Выбрать главу

Ուշ գիշեր էր երբ տուն եկավ Արսենը՝ հորեղբոր ավագ որդին։ Բոլորը արդեն քնած էին կամ ձևացնում էին, թե քնած են։ Արսենը անցավ երկար միջանցքով ու հասավ Նարեկի սենյակին։ Ծեծեց դուռը։

_Նարե՜կ։ Քնա՞ծ ես։

_Ո՛չ։

Նարեկը ոտքի նետվեց։ Քանիերորդ գիշեր հագուստով էր մտնում անկողին, որ մի լուր լինելու դեպքում անհապաղ վազի։

Արսենը մտավ մեջ։

_Նարո՛, չկարողացա առավոտ սպասել։

_Լավ արեցիր։ Ի՞նչ նորություն կա։

Անհամբերությամբ ցնցեց եղբոր ուսերը։

_Նստի՛ր։

_Չե՛մ կարո՛ղ… պատմի՛ր…

_Նա՜ր, նստի՛ր, ես էլ կնստեմ։

Եղբայրը հնազանդվեց։ Արսենը նստեց հայելու առջև տեղավորված աթոռին։

_Ասա՛… խոսի'ր…

_Հիմա մի հարց տամ․․․ դա շատ կարևոր հարց է։

_Ի՞նչ հարց,_նյարդայնացած հարցրեց Նարեկը։

_Այս վերջերս քո աշխատանքի տեղը… գործարանում տարօրինակ ոչինչ չե՞ս նկատել…

_Ի՞նչ նկատի ունես… Արսեն չեմ հասկանում… ոչինչ էլ չեմ հիշում։ Կարծեմ ամեն ինչ սովորական էր…

_Հաստա՞տ։ Ոչ մի գումարի կորուստ չես նկատել։

_Գումարի՞։ Ո՛չ։

Նարեկը զարմացած նայեց նրան։ Հիմա՛ դրա ժամանակն է։

_Նա՛ր, առավոտից բան եմ հայտնաբերել, սակայն մինչև ամեն ինչ չպարզեցի որոշեցի քեզ ոչինչ չասել։

_Ասելու ես վերջապես թե ո՞չ։

_Իմ փաստաբանի հետ ստուգել եմ բոլոր գործնական թղթերդ…

Նարեկի հոնքերը զարմացած բարձրացան։ Ինչպե՞ս թե իր փաստաբանի հետ… լա՛վ, նայենք ինչ է ասում։

_Ձեր հաշիվների մեջ կան շատ թերություններ… կարծես մեկը դիտավորյալ կեղծավորություն է արել, որովհետև հետքերը վարպետությամբ չեն մաքրել։

_Դիտավորյա՞լ…

_Այո՛, որ հարկայինի առաջին իսկ ստուգման արդյունքում ընկնեք ոստիկանություն։ Դիտավորյալ հետքերը չեն ոչնչացրել… ևս մի օր կիմանամ ո՞վ է։

_Ինչպե՞ս… գուցե սխալվել ես, Արսե՛ն, ես վստահ եմ աշխատողների վրա։ Սա թյուրիմացություն է… իմ փաստաբանը ոչ մի նման դեպքի մասին չի ասել։ Իսկ նա արդեն քանի տարի է աշխատում մեր մոտ։

_Ձե՜ր փաստաբանը… նրա մասին էլ ուզում եմ խոսել առանձին…

_Արսե՛ն, գիշերվա ժամը երեքն է։ Ես ուժ չունեմ ո՛չ մտածելու, ո՛չ էլ խոսելու… ուղեղս զոռով աշխատում է։

_Նարեկ, ես չէի գա եթե դա կարևոր չլիներ։ Մի ուրիշ անգամ կվերցնեի թույլտվություն։ Բայց վերջին դեպքերը ինձ ստիպում են գործել…

……

_Լսի՛ր, ոչխա՛ր, քո ապուշ խելքի համար քուրս վերակենդանացման բաժնում է։ Իսկ երեխան աստված գիտի ու՞ր…

Նարեկը բռնեց աներձագի օձիքը ու ֆշշաց ատամների մեջից։

_Հիմա, դու՛, ինձ լսի… ե՛ս կորցնելու էլ ոչինչ չունեմ… ու մարդ եմ փնտրում, ում վրա թափեմ կուտակված ջղայնությունս… լեզուդ քաշի՛ր ու մաքրվի՛ այստեղից, թե չե կսատկացնեմ շան նման։

Նա հրեց Արամին դեպի դուռը։ Արամը ոլորեց թմրած աչքերը փեսայի վրա։

_Դու՛, դեռ կփոշմանես արածիդ համար։

_Հեռացի՛ր Արա՛մ։ Չեմ ուզում ո՛չ տեսնե՛լ, ո՛չ էլ լսե՛լ քեզ։ Եթե լինես աշխարհում վերջին մարդը ու՛մ ձայնը պիտի լսեմ մեռնելուց առաջ, ապա լավ է մեռնեմ լռության մեջ։

Արամը շրխկացրեց դուռը ու դուրս եկավ։

Նարեկը ջղայնությունից տեղ չէր գտնում։ Ոչ միայն ջղայնությունը այլևս ամոթը հանգիստ չէին տալիս։ Երբ Արսենը սկսեց խառնել գործերը ու բացվեց իր կեղծավորությունը գործարանում, գողացած փողերը, ի հայտ եկավ իր կապը փաստաբանի՝ Օլյայի հետ… եղբայրը չգտավ ո՛չ որդուն, ո՛չ էլ պարզեց թե ովքեր էին հանցագործները։ Դրա փոխարեն ի հայտ եկավ իր մութ կյանքը, որին ինքը երբեք կարևորություն չի տվել ու որը տակնուվրա արեց մի օրվա մեջ իր ամեն ինչ։ Այս շաբաթվա սկզբում իրեն հաշվում էին խեղճ զոհ, իսկ վերջը՝ գայլ գառան դիմակով։ Բայց ինչի՞ համար։ Կարծես միայն ինքն է փող գողանում ու սիրուհի պահում։ Մե՜ծ բա՛ն… բայց դա կապ չունի կողոպուտի հետ… ոչ էլ մնացածի… Արփիկի մահը ու Սոնան դարձել են մնացած… Սահակը չկար․․․ ամենակարևո՛ր մարդը այս աշխարհում․․․ Ո՛չ մի զանգ, ո՛չ մի պահանջ․․․

Նարեկը գնաց հիվանդանոց։ Յոհաննեսը այնտեղ էր, գլխիկոր նստած էր միջանցքում։ Որդին նստեց մոտը։ Հայրը նույնիսկ չնայեց նրա վրա։

_Ինչպե՞ս է Սոնան։

_Ինչպե՞ս է Սոնա՜ն,_կրկնեց Յոհաննեսը։ Տխուր ժպիտ խաղաց նրա աչքերին։ Հիասթափություն… Դառնությամբ լի հայացքը ուղղեց որդուն,_մի՞թե աչքերս փակ են եղել։ Ինչու՞ չեմ տեսել որ կործանվում ես։ Ինչու՞ ամեն ինչ հասավ սրան։

Որդին չպատասխանեց։ Թողնում էր մուրացկանի տպավորություն։ Մազակալած, կեղտոտ ու աչքերում դատարկություն։

_Սոնան սրա՛ն էր արժանի՞։ Իսկ Սահա՞կը… բա Արփի՞ն, զավա՜կս, իմ միակ աղջիկը…

_Հայրի՛կ, իմ համար էլ անչափ դժվար է։ Խնդրում եմ մի՛ ասա՛… մի ցավեցնի ավելի շատ…

Նա ոտքի ելավ։ Յոհաննեսը հետևեց նրան։

_Իսկ ե՛ս չեմ ցավե՞լ։

_Դու՛, գոնե բախտ ունես թաղելու երեխադ։