Ինչքա՞ն մնաց այդպես չգիտեր։ Որովհետեւ ուշքը երբ եկավ իրեն հատակից բարձրացնում էր Իշխանիկը։
_Նազա՜ն, Նազուշիկ, ի՞նչ եղավ քեզ,_օգնեց նստել մահճակալին։
Նազանը ոչ մի բառ չարտասանեց ու սկսեց լացել։ Նա այնպիսի դառնությամբ էր լացում, որ երիտասարդը չգիտեր ինչ անել, վազել կանչել մեկին, թե մնալ մոտը։
_Նազ, ի՞նչ է պատահել։ Ինչու՞ ես լացում։
Նստեց նրա կողքը, բռնեց ձեռքերը։ Օրիորդը լացից ցցվում էր ամբողջ մարմնով։ Իշխանիկը գրկեց նրան, բայց հանգստացնել չհաջողվեց։
_Մի լացի՛… ասա ինչ է պատահել։ Ասա, որ օգնեմ։ Ո՞վ է նեղացրել։
Քույրը անընդհատ լացում էր ու ոչ մի հարցին չէր պատասխանում։ Իշխանիկը գրկեց նրան ավելի ուժեղ։
_Հանգսատիր Նազ… հանգստացիր ջանս, ամեն ինչ կանցնի…
_Սա չի անցնի,_ատամների միջից արտասանեց Նազանը,_Իշխանիկ, սա չի անցնի։ Ես մտածում էի թե դու ես։ Նա ոչնչացրեց մեզ… ոչնչացրեց ինձ… ինչպե՞ս եմ ապրելու սրանից հետո։ Ինչպե՞ս է համարձակվելու նայել իմ աչքերի մեջ… ոչնչացրեց մեզ, Իշխանիկ, մեր ամենահարազատ մարդը սպանեց մեզ… ի՞նչ եմ ասելու մայրիկին… ո՞նց եմ ես ապրելու… անամոթ… իմ սենյակում… այդ մեկի հետ… Իշխան, ես տեսել եմ նրանց միասին…
Իշխանիկի դեմքը գունաթափ եղավ։ Ամեն ինչ հասկանալի էր։ Նա բաց թողեց քրոջը.
_Գնամ ջուր բերեմ։
Պառկեցրեց Նազանին ու դուրս եկավ։ Սրընթաց իջավ ներքև։
_Ու՞ր է հայրիկը,_հարցրեց հորեղբորը։
_Խոհանոցում, տղաների մոտ։
Բայց երիտասարդը սկզբում գտավ Ալինային։
_Գնա Նազանի մոտ։ Սենյակումս է։
_Ինչու՞։ Ի՞նչ է պատահել։
_Եթե ասում եմ, ուրեմն այդպես պետք է։
Օրիորդը չառարկեց տեսնելով Իշխանիկի հուզված տեսքը։
Երբ երիտասարդը ներխուժեց խոհանոց Կարենը նրա հայացքից հասկացավ, որ հիմա փոթորիկ է լինելու։ Ուստի թողնելով տղաներին ծխախոտի թանձր ծուխի մեջ դուրս ծլկեց մյուս դռնից։ Որդին վազեց հետևից։ Բռնեց նրա արմունկից ու քաշեց դեպի նկուղ։
_Ի՞նչ ես անում։ Խելքդ թռցրիր։
_Ե՞ս թե դու՛…
Իշխանիկը հրեց հորը նկուղ ու ինքն էլ մտավ ետևից ու դուռը փակեց իրենց հետևից։
_Վերջապես հայրդ եմ։ Հարգանք ունեցիր։
_Հարգա՜նք… շատ չի քո նման լրբի համար…
Կարենի դեմքը կարմրեց զայրույթից։
_Շան լակո՛տ,_գոռաց նա իրենից դուրս եկած ու ձեռքերը բռունցք դարձրած մղվեց դեպի որդին։
_Ճիշտ ես… շա՛ն լակո՛տ եմ… որովհետև միայն շունը կարող է հարամել միակ դստեր ծնունդը։
Կարենը մեխվեց տեղում։ Շեշտակի հայացքով նայեց որդուն։
_Ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս։
_Նազանը տեսե՛լ է ձե՛զ,_ Իշխանիկը զզվանքով լի հայացքը ուղղեց հոր աչքերի մեջ,_Նազանը ձեզ տեսել է, անասուն…
Նա արհամարհանքով չափեց դիմացինին ոտից գլուխ ու ավելացրեց.
_Մի՞թե քո մեջ չի մնացել մարդկայնությունից գոնե մի կաթիլ։ Միակ արարածը այս աշխարհում, որ քեզ դեռևս մարդ էր համարում… այսօ՛ր, նրա ծնուննդի օրը ոչնչացրիր… Անամոթ.... Նազանի սենյակին էիր մնացե՞լ… աներե՛ս… Դու՛ մա՛րդ չես… անասու՛ն… գտար օ՛ր ու տե՛ղ… Նազանը վերևում լաց է լինում… սրբապի՛ղծ…
_Ինչպե՞ս թե տեսել է,_շփոթված ու շվարած մնաց հայրը։ Նա այդքան խմած չէր, որ չհասկանար ինչ է կատարվել։ Միայն դուստրը չգիտեր։ Հիմա նա էլ իմացավ։ Վե՛րջ… ամեն ինչ վերջացա՛ծ է։