Լիլիթի աչքերը խոշորացան զայրույթից, անհանգիստ շունչ քաշեց։ Ու՞մ տեղն է դրել իրեն այս մեկը։
_Հեռու՛… հեռու մնացեք… վայրկյան անգամ չեմ մնա այստեղ,_հապշտապ հավաքեց իրերը ու ուղղվեց դեպի ելք։
_Ու՞ր,_բղավեց Կարապետը ու նետվեց նրա հետևից բռնեց ձեռքից։ Քարշ տվեց ետ։
_Ի՞նչ ես կոտրատվում… թանկացնում քեզ։ Մի ստիպի ինձ անել այն ինչը չեմ ուզում։
Մի ձեռքով գրկեց Լիլիթին, մյուսով՝ ամուր բռնեց ծոծրակից, մատները խրվեցին Լիլիթի մազերի մեջ ու խիստ ցավ պատճառեցին։
_Բաց թողեք պարոն Նազարյան,_Լիլիթը ճանկեց նրա երեսը։ Ու աշխատեց ազատվել։
_Մի դիմադրի Լիլիթ,_Նազարյանը ձգվեց որ համբուրի։
Լիլիթը ինչ ուժ ուներ հրեց նրան, բայց թափից քիչ մնաց ընկներ, հազիվ պահեց հավասարակշռությունը։ Կարապետը ինքն էլ քիչ մնաց փռվեր գետնին։ Բայց մնաց ոտքի վրա։
_Լիլիթ, մի դիմադրի… ես առատ կվճարեմ… թե չե ի՞նչ ես ուզում, ամեն ինչ ոտքերիդ տակ կգցեմ… ամբողջ աշխարհը նույնիսկ… քո նման գեղեցկուհին արժանի է ավելիին քան քարտուղարուհու պաշտոնը…_ շարժվեց դեպի Լիլիթը։ Վերջինս մնաց անորոշության մեջ։ Նազարյանը իր ու դռան միջև էր։ Ինչպե՞ս դուրս պրծնել։ Աշխատասեղանից վերցրեց մատիտ սրելու դանակը։ Պարզեց առաջ։
_Չմոտենաք ինձ…
_Թե չե ի՞նչ…
Նազարյանը քմծիծաղ տվեց։
_Պարոն Նազարյան, դուք մարդ եք թե գազան… ոչ գազանը իրեն այսպես չի պահում… ստոր արարած… ես կպատմեմ ամեն ինչ ամուսնուս…
_Ու կդիմես ոստիկանություն,_ծաղրանքով արտասանեց Կարապետը։
_Ես հանաք չեմ անում… մի մտածեք որ փողը որոշում է ամեն ինչ։ Ուրեմն ճանապարհ տվեք… հեռու՛ գնացեք, թե չե կսպանեմ ձեզ։
Այս խոսքերի վրա Նազարյանը հարձակվեց ու խլեց դանակը Լիլիթի ձեռքից, ապա մի ուժեղ ապտակ հասցրեց։ Լիլիթը փռվեց հատակին։ Աչքերը մթնեցին։
_Տո գիտես քեզ ինչ կանեմ,_Նազարյանը մեկ քաշելուց ոտքի հանեց Լիլիթին։ Հարվածի ուժից դեռ իրեն չհավաքած օրիորդը, մի քանի վայրկյան կարծես խլացած ու շշմած էր, պղտոր հայացքով նայեց Կարապետին։ Ու եթե Նազարյանը չբռներ նրա ուսերից, ապա հազիվ թե կարողանար մնալ ոտքի վրա։ Կարապետը մեղմացավ երբ տեսավ նրա վիճակը։ Ետ արեց Լիլիթի խճճված մազերը ու հնարավորինս չափ քնքույշ խնդրեց.
_Լիլիթ, գիտես դու ես ամեն ինչ որոշում։ Զոռով է լինելու, թե քո կամքով։
Պատրաստվեց գրկել, սակայն Լիլիթը պատասխանեց նրան այնպե՛ս որ Կարապետը կատաղեց, թքեց նրա երեսին։ Նազարյանը սպիտակեց ջղայնանությունից։
_Երբեք ոչ մեկը չի պատասխանել ինձ այսպես…
_Ինչպես և ոչ մեկ չի հանդգնել պահել իրեն նման կերպով իմ հանդեպ անասուն,_պատասխանեց դիմացինը ու ճիգ արեց պոկվեց,_ամուսինս ձեզ կսպանի։
Լիլիթը ճանկեց հատակից պայուսակը ու վազեց դեպի ելք։ Սակայն զայրույթից մոլեգնած Նազարյանը ցատկեց նրա հետևից ու բռնեց վերնաշապիկից ու քաշեց դեպի իրեն։ Լիլիթը թափով առաջ մղվեց ու պոկվեց։ Բայց անհաջող քայլ արեց սայթակեց ու ընկավ գլուխը սեղանին խփելով։
_Ես քեզ ցույց կտամ… այնպես ցույց տամ որ աչքերդ բացվեն ու չփակվեն։
Լիլիթը մնացել էր բերնցքիվայր ընկած։ Անշարժ էր։ Կարապետը հաղթական նայեց ու գոհ ժպտաց։
_Ի՞նչ եղավ… ինչու՞ էլ չես ծվծվում…. Մի՜… բաց թո՜ղ,_տնազ տվեց ու ծիծաղեց։
Սակայն նորից ոչ մի պատասխան։ Սիրտը կասկած մտավ։ Լրջացավ, կռացավ տապալվածի վրա.
_Լիլիթ,_ ետ արեց մազերը ու տեսավ բաց աչքերի մարած հայացքը,_Լիլի՜թ…
Արագ դարձրեց նրան մեջքի վրա։ Տեսավ քունքին փոքրիկ մի վերք։ Սեղանի սրուցքին էր խփել։
_Աստված իմ… այս ի՞նչ արի…
Լիլիթը անշարժ ու անշունչ էր։ Բռնեց օրիորդի տաք ձեռքերը, ապա շփեց երեսը։ Ապարդյուն ջանք։ Լիլիթը մեռած էր։ Կարապետը մնաց ծնկաչոք ու քարացած։
Երբ ոստիկանը Լիլիթի մահվան լուրը հայտնեց Կարենին… հետո օրեր անց Կարենը ասում էր. «Ավելի լավ է մի ծանր բան խփեին գլխիս, մեռնեի, չլսեի…»։ Իսկ լսած վայրկյանում նա չհասկացավ… չուզեց հասկանալ… չընդունեց… դա մի վատ կատակ է կամ թյուրիմացություն… իր Լիլիթը չի կարող մահանալ, անհնար է… մեկի չար կատակն է…
Լիլիթի մարմինը գտել էին գիշերը փողոցում։ Կողոպտել էին ու սպանել։ Մոտը եղած փաստաթղթերի միջոցով պարզել թե ով է ու գտել հարազատներին։
Երբ Լիլիթը ուշացավ, Կարենը զանգեց։ Զանգեց նորից ու նորից։ Հետո գնաց ընդառաջ։ Լիլո չկար։ Եկավ նրա աշխատանքի տեղը։ Բարձրացավ աշխատասենյակ։ Ոչ մեկ չկար։ Ու դռները բաց էին։ Զարմանալի էր։ Նայեց նրա անկյունին։ Սեղանին ամեն ինչ կարգով շարված էր։ Լիլիթը սիրում էր կարգ ու կանոն։ Ժպտաց։ Նորից զանգեց կնոջը ու նորից՝ անպատասխան։ Ու՞ր է իր Լիլոն։ Գնաց դեպի դուռը։ Ոտքի տակ ընկավ մի բան։ Ի՞նչ էր։ Կոճակ։ Կռացավ բարձրացրեց.
_Սա Լիլոյի վերնաշապիկի կոճակն չի՞։ Չհասկացա…
Կարենը նայեց շուրջը։ Ոչ մի տարօրինակ բան չկար։ Սեղմեց կոճակը բռունցքի մեջ ու դուրս եկավ։
Մինչև ուշ գիշեր փնտրում էր Լիլիթին։ Շրջեց բոլոր ուղիներով որոնցով գնում գալիս էր կինը։ Զանգեց Վարուժանին, բայց նա էլ չգիտեր քրոջ տեղը։ Տեղ չէր գտնում։ Ու այդպես մինչև առավոտ։ Ինքը քուն չեղավ ու մորն էլ չթողեց։ Ի՞նչ կարող էր պատահել։ Գուցե վատ է զգացել իրեն կամ ուրիշին է օգնություն անհրաժեշտ եղել։ Բայց չէ որ կզանգեր։ Լիլոն միշտ տեղեկացնում էր պլանների ամեն փոփոխության մասին։ Ետուառաջ էր գնում հյուրասենյակում։ Մայրը աշխատում էր հանգստացնել, վանել սև մտքերը։ Լույսը բացվելուն պես վազեց նորից Լիլիթի աշխատանքի տեղը։ Նա չկար։ Իսկ պետը տեղն էր։ Տեսնելով Կարենին ցցվեց ու գունատվեց։ Բայց կնոջ բացակայությամբ հուզված ամուսինը դա չնկատեց։