Выбрать главу

Քիչ հեռվում կատաղությունը թափում էր եղբոր ու նրա որդիների վրա Անաստասը։ Հայհոյանքները իհարկե ուղղված էին իրեն ևս։ Գուցե և առաջին հերթին հենց իրեն։ Բայց դա կարևոր չէ՛։ Թող հաչի ինչքան կարող է… Փակեց աչքերը։ Այսպես նստեց մի քանի րոպե։

_Հայրի՞կ,_հանկարծ լսեց դստեր անվստահ ձայնը։

Բացեց աչքերը։

_Եկա՞ր,_ականջին հասավ Անաստասի գոհ ձայնը ուղղված որդուն։

Դուստրը կանգնած էր դիմացը։ Իր փոքրիկ Մարին։ Տասնյոթ տարեկան Մարին, որ ամաչեց ասել «սիրում եմ» բառակապակցությունը հոր առաջ, բայց չամաչեց բռնել Մարատի ձեռքը ու փախչել հարազատ հորից։

_Եկա՞ր,_կրկնեց Անաստասի հարցը։

Մարատը մնացել էր իր հոր և հարազատների մոտ։ Սակայն այնքան մոտիկ էին, որ լսում էին իրար։

_Հայրի՛կ, ներիր ինձ։

Մարին մոտեցավ հորը։ Կոկորդը խզվում էր ու չէր թողնում խոսել։ Կուլ տալով արցունքները շարունակեց.

_Պապա՜, ներիր ինձ աղաչու՜մ եմ։ Ես չէի ուզում նեղացնել քեզ… ու երբեք չե՛մ ուզեցել, որ իմ պատճառով գլուխդ կախես… պապա՜, մի՛ նայիր ինձ այդպես… տեսնու՞մ ես, ես քե՛զ եմ ընտրում, ես ինձ չե՛մ ընտրում… քեզ եմ ընտրում…

«Ես քե՛զ եմ ընտրում». Մարիի բառերը տպվեցին Անաստասի ուղեղի մեջ։ Նայիր, թե ի՜նչ աղջիկ է մեծացրել։ Ինչպիսի՛ դուստր ունի այս մեկը։ Գերադասում է հոր պատիվը, քան թե իր զգացմունքները։ Նախանձի որդը խլրտաց կրծքում։ Բայց կուլ տալ ամեն ինչ անհնար է։

Մարատը հետևում էր Մարիին ու ընկերուհու արտասանած ամեն բառ սոսկալի տպավորություն էր թողնում նրա վրա։ Անաստասը զգում էր, որ այն բարակ թելը, որ կա իր ու որդու միջև, ևս մի վայրկյան կտրվելու է։ Ինչպե՞ս վարվել։

Մարատը վազեց օրիորդի մոտ ու պարզեց ձեռքը.

_Մարի՞…

Օրիորդը արցունքներով լիքը աչքերը բարձրացրեց նրա վրա, ապա նայեց հորը։ Սարիբեկը հասկանում էր ընտրությունը իր կողմ չի։ Սակայն աղջիկը շարունակում էր մնալ իր առաջ ծնկի իջած։

_Մարի՛,_հանկարծ լսեց Սարիբեկը այն մարդուց ումից երբեք չէր սպասի։

Անաստասը կանգնել էր որդու կողքին ու պարզել ձեռքը։

_Անաստաս գժվեցի՞ր,_բացականչեց եղբայրը։

Ի՞նչ է սա։ Աչքիս է երևու՞մ…

Սարիբեկը ապշած նայում էր հակառակորդին։ Պակաս ապշած չէին նաև Մարատը և դուստրը։

_Հայրի՜կ,_շշնջաց որդին։

Անաստասը տեսավ որդու աչքերում փայլող արցունքների մեջ խոր երախտագիտություն, որ վաղուց արդեն չէր տեսել։ Բայց ի՛նչ գին ունի այն, գիտեր միայն ինքը։

Սարիբեկը ոտքի ելավ ու ոտքի հանեց նաև աղջկան։ Նրան շատ ազդեց Անաստասի արարքը։ Երբեք մտքով չէր անցկացնի՛ որ այդ հաստագլուխը ընդունակ է նման քայլի։ Բայց կարելի է արդյոք հավատա՞լ։

Մարին ձեռքը ուղղեց դեպի Մարատը, սակայն դարձավ նայեց հոր աչքերին։ Վերջապես Սարիբեկը չդիմացավ դստեր տանջալից հայացքին ու ինքը դրեց աղջկա ձեռքը Մարատի ափի մեջ։

Մեքենան նստելուց առաջ Անաստասը դարձավ Սարիբեկին.

_Ես հիմա տանս աղջիկ ունեմ, իսկ դու՞ …,_ու սեղմեց գազին։