_Կառլե՛ն, արդեն չափն անցնում ես։ Ինչե՛ր ես խոսում։ Ես ամաչեցի լսել այս ամենը, դու չամաչեցի՞ր ասել…
Սանամը կարմրեց մինչև ականջների ծայրը։ Ինքն էլ զգում էր որ վառվում է ջերմությունից ոչ միայն երեսը, այլև՝ մարմինը։
_Սանա՛մ, ճիշտն ասած ես քեզ ուրիշ թեմայի շուրջ ուզում էի մի քանի հարց տալ։ Բայց մտափոխվեցի,_Կառլենը խորը շունչ քաշեց ու առավ դեմքը ափերի մեջ, առաջ ձգվեց ու հենվեց ծնկներին,_Սանա՛մ, աշխարհը․․․ մարդիկ․․․ շատ խաբուսիկ են։ Իմացիր, չես կարող հավատալ ոչ մեկին։ Երբեմն նույնիսկ հարազատներիդ… չես պատկերացնում ինչ հրեշներ գոյություն ունեն…
Կառլենը զոռով զսպեց, որ չասի մեկն էլ ես եմ։ Ձեռքերը ետ տարավ երեսից, բռնեց գլուխը.
_Սանա՛մ, զգույշ եղիր, խնդրում եմ։
Ոտքի կանգնեց։ Մոտեցավ քրոջը, համբուրեց նրա գլուխը ու շշնջաց.
_Ես քո համար մարդ կսպանեմ։
Ու դուրս եկավ ննջասենյակից։
Կառլենը անցկացրեց լարված մի շաբաթ։ Հոր հետ անդադար վեճեր, մոր հետ նույնիսկ երկու բառ չէր փոխանցում, քրոջ դեմքին նայել ամաչում էր։ Ավելի ճիշտ Սանամը ինքը ամաչում էր նայել եղբոր կողմ։ Առավոտյան դուրս էր գալիս տնից, ուշ գիշերը՝ վերադառնում։ Մի քանի անգամ բռնեց Սանամին արցունքոտ աչքերով։ Բայց չտեսնելու տվեց։ Թող այդ աղջիկը ապրի իր առաջին սերը առանձին, հեռու բոլորից։ Երբեմն գնում էր նրա հետ խոսելու, բայց երբ տեսնում էր նրա վախվորած տեսքը, մտափոխվում էր։ Քրոջ աչքերը աղաչում էին լռել, չխոսել իր զգացմունքների մասին, պահել իր գաղտնիքը ու պահպանել անդորրը։ Ու Կառլենը այլևս խոսք չբացեց Վռամի մասին։ Միայն հետևում էր քրոջ լուռումունջ հառաչանքներին, տխուր հայացքներին ու ժամանակ առ ժամանակ երազկոտ ժպիտներն։ Բայց մի երեկո եղավ քրոջ իղձերի խորտակման վկան։ Հայրը եկավ և ասաց, որ իրենց հարսանիք են հրավիրել, Բարսամյանի տղայի հարսնիք։ Պետք էր տեսնել ինչ տպավորություն թողեցին այդ բառերը Սանամի վրա։ Կառլենին թվաց թե քույրը ուշաթափվելու է։ Գույնը գնաց, հայացքը պղտոր, հազիվ ուժ գտավ ու գցեց իրեն խոհանոց։
_Ե՞րբ է հարսանիքը,_հետաքրքրվեց Կառլենը։
_Երեք օր հետո։
_Ես անպայման նոր շոր պիտի վերցնեմ,_ասաց մայրը ու մեկին փնտրեց աչքերով,_ու՞ր է Սանամը։ Սանա՜մ… ինչու՞ գնացիր խոհանոց… մենք պիտի նոր շորեր գնեք Բարսամյանների հարսանիքի համար։
Մայրը գնաց դստեր մոտ։ Սանամը ջուր էր խմում։
_Ի՞նչ ձև շոր ես ուզում։ Ես ուզում եմ երկա՜ր, փայլու՜ն, կարմի՜ր կամ սև…
_Ես չեմ գնալու,_ցածրաձայն արտասանեց աղջիկը։
_Եվ կոշիկներ… թե չե վերջին անգամ ե՞րբ եմ կոշիկներ գնել․․․ չեմ էլ հիշում։ Բա՜, վարսավիրանոց պետք է գրվել։
Մայրը անվերջ պլանավորում էր ապագա միջոցառումը։ Ներս մտավ Կառլենը։
_Բալես դու չես ուզու՞մ նոր շորեր վերցնել։ Քեզ էլ անհրաժեշտ է գնալ վարսավիրանոց։ Թե չէ վիճակդ տեսնողը… մազերդ Սանամի մազերից երկար են, բա մորուքդ… կարծես հարյուր տարեկան պապիկ լինես։
Կառլենը չպատասխանեց։ Մայրը դարձավ նորից դստերը.
_Սանա՛մ, չասացիր, ի՞նչ ես ուզում վերցնել։
_Ոչի՛նչ։ Ես չեմ գնալու։
_Ինչպե՞ս։
_Չե՛մ ուզու՛մ։
_Ես էլ չեմ գնալու,_քրոջ կողքը կանգնեց Կառլենը։
Սանամը հուզված նայեց նրան։ Արցունքներով լի աչքերը հարցական գամվել էին իրեն։
_Չեմ հասկանում ի՞նչ է կատարվում այստեղ։ Կառլե՛ն… Սանա՛մ… Ձե՛զ, ի՞նչ եղավ… Սանա՛մ, վատ ես զգում քեզ… գույն չունես… աչքերդ էլ մի տեսակ են… հո ոչինչ չի ցավու՞մ…
Մայրը շոշափեց դստեր երեսը։ Նոր նկատեց աղջկա հուզմունքից դողացող շրթունքները։
_Բալե՛ս, ի՞նչ է պատահել։ Մի՞թե վատ ես զգում քեզ։ Ինչու՞ ես դողում,—բռնեց աղջկա ձեռքը։
_Ա՜խ, մայրիկ… ես լավ եմ… ոչինչ չի ցավում,_Սանամը խլեց ձեռքը։ Օդը չէր հերիքում։ Սիրտը կրծքից դուրս պիտի գար։ Նա հազիվ էր մնում ոտքի վրա։
_Սանամ ի՞նչ եղար…
_Մա՛մ, ես լա՛վ եմ։
_Ո՛չ… տեսնում եմ որ զոռով ես կանգնել… ի՞նչդ է ցավում… նորից գլու՞խդ է… էլի սպիերդ են ցավում… ես հիմա շտապ օգնություն կկանչեմ…
_Չեմ ուզում… ամեն ինչ նորմալ է… մա՛մ, հանգստացի՛ր… լա՛վ եմ…
Դուստրը շարժվեց դեպի ննջասենյակ։
_Ու՞ր,_կանչեց ետևից մայրը։
_Գնամ․․․ մի քիչ քնեմ։
_Սանա՜մ…
_Մայրի՛կ, ես լավ եմ։
Սանամը գնաց ընկավ անկողնու վրա ու դառնությամբ հեկեկաց։
_Սանա՛մ,_թթկացրեց դուռը եղբայրը։
Սանամը ձայն չհանեց։ Սրբեց աչքերը։
_Սանա՛մ, մտնում եմ։
_Գնա՛, Կառլեն գնա՛,_Սանամը թաղեց երեսը բարձի մեջ։
_Չե՛մ գնա՛։
Կառլենը մտավ մեջ։ Քույրը ուղղվեց նստավ, սրբեց արցունքները։ Ինքը կանգնեց նրա առաջ։
_Ո՞նց ես։
_Ես լավ եմ։
_Ապա ինչու՞ ես լացում։
_Հուզվեցի… երբ մայրիկը սկսեց թվել ինչ ուզում է վերցնել, իսկույն միտս եկավ ի՛նչ ես չեմ կարող հագնել… հիշեցի որ զուրկ եմ ընտրելու հնարավորությունից,_Սանամը դառնությամբ հեկեկաց։