Выбрать главу

_Ո՛չ։ Նա ո՛չ մի՛ տեղ չկա․․․

_Գնա՛, գտի՛ր որդու՛տ… վազի՛ր։ Միայն թե զանգի՛ր։

․․․․․

–Ի՜նչ գեղեցիկ է այս աղջիկը։ Ափսո՜ս․․․

_Այո՛, խե՛ղճ ծնողներ։

_Չե՞ս լսել։ Մայր չունի։ Լուրերը ողջ քաղաքն են պատել․․․ Այս աղջիկը, _օրիորդը ուղղեց սավանը ու լցված աչքերով ասաց, _մայր չունի, միայն հայրն ու եղբայրն են։ Եղբայրը ամուսնացած է։ Նրա կնոջն էլ կրակել են։ Դժվար թե կենդանի մնա։ Գլխին են կրակել սրա նման։

_Ի՞նչ ահավոր աշխարհում ենք ապրում։

Երկու ջահել աղջիկ կանգնած օրիորդի դիակի մոտ խոսում էին։ Շուտով գալու էր բաժնի մեծը ու նրանք աշխատում էին արագ գործը ավարտել։

_Սյու՛, բայց իրոք մե՛ղք է… տասնվեց տարեկան է ասացին…

_Մեզանից յոթ տարի փոքր․․․,_լրացրեց ընկերուհին ու քթի տակ ասաց,_գոնե չեն բռնաբարել…

Ավարտելով աշխատանքները դուրս եկան։ Թողնելով դիակը սավանով ծածկված։ Հազիվ մի քանի քայլ հեռացան անցավ բժիշկը, որ զբաղվում էր դիահերձմամբ։ Բարևեց ու ասաց.

_Այո՛, խեղճ աղջիկ… երեխա է դեռ…

_Խեղճ նրա ծնողը ինչպես է դիմանալու։

Այսպես էլ առաջ անցան։ Խոսելով դարձան դեպի սանդուղքը, երբ ընդառաջ հանդիպեցին իրենց վարորդին։

_Աղջիկնե՛ր, դիակը բերե՞լ են։

_Ավետիչին տեսե՞լ եք։

_Այո՛, դիահերձարան մտավ։

_Հենց նոր…

Այս աղջիկները միշտ լրացնում էին իրար նախադասությունները։ Վարորդի աչքերը կլորացան։

_Ինչպե՞ս․․․ ինչու՞ թողեցի՛ք, _գոռաց նա։ Միշտ հավասարակշռված ու հանգիստ մարդուն այսպես վայրկյանում կերպարանափոխված առաջին անգամ տեսան։_Ավետի՜չ… եթե նա տեսնի դիակը, գժվելու է։

_Ինչու՞, Պողո՛ս։ Ո՞վ է մեռնողը նրան․․․

_Դա նրա սանիկն է։

Պողոսը արագացրեց քայլերը դեպի դիահերձարան։ Առանց թակելու ընկավ մեջ։ Բացվեց այսպիսի տեսարան։ Ավետիչը, մի տարեց, արդեն սպիտակած մազերով մարդ, նստել էր աթոռին ու ծխում։ Դիակի դեմքը փակ էր։ Միայն ոտքերն էին բաց։ Ավետիչը սովորություն ուներ սկզբում բացել ոտքերը, ապա նոր դեմքը։

Պողոսը գուշակեց, որ Ավետիչը հասկացել է ու՛մ դիակն է։ Լուռումունջ փակելու էր դուռը, բայց աղջիկները նույնպես եկել էին իր հետևից։ Նրանք էլ մտան։ Անձայն նայեցին իրար, ապա Պողոսին։ Ինչպե՞ս է արձագանքելու, երբ իմանա ո՛վ է մեռնողը։ Ավետիչը հանգիստ ծխում էր։ Շինծու հանգստություն… Ներկա լինողները սպասում էին, բայց իրենք էլ չգիտեին ի՞նչ։ Խզել լռությունը վախենում էին բոլորը։

_Տեսա՞ք ոտքերը։

Ոչ մեկը չպատասխանեց։

Հանգցրեց ծխախոտը մոխրամանի մեջ։

_Քանի՜ անգամ եմ համբուրել այդ ոտքերը… բուռիս մեջ էին տեղավորվում… ա՜յ, այսքան էին մի ժամանակ…,_նա ցուցամատով ու բութ մատով ցույց տվեց չափսը։

Վարորդը մոտեցավ նրան։

_Ավետիչ…

Ավետիչը գլուխը բարձրացրեց։

_Դեռ չեմ նայել… դեմքը դեռ չեմ բացել… բայց ոտքերի՛ց ճանաչեցի…

Նա փղկձաց ու աջ ձեռքով ծածկեց դեմքը, ձախը դրեց սեղանին ու հենվեց վրան։ Օրիորդները, որ անթարթ հետևում էին նրա շարժումներին, անշարժացել էին։ Չգիտեին մնալ թե հեռանա՞լ…

_Նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ մի օր տեսնելու եմ նրան այստեղ… այս անիծված սեղանին․․․

Նա ոտքի ելավ ու կամաց մոտեցավ դիահերձման սեղանին։

_Պողոս, ես չեմ կարող․․․

Կրծեց դողացող շրթունքները, սեղմեց դեմքը սառած ոտքերին։ Չէր լացում։ Պողոսը մոտեցավ նրան, ձեռքը դրեց ուսին։

_Ավետիչ, գնանք․․․ թող ուրիշ մեկը դա անի․․․ գնացինք․․․

Բժիշկը նայեց թշնամական հայացքով։ Ուղղեց մեջքը․

_Ո՛չ մեկի՛ն չեմ թողնի մոտենալ նրան։ Ո՛չ մեկին։ Դու՛րս եկեք։

Աղջիկները, որ արձանացել էին դռան մոտ, շփոթված իրար նայեցին, ապա վարորդին։ Պողոսը պնդեց իրը․

_Ավետի՛չ, այսօ՛ր սա քո տեղը չի։ Գնա՛նք։ Թող մեկ ուրիշը գա աշխատանքը անի։

_Գնացե՛ք այստեղից։ Հեռացե՛ք… թողեք ինձ մենակ իմ աղջկա հետ։

Նա մոտեցավ կախիչից վերցրեց խալաթը, մոտեցավ սեղանին։ Ներկա եղողները քարացել էին։

_Ավետի՜չ…_շշնջաց օրիորդներից մեկը։

_Վերջապես այս օրն էլ գալու էր․․․ գիտեի, որ մի օր իմ ծանոթներից մեկը կհայտնվի այս սեղանին․․․ իմ հարազատներից մեկը․․․ բայց Արփիկը՜, այս տարիքում ու նման հանգամանքներում․․․ գոնե մեկը զգուշացներ․․․ երբ ոտքերը բացի՜․․․ աչքերս մթնեցին․․․ գնացե՛ք․․․ հաշվեցեք, որ ոչինչ չի կատարվել․․․մյուսներն էլ ինչ-որ մեկի հարազատներն են, ու ինչ-որ մեկի համար թանկագին․․․ սա սովորական աշխատանք է։

Նա աշխատում էր հուզմունքը ցույց չտալ։ Ու սովորականի նման անփույթ խալաթը նետել վրան ու անցնել գործի։ Նրա անթարթ հայացքից երբեք չէր խուսափում ոչինչ։ Քանի՜ դժվար գործ էր բացվել նրա փորձառու աչքերի շնորհիվ։ Բայց այս վայրկյանին այդ փորձառու աչքերը խուսափում էին նայել հերթական դիակի վրա։ Ուրեմն մարդիկ այսպե՞ս են զգում իրենց, երբ հերթը հասնում է իրենց մոտիկներին։

_Ես կմնամ, _ ձայնեց աղջիկներից մեկը։

Արդեն մոռացել էր, որ մենակ չի։ Գլուխը պտտեց նրանց կողմ։ Միշտ էլ ատել է, երբ իրեն խղճում են։ Սակայն հիմա այդ զգացմունքը կորցրել էր իր կծու համը։ Թող խղճան։

_Ընկեր Կարագյոզյան, դիակը դիահերձարան տարին ու արդեն առաջնային պատկեր կա_զեկուցեց ոստիկանը քննիչին։