_Եթե տղաները այստեղ լինեին, ապա հերթը մեզ չէր հասնի։ Սակայն քանի որ ապրանքը տեղ չի հասել իրենքս ենք վերցնելու։
_Տեղ չի հասե՞լ,_կտրեց նրան Արտեմը։
_Այո։ Այդ ապուշը՛ ինքն է դիմավորել մեքենան ու Վազոն ստիպված, թողել է ավտոն թմրանյութերն էլ մեջը։ Հիմա՛ պե՛տք է գիշերը գնալ վերցնել։
_Իսկ եթե բռնվե՞նք։
_Բռնվել չկա՛,_կտրուկ ասաց Արազը։
_Իսկ եթե՞ մեքենայի տերերը արթնանան։
_Արթնանալ չկա՛,_Արազը դրեց սեղանին ըմպանակը ու դարձավ Վարդանին,_իսկ քո համար սա կլինի մկրտություն… քո հարազատ գյուղ ենք գնում։
Վարդանը զարմացած նայեց ընկերներին։ Ինչպե՞ս թե հարազատ գյուղ։ Բա եթե իրեն ճանաչե՞ն։ Այնտեղ բոլորը իրեն գիտեն։ Բա ո՞ւմ տուն են գնալու։
_Դա կլինի անակնկա՛լ,_ժպտաց ընկերը։
Ընկավ մտորումների մեջ։ Թող ամեն ինչ հաջող անցնի։
Մի օր անց Արտեմը եկավ ու սկսեց մանրամասն բացատրել, թե ինչ են անելու։Ինքը աշխատում էր ուշադրությունը կենտրոնացնել խոսողի վրա, բայց չէր հաջողվում․ ականջները հերթով դարձնում էր ընկերոջ կողմ, կարծե՞ս այդպե՛ս ավելի լավ է լսելու։
_Լսում ես Վարդան։ Առավոտից արդեն սկսե՞լ ես։ Հազա՛ր անգամ ասացի չխմե՛ս։ Ոտքերի վրա զոռո՛վ ես կանգնել,_դժգոհեց Արտեմը,_քեզ ասում եմ կարևոր գործ ունենք, իսկ դու՛....
զարմանում եմ քո տեղը ուրիշը լիներ ուրախությունից պարելու էր։
_Չեմ խմել…մի քանի բաժակ չեմ հաշվի առնում… դա իմ սովորական չափաբաժինն է։
_Սովորակա՜ն… արդեն ամե՛ն օր նույն վիճակում ես… ի՞նչ է լինելու երբ գործի գնանք։ Քո՛ մասին եմ մտածելու, թե գործն հաջող ավարտելո՞ւ։
Արտեմը ջղայնացած թքեց հողին, ետուառաջ քայլեց, ապա չարացած բղավեց.
_Թուլամորթի մեկն ես։ Թմրանյութերը ուղեղդ կերել են։ Շշմած ցցվել ես։ Այնտեղ ի՞նչ ես անելու։ Գոնե երկու՛ օր համբերիր, թող գլուխդ մաքրվի։ Իմացի՛ր, եթե քո պատճառով բռնվենք, կսատկացնե՛մ քեզ։
Վարդանը նայեց նրան այնպես կարծես դիմացինը հեռու սարի լանջին է՝ կկոցեց աչքերը ու սրեց տեսողությունը։
_Գնա,՛ քնի՛ր։ Արազի աչքին չերևա՛ս։
Արտեմը նստեց մեքենան ու շուտով կորավ հեռվում։
Վարդանը անտարբեր բերանը ծռեց։ Ձեռքերը դրեց բաճկոնի գրպանները ու պտտվելով բարձրացավ շենք։
Եկավ վաղուց սպասված օրը։ Գիշերով լցվեցին մեքենան և ուղևորվեցին գյուղ։ Քանի՛ մոտենում էին, Վարդանը ավելի էր երկյուղում։ Տարօրինակ զգացմունք էր։ Հաստատ վախ չէր։ Ինքը երբեք վախկոտ չի եղել։ Սակայն ի՞նչ էր կատարվում հոգում չէր հասկանում։ Փորձում էր շեղել ուշադրությունը, վերհիշում այս ճանապարհը, որով վերջին անգամ ե՞րբ է անցել չի հիշում։ Մտան գյուղ։ Հետաքրքիր է ո՞ւմ տուն են գնալու։ Այստեղ բոլորին ճանանչում է։ Անգիր գիտի ամեն մի ճանանպարհ և ուղի։ Այս մեկը դպրոց է տանում, այն մեկը ջրաղաց, մյուսը հորեղբոր տուն, այն մեկը սարը, դեպի ձախ՝ գերեզմանոցն է, դեպի աջ՝ մանկության ընկերոջ Ռաֆոյի տունն է … ամե՛ն թու՛փ է ճանաչում, ամե՛ն քա՛ր։ Հայրական տունը մյուս կողմում մնաց։ Հայրը վաղուց էր երես թեքել իրենից։ Հազար տարի չի եկել գյուղ… այստեղ ոչինչ չի փոխվել… կյանքը կանգնել է նույն տեղը, նույն սահմանափակության մեջ… մի ժամանակ ինքն էլ նրանց օրին էր։ Անցան կանաչ տան մոտով։ Այդ տունը իր մանկության երազանքն էր։ Ինչպե՜ս էր ուզում, որ իրե՛նք էլ ունենան նմանը։ Առաջ այն իրեն թվում էր վիթխարի՛ հրա՛շք պալա՛տ։ Իսկ հիմա աչքին երևաց մի խղճուկ շինություն։ Սրանից հազա՛ր անգա՛մ լավը՛ կա՛։ Հետո անցան իր առաջին սիրո տան մոտով։ Սաթենիկը՜… օ՜, այդ աղջիկը, ի՜նչ գեղեցի՛կ աչքեր ուներ… ու ծա՛նր ձեռք։ Ակամա ժպտաց։
_Արո՛, սրան նայիր։ Երևի մտքում փողն է հաշվում։
Վարդանը դարձավ նրան։
_Այնպես էլ չասացիք ու՞ր ենք գնում։
_Գաղտնիք է,_քթի տակ մրմռաց Արազը։ Հետո ղեկից ետ նայեց,_այսօր կապացուցես մեր հետ ես թե չէ։
_Ինչու՞… իմ հավատարմության ապացո՞ւյց ես ուզում։ Կարծեմ վաղու՛ց ապացուցել եմ։
_Այսօ՛ր կտեսնենք։
Վարդանի սիրտում արթնացավ մի խավար կասկած։ Չլինի թե՞ իր հարազատներից մեկի՛ տուն են գնում։ Բայց ու՞մ։ Ո՞ր մեկի։ Եթե նրանցից մեկը մեքենա գներ ինքը կիմանար։ Որովհետև մայրը կպատմեր․ հարազատներից միայն մայրը կապ էր փնտրում իր հետ։ Սակայն հազվադեպ էր ստացվում խոսել հետը, միշտ ինչ որ գործեր ուներ կամ երբ դեղերի ազդեցության տակ ինքը խուսափում էր շփումից։ Վաղուց չէր խոսել հետը։ Ե՞րբ է լսել մոր ձայնը վերջին անգամ։ Լավ, հիմա՛ դա կարևոր չի՛։ Այնուամենայնիվ չիմացավ ու՞ր են գնում։ Գյուղի այս կողմում ո՛չ մեկը չուներ։
_Սուսուփու՛ս մտնում ենք, խուզարկում մեքենան, հանում թաքստոցից ապրանքը ու հեռանում։ Առա՛նց որևէ շշու՛կ,_կրկնեց Արտեմը։
Վարդանին թվաց թե ընկերը այնպես էր արտասանում, կարծես ինչ որ մեկին համոզում էր, թե հե՛նց այսպե՛ս պետք է գործել ոչ թե ուրիշ ձև։ Ինչու՞…
Արդեն գիշերվա կեսից անցել էր։ Գյուղը վաղուց քուն էր մտել։ Այս ժամին եթե ինքն էլ պապական օջախում լիներ, ապա նույնպես անկողնում յոթերորդ երազն էր տեսնելու։ Հանգիստ չէր տալիս այն հանգամանքը, որ չպարզեց ո՞ւր են գնում։ Գլխին պրոբլեմներ չբերի՞։ Բայց սրանից ավել էլ ո՞ւր… կգնան սուսիկ-փուսիկ գործը կանեն ու կվերադառնան քաղաք։ Կարծես առաջին անգամ են անում։ Մի քանի անգամ էլ եղել է, որ չեն հասցրել հանել թմրանյութերը թաքստոցից, որովհետև չափից ավելի ուրախացած մեքենայի տերը եկել էր դիմավորել օդանավակայան։ Անհամբերությամբ լցվա՛ծ, մոռացա՛ծ, որ լիքը փաստաթղթերի կարգավորում կա առաջը, վազե՛լ էր երազանքին ընդառաջ։ Ոչի՛նչ, ամեն ի՛նչ կարգավորեցին։ Այդ մարդը այդպես էլ մնաց անտեղյա՛կ ու գո՛հ։