_Տեր աստված… այս ինչ արեց մեր հետ…
Նա ջուր խփեց դեմքին ու մի րոպեում լվաց մաքրեց դիմահարդարման սրահում երկու ժամվա աշխատանքի արդյունքը։ Չէր կարողանում հավաքել մտքերը ու սթափ մտածել տեսածի մասին։ Արցունքները անվերջ գլորվում էին այտերն ի վար։ Նայեց հայելու մեջ։ Իր մոխրագույն աչքերը դարձել էին անգույն, սոսկաց երբ տեսավ դեմքի գույնը։ Սակայն հոգու գույնը… մնա՞ց հոգի…Սիրտը կարծես պոկել էին կրծքից ու նետել խավարի մեջ։ Ուղեղն էլ այդ խավարում կորցնում էր հստակ մտածելու կարողությունը։ Ի՞նչ կատարվեց… ինչպե՞ս է հիմա իջնելու ցած ու նայելու հոր դեմքին… բա մայրը՛… Նազանը բռնվեց պատից որ չընկնի։ Նորից ջուր շփեց դեմքին ու բուռով մի քանի ագահ կում արեց։ Բայց վերջին կումը թարս գնաց, թե ինչ կատարվեց, ջուրը դուրս հոսեց բերանից, թքեց… ինչպե՛ս կթքեր հոր երեսին… ապա ուղղվեց, նայեց նորից հայելու մեջ, ցցվեց մի դիվական արցունքոտ ծիծաղով, շփեց ձեռքերը երեսին ու սեղմեց բերանին որ չգոռա, որ ոչ մեկը չլսի իր սարսափած ճիչը.... կուլ տվեց արցունքները ու շունչ քաշեց, ուշադիր զզնեց իր կարմրած աչքերը, խճճված մազերը ու խղճած ինքն իրեն։
_Խեղճ Նազան… ինչու՞ փախար… պետք էր մնալ դռան առաջ, թող բացեր ու տեսներ քեզ… կտեսնեինք թե ի՞նչ դեմքով է նայելու աչքերիդ մեջ…
Վերցրեց սրբիչը ու սրբեց դեմքը։ Ապա ոտքերը, որ կարծես դարձել էին անզգամ ծանրաքարշ զանգվածներ տարին նրան դուրս։ Միջանցքում ոչ ոք չկար։ Ինչպես մինչև այդ։ Հետաքրքիր է ինչի՞ մասին էին մտածել այդ երկու արարածները։ Նազանը չէր գտնում ուրիշ բառ։ Մտավ իր ննջասենյակ։ Նայեց հատակին ընկած անկողնուն, խորին տհաճությունից խլրտացին անարգված որդիական զգացմունքները։ Ինչպե՞ս կարող էր իր հարազատ հայրը դավաճանել մորը, այն էլ սեփական տան մեջ… դստեր անկողնում։ Մի՞թե վերացել են ամեն սրբություն։ Մի՞թե դա իր ճանաչած, սիրելի ու հարգելի հայրիկը չի։ Ինչու՞ ոտնահարեց մորը։ Մի՞թե այդ աստիճան կենդանի է դարձել որ սիրուհուն տանի աղջկա ննջասենյակ։ Ինչի՞ մասին էր մտածում այն մարդը որի մազերը արդեն սպիտակում են։ Ո՞ր օրվանից է այդ կապը հաստատվել։ Ինչքա՛ն կույր էր ինքը եղել։ Ինչպե՞ս չի տեսել, չի զգացել։ Նազանը նորից հեկեկաց։ Ի՞նչ աչքերով է նայելու հորը։ Կարողանալու է արդյոք թաքցնել զգացմունքները, ծածկել հոգու խռովությունը։ Թե գնալ ու հաշիվ պահանջել, գոռալ ու գոչել թե. «Հայրիկ, ի՞նչ արի՛ր։ Ոչնչացրի՛ր բոլորիս»։ Իսկ եթե՞ մեկը իմանա։ Գուցե և մեկնումեկը արդեն գիտի։ Ամո՜թ… Նազանը նկատեց մահճակալի տակ ընկած մի փայլուն իր։ Մոտեցավ կռացավ։ Ապարանջան էր։ Իր ապարանջանի պատճենն էր։ Աչքերը բոցկլատին բարկությունից։Լիրբը՛… բայց ո՞վ էր ավելի անառակ, ո՞ր մեկը։ Նայեց ձեռքին… այո նույնն է… հորեղբա՛յրն էլ… լրիվ խելքները կորցրել են, քանի լիրբ կա՞ իրենց ընտանիքում։ Հորեղբոր նվերը վառում էր։ Օդը քիչ եկավ։ Պատերը սեղմում էին ու ճզմում իրեն։ Ինքը դարձել մի գարու հատիկ։ Մի՞թե սա իրականություն է։ Սա է Նազանի նախանձելի կյանքը։ Չէր կարող գտնվել այնտեղ ուր ոտնահարել ու ոչնչացրել էին իրեն, իր անդորրը։ Վազեց դուրս, ետևից բաց թողնելով դուռը։ Դիպչել չի՛ կարող ոչնչի։ Ոչ էլ շնչել այդ պիղծ օդը։ Բայց քարացած ոտքերը չգնացին առաջ։ Հիմա նա ոչ մեկի դեմքը տեսնել չէր ուզում։ Կարողանալու է նա արդյոք իջնել ներքև ու անփույթ ձևով անցնել բոլորի միջից ու պարել, ի սրտանց մի լավ պարել։ Ոչ… ոչ մեկի դեմքը տեսնել չեմ ուզում։
Նույնիսկ մորը, առավել ևս մորը… Ի՞նչ է կատարվելու այդ կնոջ հետ։ Թեքվեց նորից եղբոր սենյակ։ Մտավ մեջ ու կամած ծածկեց դուռը։ Աչքը ընկավ ապարանջանը։ Քաշեց պոկեց ձեռքից։ Աչքերը մթնեցին, ոտքերը ծալվեցին, նստավ հատակի վրա։