Выбрать главу

_Հանգստացեք երիտասա՛րդ, թե չէ ձեզ դուրս կհանեն այստեղից,_հանգիստ արտասանեց նույն տղամարդը ու շարունակեց ըմպել իր սուրճը։

_Հանգստացե՜ք․․․ դու՛ք ասում եք ինձ հանգիստ մնալ… բայց ինչպե՞ս, ինչպե՞ս մնամ հանգիստ, եթե քրոջս սպանել են, կինս մահամերձ հիվանդանոցում է, իսկ որդիս չկա՛…

Խլեց սուրճի բաժակը ու շպրտեց պատին։ Ապա ոտքի մի հարվածով տակնուվրա արեց աշխատասեղանը։

Ոստիկանության բաժնում նստած էր, երբ եկան հորեղբայրը և իրենց փաստաբանը։ Նույնիսկ չնայեց նրանց։ Չէր ուզում ոչ մեկի դեմքը տեսնել։ Հորեղբայրը ոչինչ չասաց։ Բայց երևում էր, որ սաստիկ բարկացած էր։ Միայն նրա ու փաստաբանի օրոք իրեն չձերբակալեցին։

Մեքենայում նրանք երկար ժամանակ լուռ էին։ Մինչև հորեղբոր համբերությունը հատվեց։

_Ի՞նչ ես անում, Նարո՛,_անհանգիստ շունչ քաշեց,_փոխանակ խելքդ գլուխդ հավաքես ու փորձես գտնել ելք… դու նոր պրոբլեմներ ես ստեղծում…

_Հորեղբայր մի սկսի։ Չեմ ուզում քարոզներ լսել… հիմա ամենաքիչը ուզում եմ լսել դաստիարակչական դասեր…

_Լավ… ոչինչ չեմ ասի… հաց կերե՞լ ես։

_Չեմ հիշում։

–Հիմա մեր տուն կգնանք, Օֆիկը սպասում է։

_Ո՛չ, տար ինձ հյուրանոց։ Հայրիկն էլ այնտեղ է։

_Բա որ մտածում ես հորդ մասին, ուրեմն…,_Սոկրատը չշարունակեց խոսքը, լռեց։ Չուզեց վիրավորել Նարեկին, բայց ավելացրեց._Հայրդ մեր տանն է։ Իմիջիայլոց բավական է մնաք հյուրանոցում, այսօրվանից կմնաք մեր տանը ու ոչ մի առարկություն չեմ ընդունում։

Նարեկը ձայն չհանեց։ Ուժ չուներ խոսելու, ոչ էլ ցանկություն։ Միակ կարևոր հարցը որ տանջում էր, չէր թողնում ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ նստել, ո՛չ խոսել, ո՛չ շարժվել, ո՛չ քնել, ո՛չ տեսնել մեկին դա որդու տեղն էր… կատարաված դժբախտության մեջ առավելագույնը դա որդու անհետացումն էր։ Քրոջ սպանությունը ու կնոջ վիճակը ուրիշ ցավ էին պատճառում, սակայն որդի՛ն ուրիշ էր, ինչպես և զգացած ցավը… Նարեկը այս երեք օրվա ընթացքում ապրեց այնպիսի խոր վիշտ, որ երբեք չէր պատկերացնի։ Գոնե Սոնան ապաքինվեր… մի անգամ նրա ձայնը լսեր…

Հասան տեղ։ Նարեկը դժկամությամբ դուրս եկավ։ Ճանապարհին հազար անգամ պատկերացրել էր Օֆիկի դերասանական կերպարը։ Բայց զարմացավ, երբ տեսավ նրա աչքերի մեջ իսկական ցավ ու կարեկցանք։ Հորեղբոր կինը գուցե և կյանքում առաջին անգամ գրկեց նրան մայրական ջերմությամբ ու սեղմեց կրծքին։ Այն ջերմությամբ, որին ինքը մանկուց կարոտ էր մնացել։ Օֆիկի աչքերը լցվեցին, բայց չլացեց։

_Օֆի՜կ,_սաստեց ամուսինը,_պայմանավորվել ենք չէ՞… ո՛չ մի՛ արտասուք, առանց այն էլ դժվար է…

_Չեմ լացում, չեմ լացում,_ասաց Օֆիկը ու արագ սրբեց աչքերը։

Հայրը խոհանոցում էր, երբ Նարեկը մտավ մեջ։ Այնտեղ էին նաև հորեղբոր ավագ տղայի կինը՝ Աստղիկը ու նրա դուստրը՝ երեքամյա Օֆելիան։ Երբ Աստղիկը տեսավ Նարեկին եկավ ընդառաջ, միայն բարևեց։ Աղջիկը վազվզում էր շուրջը։

Սեղանը պատրաստ էր։ Իրենց էին սպասում։

_Ուզում եմ լվացվել,_ասաց Նարեկը։

_Ես ցույց կտամ, հոպար գնացինք,_փոքրիկ Օֆելիան վազեց դուրս եկավ խոհանոցից։

Նարեկին մի վայրկյան թվաց, թե անցել է մի քանի տարի ու իր որդին այսպես վազում է ուրիշի տան մեջ, օտար շրջապատում ու օտարին է ասում հայրիկ։

_Հոպա՛ր, ու՞ր ես,_կանչեց աղջիկը։

Նարեկը հետևեց նրան։

_Դու՛, այդքան փոքր ես ու արդեն խոսում ես։

_Պապիկը ասում, որ ճարպիկ եմ իր նման,_անկեղցությամբ ասաց աղջիկը։

Նարեկը անկախ իրենից ծիծաղեց։ Առաջին անգամ այս ամենից հետո։ Փոքրիկը պատասխանեց անուշիկ ժպիտով։ Մատը ուղղեց դեպի դռներից մեկը.

_Այն մեկն է։ Դուք մտեք լվացվեք, իսկ ես գնամ օգնեմ մայրիկին։

Վազեց հեռացավ։

Նարեկը մտավ լոգարան։ Հայելու մեջ տեսավ դեմքը մազակալած, աչքերի մեջը կարմրած, տակը կապտուկներ, մաշկը դեղնած ու թառամած… ողորմածիկ կերպար… «Աշխարհի ամենադժբախտ մարդը»,_չգիտես ինչու պիտակ դրեց ինքը իրեն։ Սառը ջուրը մի քիչ թարմացրեց իրեն։

Ճաշի ժամանակ ոչ մեկը չէր խոսում։ Բայց և ոչ մեկը նորմալ հաց չկերավ։ Միայն փոքր Օֆելիան անվերջ խոսում էր։

_Մա՛մ, ես դա չեմ ուզում, ձուկը դիր, ձուկ եմ ուզում… ա՛յդ մասը չէ՛, պոչն եմ սիրում… դա մեծ է… կտրի փոքրացրու…

Նրա անվերջ խոսակցությունը ազդում էր Նարեկի վրա։ Նա ճիգ էր գործադրում, որ չգոռա, թե ի՜նչ անդաստիարակ երեխա է այս մեկը։ Մի՞թե անհնար է սուսուփուս ուտել,առանց մեկնաբանության։ Բայց հարսը համբերությամբ կատարում էր դստեր բոլոր ցանկությունները։ Որդու անհանգստությունը զգաց նաև Յոհաննեսը։ Աչքի տակով հետևում էր որդուն։ Նրան հիմա հանգիստ է պետք։ Թե չէ կորցնելու է զավակին։ Ոչ, ոչ, ոչ… մի երեխան դիահերձարանում է, մյուսը կիսամեռած։ Մի կիսամեռած էլ ինքը…

_Կմնա՛ք այստե՛ղ,_մի տեսակ հրամայական ասաց Սոկրատը։

_Ո՛չ, ավելի լավ է մնանք հյուրանոցում։ Չեմ ուզում նեղություն տանք,_ասաց Յոհաննեսը։

Բայց եղբայրը չընդունեց ոչ մի բացասական պատասխան։ Ինչքան էլ թախանձեցին, Սոկրատը չթողեց հեռանալ։ Հակառակ սպասումներին իրենց ոչ մեկը չխանգարեց։ Նարեկին տեղավորեցին Սոկրատի կրտսեր որդու սենյակում։ Ադամը հիմա Մոսկվայում էր սովորում ու կատարված դեպքերի մասին չգիտեր։ Չգիտես ինչու՞ աչքը ընկավ սենյակի ճոխ կահավորումը։ Իր սենյակն էլ նույնն է։ Երևի դա ցեղական է, քմծիծաղ տվեց Նարեկը։ Հորը տեղավորվեցին կից սենյակում, չնայած սրտի նա խորքում ուզում էր որդու հետ լինել, լսել նրա շունչը, ու տեսնել նրա քունը։ Դստերը խլեցին, որդուն ոչ մեկին չի՛ տա՛… Արփի՜քս… աղջի՜կս… Յոհաննեսը չէր սրբում արցունքները, թող հոսեն… թող հոսեն ու գոնե մի քիչ թեթևացնեն սիրտը…