_Արտե՛մ, գնորդներն սպասում են։ Իրավունք չունեմ ուշացնելու։ Ինձ ոչի՛նչ չի կանգնեցնի։
_Դրա՞ համար զենքո՛վ ես եկել։ Սկզբից էլ մտադի՛ր էիր մտնել տու՛ն,_կտրեց նրան Վարդանը։
_Լսիր, լակո՛տ։ Գլուխդ ջարդելո՛ւ եմ, եթե չհեռանաս առաջիցս։ Քո նմաններին ես հաց ուտելուց եմ կուլ տալիս։ Ինձ իմ ապրանքն է պետք։ Կսատկացնեմ բոլորին, ուզածս կվերցնեմ։ Թքել եմ քո՛ էլ, քրո՛ջդ վրա էլ… Եթե մի քիչ էլ հաչես, ավելի՛ վատ բան էլ կտեսնես…
Նա հրեց Վարդանին ու վազեց աստիճաններն ի վեր։ Վարդանի աչքերը մթնեցին։ Հիմա ներխուժելու է մեջ։ Եվ ի՞նչ է կատարվելու։ Զիտա՛ն… Արյունը խփեց գլուխը։ Ինչ ուժ կար թոքերում գոռաց.
_Զիտա՜, Զիտա՜,_շունչը քիչ մնաց կտրվեր, _… Զիտա՜…
Վազեց Արազի հետևից ու շարունակեց.
_Զեփյու՜ռ… արթնացեք… Ղազա՜ր…
Նույնիսկ այս պահին փեսային իսկական անունով չէր կանչում։ Իր սիրած մականունն էր ասում, փոխանակ Մարգար արտասաներ։
_Կանգնի՛ր, Արազ… չհամարձակվե՛ս…
Արազը կատաղած դարձավ ետ։
_Փակի՛ր բերանդ։
Ու նորից շարժվեց առաջ։
_Ղազա՜ր… Ղազա՜ր,_կանչեց Վարդանը փեսային,_փեսա՛ Ղազա՜ր… փեսա՛ Ղազա՜ր… արթնացե՛ք․․․
Սենյակներից մեկի լույսերը վառվեցին։ Կատաղած Արազը ուղղեց ատրճանակը նրա վրա։
_Լռելու՛ ես, թե չէ՞։
Բայց առանց պատասխան լսելու կրակեց։ Կրակոցի ձայնից վառվեցին շրջակայքում գտնվող բոլոր տների լույսերը։
Տան մեջ ձայներ լսվեցին։
_Թյու՜… ի՛նչ գործ հարամ եղավ,_ջղայնացած գոռաց Արազը վտանգավոր էր մնալ, նետվեց բակից դուրս։ Մի քանի վայրկյան տատանվելուց հետո Արտեմը հետևեց նրան։ Մեքենան պոկվեց տեղից ու սրընթաց անցավ եկած ճանապարհով։
Վարդանը մնաց սանդուղքի վրա պատին հենված։ Կրծքից արյուն էր հոսում։ Ամուր սեղմեց վերքը։ Սուր ցավը պատել էր մարմնի ամեն մի բջիջ։ Ընդհանուր թուլություն էր զգում։ Ուրեմն մարդ այսպե՞ս է զգում իրեն, երբ վիրավորում են։ Կամաց բռնվելով պատից նստավ աստիճանի վրա։ Աչքերը մթնեցին։ Վերքը անտանելի ցավում էր։ Ականջները կարծես խլացան, ինչ-որ խշշոց էր միայն։ Հանկարծ ամեն ինչ լուսավորվեց ու ինչ-որ ընդհանուր ծանրության տակ ստիպված պառկեց։ Չհասցրեց գլուխը դնել աստիճանի վրա մեկի փափուկ ձեռքերը գրկեցին իրեն, իսկ երկար մազերը քսվեցին այտին։ Բացեց աչքերը.
_Զիտա՜,_շշնջաց զոռով ու թույլ ժպտաց։
_Վարդա՜ն… Վարդան այս ի՞նչ արիր։ Ի՞նչ է պատահել։
Քույրը հազիվ էր զսպում արցունքները։ Նստեց սանդուղքի վրա ու գրկեց եղբոր գլուխը։ Վիրավորը չնկատեց ինչպես արյունոտեցին նրա ձեռքերը, չտեսավ ոչ գիշերանոցը, ոչ էլ հղիությունը։ Դժվարությամբ էր բացում ծանրացած կոպերը ու հազիվ էր շնչում։ Նրա կուրծքը քանի գնում ավելի մեծ ճիգ էր գործադրում, որ կլանի ևս մի կում օդ։
_Աչքերդ չփակե՛ս… Վարդան լսում ես, խոսի'ր։ Չհամարձակվես լռել, Վարդա՜ն։ Մի բառ ասա՛… ձայն հանի՛ր…
Բայց եղբայրը արդեն ոչինչ չէր լսում։ Նրա գիտակցությունը խավարում էր։ Արդեն չէր տեսնում քրոջ լացակումած դեմքը, չէր լսում աղեկտուր ճիչերը ու չէր զգում ոչինչ։ Չիմացա՛վ ինչպես Զեփյուռը գոռում ու կանչում էր օգնության, ինչպես փեսան զոռով պոկեց կնոջը իր անշունչ, բայց դեռևս տաք մարմնից, ինչպես խնամին վազեց դեպի մեքենան, իսկ մոտակա տներից տղամարդիկ թափվեցին դուրս ու վազեցին Զեփյուռի ձայնի վրա։ Չիմացավ ոչի՛նչ… մարեց ժպիտն ու քրոջ արտասուքի կաթիլները դեմքին։
P.S.Վազգենը մնաց չինարի տակ երկար ժամանակ։ Չշարժվեց տեղից նաև երբ որդու դագաղը հանեցին տնից ու դրին մեքենան։ Չգնա՛ց գերեզմանոց, չնայեց վերջին անգամ նրա դեմքին, հրաժեշտ չտվեց ու նույնիսկ գլուխը չծռեց նրա կողմ։ Ծխախոտը ձեռքում զննում էր մարգագետնի ծաղիկները։ Ո՞նց են նրանք կպել մայր հողին։ Վարդանը գնաց… գնացել էր վաղուց… ու ինքը չհասկացավ ե՞րբ…