_Լիլո, սխալ ես….
_Դու անլուրջ ես,_օրիորդը տեսավ ինչպես մարեցին այն չար կրակները, որ տարիներ առաջ տեսել էր ընկեր Ազնավուրյանի դասաժամին։ Փոշմանեց որ այսքան ժամանակ չի մերժել ու կտրականապես հեռացրել Ֆելոյին։ Հիմա ստացվում է որ մեղավոր է… բայց չէ որ միշտ էլ ասել է որ վերաբերվում է նրան ինչպես եղբորը,_ես սիրել ու սիրում եմ քո բնավորությունը, կատակներն ու մաքուր սիրտը…
_Բայց չես սիրում այն սիրով որ հարկավոր է ինձ…
Լիլիթը անկախ իրենից մղվեց առաջ ու գրկեց Ֆելոյին։
_Դու դեռ կսիրես ու կլինես երջանիկ։ Դու արժանի ես դրան։ Ես քեզ սիրում եմ ինչպես հարազատ եղբորս։
_Լիլիթ մի արա… այսպես ավելի շատ ես ցավեցնում։
Վանեց օրիորդին։
_Ֆելո՛…
_Լիլո՛…
Երիտասարդը հուզված բռնեց օրիորդի ձեռքերը։
_Աղաչում եմ, Լիլի՛թ, մի ամուսնանա նրա հետ…
_Ֆելիքս ես սիրու՛մ եմ Կարենին, իսկ ինքը՝ ի՛նձ։ Չեմ ուզում որ մեր ընկերությունը վերջանա… բայց եթե կանգնեմ ընտրության առաջ… ապա…
Պատասխանն ակնհայտ էր։ Ֆելիքսի շրթունքները դողացին, հազիվ պահեց արցունքները։ Մեջքով դարձավ դեպի օրիորդը։ Ապա նստեց մոտակա նստարանին ու բռնեց գլուխը։ Լիլիթը կանգնած էր անորոշության մեջ։ Ի՞նչ անել… հեռանա՞լ… թե մնալ… գուցե իր ներկայությանը ավելի դաժան է քան բացակայությունը։
_Արդեն ուշ է… գնա տուն… թե չէ Կարենդ կզանգի կհարցնի «ու՞ր ես», իսկ դու կասես «պուրակում Ֆելոյի հետ եմ»։ Անհարմար է, կնեղանա։
_Ֆելիքս, մի սկսի,_նստեց երիտասարդի կողքը,_ իմիջիայլոց նա քեզ էլ սիրում… շատ կապվել է քո հետ…
_Շատ մերսի,_ծաղրանքով արտասանեց Ֆելոն։ Տխուր ծիծաղեց ու ետ նստեց։ Նայեց կողքը շվարած օրիորդի տխուր դեմքին,_գնա տուն, Լիլո՛, թող ես մտածեմ։
Լիլիթը երկար նայեց նրա աչքերի մեջ։ Զգում էր որ կորցնում է ընկերոջը, մի մարդու որ վաղուց դարձել էր հարազատ։
Ու Լիլիթը գնաց։
Գնաց մորմոքը սրտում, հառաչելով։ Ինչու՞ այդքան մոտեցրեց այդ տղային իրեն։ Չէ որ նա կրկնում էր որ սիրում է, իսկ ինքը երբեք լուրջ չէր ընդունում։ Ափսոսաց բոլոր կատակների ու հիմարությունների համար որ դուրս էր տալիս։ Քանի-քանի՜ անգամ թևն է մտել ու ասել որ իրենք հիանալի զույգ են, մի օր կամուսնանան ու կունենան մի աղջիկ անունը Անթառամ։ «Նախնադարյան անուն» ասում էր Ֆելոն։ «Ո՛չ» բռունցքով խփեց ինքը նրա ուսին։ Մեր աղջիկը կլինի շատ գեղեցիկ՝ անունի նման։ Ֆելոն ժպտում էր։ Իսկ քանի անգամ այս կամ այն երիտասարդին ծածուկ ցույց տալով, հարցնում էր.«ո՞նց է այդ ասպետը»։ Ֆելոն ծիծաղում էր ու ասում.«Դու միայն իմն ես»։ Համալսարանում բոլորը արդեն սովոր էին տեսնել նրանց ամեն տեղ միասին։ Երբեմն նույնիսկ դասախոսները հանաք էին անում թե վերջացնելու են նրանց հարսանիքով։ Լիլիթը ինքն էլ կողք էր դնում փշերն ու լրջությունը, ծիծաղում թե եթե Ֆելիքսը իրենից փոքր չլիներ, ապա ինքը կփախցներ նրան։ Հիմա մտածում էր, չպետք էր այդքան ջրիկանալ ու ավելորդ բաներ ասել։ Ինքը լուրջ չի ընդունել այդ տղային ու ոչ մի ապագա այն էլ ամուսնակա՛ն, չի կապել նրա հետ։ Ու հիմա ստացվում է վիրավորել է մի երիտասարդի զգացմունքները, ում միշտ երեխա է համարել։ Լիլիթ ի՞նչ արիր… Զղջում էր ամեն մի կոպիտ խոսքի համար որ ասել է, ամեն մի «Ես քեզ սիրում եմ խճճված դմբոյ»-ի համար։ Փոշմանեց…. Երանի շուտով հանդիպի ու սիրի, սիրի՛ այնպես, որ զգացմունքները իր հանդեպ դառնան փոշի ու ոչնչություն։ Թող երջանիկ լինի… որ իր երջանկությունն էլ լինի ամբողջական։
Հաջորդ օրերին Ֆելիքսը դարձավ նույն Ֆելոն։ Լիլիթին թվաց թե վերջապես ընդունեց Կարենի գոյության փաստը։ Բայց նրա կատակները կորցրել էին սովորական սրամտությունը։ Դասերին անուշադիր էր, թախծոտ հայացքը բարձրացնում հատակից։
Որոշվեց նշանդրեքի օրը։ Լիլիթը տագնապի մեջ էր։ Տանը մեծ եռուզեռ էր։ Շտապում էին։ Այնքան բան էր հարկավոր անել։
_Բա Ֆելոյին չպիտի՞ հրավիրես,_հարցրեց մայրը։
_Ֆելոյի՞ն…
Լիլիթի զվարթ դեմքը մթնեց։ Ի՞նչ կասի Ֆելոն երբ իմանա։ Երկու օր կշռում էր ինչպես ասել։ Մինչև Ֆելիքսը ինքը չզանգեց.
_Լսել եմ, քեզ պետք է շնորհավորել…
_Ֆելո՜… ես ուզու՜մ էի ասել…
_Կարենդ երևի յոթերորդ երկնքում է… վայելելու եմ չքնաղ դիցուհու սերը…
_Ինչու՞ ես այդպես խոսում…
_Բա ի՛նչ ասեմ… խաղալի՞ք էի քեզ համար…
_Ի՞նչ ես խոսում… հարբե՞լ ես….
_Այո՛… քո սիրուց եմ արբել… այսքան ժամանակ… Լիլո՜, այսքա՜ն ժամանակ… ես քեզ խոստովանել եմ ամեն ինչ առաջին օրվանից… մի՞թե այս ընթացքում չսիրեցիր ինձ… մի՞թե համակրանքի ոչ մի հույս անգամ չկա… Լիլի՜, Լիլի՜… առանց դանակ մորթում ես…
Լիլիթը զգաց որ հուզմունքից երիտասարդը չի կարող շարունակել։ Ինքն էլ չգիտեր ինչ ասել։ Խոր հոգոց հանեց։ Երկար լուռ էին երկուսն էլ։ Արդեն ասվել էին բոլոր խոսքերը։ Վերջապես Ֆելոն խզեց լռությունը.
_Աշխարհն էլ շուռ գա իմացիր, սիրում եմ ու կսիրեմ միշտ։
_Կներես,_հազիվ կարողացավ արտասանել օրիորդը։
Սրանից հետո նրանց հարաբերությունները սառեցին։ Ասել սառեցին սուտ էր, որովհետև Լիլիթի համար նա մնացել էր նույն կարևոր մարդը։ Իսկ Ֆելոյի համար չգիտեր… նրա վրա նայել չէր լինում։ Ուրվականի նման մտնում էր համալսարան, ու նույն ուրվականի նման դուրս գալիս։