Выбрать главу

_Լիլո, ուզում էի գալ տեսնել քեզ… տենչում գեթ մի անգամ լսել անուշիկ ձայնդ… տեսնել սիրուն դեմքդ…ա՜խ… Լիլի՜… չէի ուզում մաքուր անունդ վարկաբեկել… բոլորն էլ գիտեին որ խենթանում եմ քեզ համար…ավելորդ խոսակցությունները կարող էին խախտել քո ընտանեկան երջանկությունը… հետո հպարտությունս չէր թողնում… սաստիկ նեղացել էի որ ինձ չսիրեցիր, ընտրեցիր Կարենին… նույնիսկ մի անգամ հայհոյել եմ ձեր հասցեին, անիծել այն օրը երբ ծանոթացա քո հետ, անիծել այն օրը երբ Կարենը հայտնվեցավ քո կյանքում,_լռեց շունչ քաշեց,_հետո պատահական իմացա որ երեխա չունեք ու խնդիրներ ունեք դրա հետ կապված… սկզբում ուրախացա, մտածեցի, լավ եղավ, եթե իմ հետ ամուսնանայիր երեխա հաստատ կունենայիր։ Ասում էի աստված պատժեց… բայց… ժամանակ անց երբ սերը քո հանդեպ հաղթեց սիրտս լցված չարին, խորտակված էի… զղջացի բոլոր անեծքների համար… մոմ եմ վառել, ներողություն խնդրել… աստծուց բալիկ եմ աղերսել ձեր համար… ե՛ս ձե՛ր համար… Լիլո՛… չդիմացա… քո ամուսնությանը մի կերպ դիմացա, խանդից տառապում էի, բայց տարի խաչս… սակայն այն որ աստված զրկում է քեզ մայրանալու բերկրանքից… դա անընդունելի էր… քանի մոմ եմ վառել… Մի անգամ նույնիսկ քեզ եմ նկատել եկեղեցում։ Բայց դու ինձ չտեսար…

Շրջեց գլուխը դեպի պատից կախված ամենափրկիչը։

_Դու՛ տեսել ես ինչպես ես պահվեցի… ծածուկ հետևում էի,_նորից մեխեց հայացքը Լիլիթի դեմքին,_այո, նա գիտի… առաջին անգամն էր որ տեսա քեզ հարսանիքից հետո։ Մի տարի անց… ի՜նչ տարի՛… մղձավանջային երազ… դու նույնն էիր, գուցե ավելի գեղեցիկ ու վսեմ… մենակ էիր… ա՜խ Լիլո, չմոտեցա չբարևեցի ու ձայնդ էլ երբեք չլսեցի… հպարտ էի ձևանում… հիմա՛ր, անուղեղ… հետո քանի անգամ եմ պատկերացրել եմ որ մոտեցել եմ խոսել, իմացել որպիսությունդ….

Ֆելոն խոսում էր ու խոսում, բաղձանքով հառում աչքերը Լիլիին ու ապարդյուն սպասում պատասխան։

_Երանի՜ ձայնդ մի անգամ էլ լսեի… թող անիծվեն վիժվածքները որ խլեցին քեզ մեզնից… շանսատակ եմ անելու դրանց… կենդանի թաղելու եմ… եթե մինչև այս կորցրել էի իմաստը ապրելու, ապա հիմա, հակառակը պիտի ապրեմ որ գտնեմ ու սատկացնե՛մ դրանց։

Հանկարծ ոտնաձայններ լսեց։ Կարենը եկավ։

_Դե՛ռ այստե՞ղ ես…

Ֆելիքսը իսկույն սրբեց արտասուքը ու սեղմեց շրթունքները։

_Մի բառ անգամ չասացիր, Ֆելո՛…

_Ի՞նչ ասեմ,_փղկձաց երիտասարդը։ Խառնվել էին բոլոր զգացմունքները՝ առաջին սիրո կորուստը, Լիլիթի սպանությունը, ու ամոթ որ ամուսնու առջև արցունքներ է թափում մահացած կնոջ վերաբերյալ։ Գնաց նստեց նստարանին ու ծածկեց երեսը ափերով։ Սակայն չդադարեց արտասվել։ Դատարկվել էր մեջը, անիմաստ կենդանություն։

Կարենը կրծեց շրթունքները։ Մի ուրիշ անգամ երևի կհարվածեր այս լակոտին, որին երբեք լուրջ չի վերաբերվել, սակայն հիմա զգաց միայն կարեկցանք այդ տղայի նկատմամբ։ Նա իրենից փոքր էր տասը տարով։ Ու միշտ էլ երեխայի տեղ է դրել նրան։ Լիլիթը կրկնում էր. «Մի նեղացնի նրան… նա փոքր է…»։ Կարենին թվաց թե գլխի մեջի ձայնը խոսում է կնոջ ձայնով։ Քարշ եկավ կնոջ դիակի մոտ։ Ձեռքը դրեց հանգուցյալի գլխին, ապա ձգվեց համբուրեց ճակատը։ Այդ պահին Ֆելիքսը բարձրացրեց աչքերը ու տեսավ ինչպես Կարենը շշնջաց ինչ որ բան Լիլիթի ականջին հետո քաշեց սավանը ու ծածկեց երեսը։

«Այդ Կարենը միշտ կանգնել էր մեր միջև… նույնիսկ հիմա»։ Վերջին անգամ հայացքը գցեց դագաղի կողմ ու դուրս եկավ առանց ետ նայելու։

Ու հիմա կանգնած Լիլիթի շիրիմի մոտ նորից ապրեց այն ցավն ու տառապանքը, որ դեռ ծխում էին ու չէին մարում։ Քանի՜ երկար տարի ապրել է վիշտը սրտում։ Քանի՜ անգամ մտքում պտտել է թաղման օրը, ինչպես ցավից գոռում ու աղաղակում էր Գոհարը, արցունքները աչքերին համբուրեց քրոջ ճակատը Վարուժանը, իսկ հայրը չեկավ հուղարկավորությանը, վատ էր զգում իրեն ու բժշկի հսկողության տակ մնացել էր տանը։ Իսկ Կարենը՜… ցավալի տեսարան էր երբ նա մոտեցավ դագաղին։ Չկան բառեր որ արտահայտեն նրա վիճակը։ Խեղճ մարդ… ցավագարի տպավորություն էր թողնում, պղտոր հայացքով նայեց Լիլիթին ու եթե մայրը չօգներ չէր կարողանա բաժանվել նրանից։ Իսկ ինքը՜… ո՞վ էր որ իրավունք ունենար մոտենալ… օ՜ ի՜նչ էր զգում ամբողջ մարմնով երբ սավանը քաշեցին Լիլոյի դեմքին ու կափարիչով ծածկեցին դագաղը… Այդ մեխերը իր դագաղին էին խփում… մեկ-մեկ, թխկ-թխկ, ինքը մեջից լսում էր, տեսնում ինչպես կորավ արևի լույսը, ինքը այնտեղ էր Լիլոյի կողքը պառկած, մի դիակ էլ ինքն էր, այն օրը սպանել էին իրենց երկուսին։

_Ֆելո,_Նարգիզը մտավ նրա թևը։

Դեմքը դարձրեց կնոջ կողմ ու գրկեց մի ձեռքով։

_Երբ գալիս ես այստեղ իսկույն փոխվում ես։

_Նարգի՜զ…

_Չեմ հարցնում մտածում ես Լիլոյի մասին թե ոչ, որովհետև պատասխանը ակնհայտ է,_կինը տխուր ժպտաց։

_Սիրելիս, ես երբեք…

_Գիտեմ,_կտրեց նրան կինը։

Այսպես գրկախառնված կանգնել էին Լիլիթի շիրիմի առաջ։

Տասնհինգ տարի է ինչ ամուսնացել էին։ Երջանի՞կ էին։ Ֆելիքսը դժվարությամբ էր ընդունել այդ որոշումը։ Լիլիթից հետո ոչ մեկի վրա չէր նայել։ Կյանքը կորցրել էր գույները, դարձել մոխրագույն ու մռայլ։ Ու այդ դժգույն ներկայի մեջ ջերմացնում էին միայն հուշերը առաջին սիրո մասին։