշությամբ սրբեց, կռացավ նորից համբուրեց.
_Լիլիթ միշտ կմնաս իմ սրտում։ Մի օր այնտեղ,_մատը վերև արեց._երկնքում… մենք կհանդիպենք ու դու նորից կժպտաս ինձ… այս անգամ էլ բաց չեմ թողնի քո ձեռքը, ոչ էլ կզիջեմ ուրիշին…եթե հակաճառես կփախցնեմ… քեզ կյանքից շատ եմ սիրել,_արցունքների նոր ալիք եկավ։ Թողավ ձեռքը։ Եվ արտասվում էր և կարգի բերում սավանը։ Ծածկեց Լիլիթի ձեռքերը։ Ու արդեն սավանի վերևից դրեց ափը Լիլիթի ձեռքերին նայեց մարմար դեմքին։
_Հիշում ես մի օր ասացիր որ չես ուզում հավատալ որ մարդու մահից հետո ոչինչ չի մնում…. Միայն մի բուռ հող… ասում էիր, հավատում ես որ մահից հետո էլ կա՛ կյանք… չես ուզում հավատա՛լ որ չկա… երբ հարցրի ինչու՞, պատասխանեցիր թե հանուն նրանց ով մեր հետ չի… չես ուզում որ անհետ կորեն կարծես երբեք գոյություն չեն ունեցել… հիմա ե՛ս եմ քեզ ասում, հավատում եմ որ սա վերջը չի… ու սահմանից այն կողմ՝ մյուս կյանքում, խոստանում եմ ծնվել քեզանից մի քանի տարով մեծ ու գյուղում, ու դու կնվիրես քո սիրտը ինձ, բարի ու հոգատար…
Երկար խոսեց, ասաց այն ամենը ինչ կուտակվել էր այս ընթացքում։
_Լիլո՛, չեմ կարող հավատալ որ այլևս ձայնդ չեմ լսելու, չեմ տեսնելու քո ժպիտը,_լռեց սրբեց արցունքները, շարունակեց խռպոտ ձայնով._գիտե՞ս, երբ ամուսնացար, խոստացա ինքս ինձ որ երբե՛ք չպիտի փնտրեմ քեզ, կպոկեմ ու դեն նետեմ սրտիցս… նույնիսկ սիրտս կպոկեմ եթե անհրաժեշտ լինի,_տխուր ժպիտ հայտնվեց նրա հուզված դեմքին,_ու երբ մեղրամսից դուք վերադարձաք, ու զանգեցիր ինձ չբարձրացրի հեռախոսը…. Ա՜խ, ինչ ցավոտ հիշել հիմա այդ… գոնե վերջին անգամ լսած կլինեյի քո ձայնը… եթե իմանայի… սակայն այն ժամանակ գրեցի. «Ես ուրիշի կնոջ սիրողներից չեմ»։ Ապուշ… հիմար տղա՛… ա՜խ, ա՜խ… ուզում էի ցույց տալ որ նեղացել եմ, խռովել… երեխայությու՜ն… հիմա գլխիս եմ խփում, օգուտ չկա… քանի անգամ եմ վերցրել հեռախոսը ձեռքս հավաքել համարդ ու նայել վրան… մխիթարվում էի… գոնե այդպես ուզեցել եմ մեղմել իմ կորուստը…բա հիմա ի՞նչ եմ անելու…
Խոսում էր ու ուշադիր նայում սիրելի դեմքին։ Սպասում արձագանք ու պատասխան։ Բայց ոչ մի մկան չշարժվեց ու ստվեր չխաղաց։