Выбрать главу

Յոհաննեսը չէր սպասում այս խոսքերը լսել որդուց։ Ձեռքը բարձրացրեց որ ապտակի… բայց այդպես էլ չհարվածեց։

_Անասու՛ն…

_Խփի՛ր… միայն դու՛ ինձ չես ոտնահարել։

_Դա պետք էր անել ժամանակին։ Հիմա արդեն ու՛շ է,_ասաց քարացած ու կոտրված սրտով Յոհաննեսը։

Նայեց դիմացը կանգնած անծանոթին։ Այո՛, անծանոթին… սա իր որդին չի՛… այս կոպիտ անսիրտ արարածը իր Նարեկը չի՛։

_Դու՛, մտածում ես ի՛նչ ես ասում։ Համեմատում ես քրոջդ մահը Սահակի կորչելու հետ։ Հիմա՛ր տղա՛… դու հու՛յս ունես, որ երեխադ կենդանի է, իսկ ե՛ս… ցավոք սրտի ո՛չ…

Յոհաննեսը վերադարձավ պատի մոտ գտնվող աթոռների շարքին։ Փլվեց աթոռին ու փղկձաց։ Հանեց ակնոցները ու մի ափով ծածկեց աչքերը։

Նարեկը մնաց ոտքի վրա։ Նա կորցրել էր խղճալու ունակությունը։ Կորցրեց այն օրը երբ աչքերը սկսեցին փնտրել որդու դիակը աղբամանների մեջ ու փլատակների տակ։

…..

Սոնան նորից աչքերը բացեց հարազատ գյուղում։ Այս անգամ ոչ թե սպիտակ պատերի ներքո, այլ իսկույն աղբյուրի մոտ։ Արդեն ծանոթ ձայնը նորից երգում էր։ Ու ինքը նորից ոտաբոբիկ վազեց երգչուհու մոտ։ Նորից ծղոտե գլխարկը, կանաչ շրջազգեստը ու ոսկի մազերը… ու նորից իր մանկության երգը…

_Նազի՜կ…

_Դու՞, նորի՛ց այստե՞ղ…

Նազիկը նորից գազազեց, երբ տեսավ իրեն։

_Նա՛զ, թող մոտենամ քեզ, գրկեմ։ Կարոտել եմ։

_Հեռացի՛ր, սա՛ քո տեղը չի՛։ Սա ի՛մ տեղն է։

Նազիկը ոտքի ելավ։ Նայեց շուրջը, նորից քար է փնտրում։

_Նազի՛կ, մի՛ արա՛…

Բայց քույրը ջղայնացած հրեց նրան ու փախավ դեպի աղբյուր։

_Նա՜զ, ինչու՞ ես այդպես վարվում իմ հետ։ Մի փախչի՛… կանգնիր խոսենք, քույրի՜կս…

Նազիկը, որ ճարպկորեն ցատկելով քարից քար, անցել էր աղբյուրի մոտով ու արդեն հասել էր գետափին շրջվեց ետ ու բարկացած գոռաց.

_Գնա՛ ետ։ Քո տեղը այստեղ չի՛։ Դու՛, պետք է վերադառնաս… գնա՛, ընտանիքի մոտ… անսիրտ, երեխադ ու՞մ հույսին ես թողել։

Նազիկը մի ոստյունով հայտնվեց Սոնայի առաջ ու մի ուժգին հարված հասցրեց նրան։ Ու նորից տապալեց գետնին.

_Սոնա՛, հեռացի՛ր… գնա՛, գնա՛, սա քո տեղը չի՛… Սահակիդ մոռացել ես…

Ու նորից Սոնան կուչ եկավ քրոջ հարվածների կարկուտի տակ։ Կուչ եկավ ու ուշքը կորցրեց։ Բայց քիչ անց ուշքը եկավ ու առանց ինչ որ վերքի նստեց հողի վրա։ Քույրը նստել էր դիմացի քարին։ Նրա աչքերը լիքն էին տխրությամբ։ Նազիկը անթարթ նայում էր։

Սոնան ոտքի ելավ։ Ցավ չէր զգում։ Ոչինչ չէր զգում։ Քույրը աչքերը չէր կտրում իրենից ու քանի գնում ավելի էր տխրում։ Սոնան մոտեցավ նրան։ Ու բացեց ձեռքերը, որ գրկի։ Նազիկը ժպտաց աչքերը արցունքներով լի։ Ինչու՞ է հուզված, գրկեց քրոջը։ Սոնան փակեց աչքերը ու սեղմեց քրոջը իրեն։ Ինչքա՜ն էր կարոտել։

_Նազո՛, անուշի՛կս…

_Սոնա՛, կներես քույրիկս, ինձ էլ կներես, Արամին էլ կներես… գնա՛, երեխադ քո կարիքը ունի…

Հանկարծ օրիորդը երկու ձեռքով կպավ Սոնայի կոկորդից ու գցեց գետնին։ Ինչ որ քար գտավ ու ինչ ուժ ուներ հարվածեց Սոնայի գլխին։ Հարվածեց այնպիսի ուժով որ Սոնայի ուղեղը վայրկյանում անջատվեց։

…․․

_Սոնան նորից կլինիկական մահ է անցկացրել։ Այս անգամ մտածում էի մեռնելու է,_պատմում էր բուժքույրը մեկին հեռախոսով, երբ մոտեցավ Նարեկը։

_Ո՞վ… Սոնա՞ն….

Հանկարծակի եկած աղջիկը շանթահար ետ նայեց։ Կարմրեց ակնթարթում ու անջատեց հեռախոսը։

_Աղջի՛կ, քո՛ հետ եմ։ Իմ Սոնայի մասին ես խոսում։ Խոսի'ր…

Աղջիկը վախեցած նայում էր ու ոչինչ չէր կարողանում ասել։

_Ինչու՞ ես լռում։ Լեզուդ կապ ընկավ։ Խոսի'ր աղջի՜… ի՛մ Սոնայի՞ն եք զոռով փրկել… նրա՞ մասին էիր խոսում։

Վայրենի դարձած Նարեկը գնաց սփրթնած բուժքրոջ վրա։ Բռնեց նրա արմունկը ու ցնցեց.

_Խոսի՛ր…

_Բա՛ց թողե՛ք։ Հանգստացե՛ք, պարոն Սիրունյա՛ն։ Այո նրա մասին էի խոսում։ Բայց հիմա վիճակը լավ է, նույնիսկ ավելի լավ։ Բա՛ց թողե՛ք, ցավեցնում եք։ Արդեն լրիվ խելագա՛ր եք դարձել։

Նարեկը հավաքեց իրեն։ Օրիորդի խոսքերը սթափեցրին իրեն։ Ի՞նչ է անում։ Իրոք խելագա՛ր է դարձել։ Բայց ի՞նչ է նշանակում ավելի լավ քան առաջ։

_Ներեցեք ինձ։ Իսկապես խելագար եմ դարձել։ Ե՛ս… ես արդեն չեմ հասկանում ոչինչ… ու՞ր եմ գնում, ի՞նչ եմ անում…

_Եթե չիմանայի ինչ է կատարվել ձեր ընտանիքի հետ, երևի կդիմեի ոստիկանություն։ Բայց աչքի առնելով վերջին դեպքերը, չեմ ուզում ավելացնել ձեր պրոբլեմները։ Պարոն Սիրունյա՛ն, ձե՛զ պետք հանգիստ։ Դուք շատ դյուրագրգիռ եք…

_Հանգի՜ստ… այլևս հանգիստ չկա՛ իմ կյանքում։

Բուժքույրը ուղղեց սպիտակ խալաթի թևը։

_Հանուն ձեր հարազատների՛, դու՛ք, պարտավոր եք պայքարել։ Սոնան՝ ձեր կինը, իսկական ռազմիկ է։ Այս հինգ տարվա ընթացքում, ինչ աշխատում եմ այստեղ, չեմ տեսել նման հիվանդ… արդեն ոչ թե ձեռքերով, այլ ատամներով է կպել կյանքից… կպել է ու բաց չի թողնում։

Չգիտեր տխրեր, թե ուրախանա՞ր։

Նարեկը հոգնածությունից նույնիսկ զարմանալու ուժ չուներ։ Ուզում էր լացել անզորությունից։ Բայց և արցունք չէր մնացել։ Բուժքույրը տարավ նրան աշխատասենյակ։

_Նստե՛ք, ես հիմա կկանչեմ բժիշկին։ Նա կարևոր լուր ունի ձեր համար։

Շուտով աղջիկը վերադարձավ։ Մտավ մազերը կարմրոտ ներկված ցածրահասակ ու թմբլիկ տարեց մի կին։ Նարեկը այնպես էլ չկարողացավ պահել մտքում նրա անունը՝ Անգելինա թե Անժելինա… լավ դա հիմա կարևոր չի։ Նայենք ի՞նչ է ասելու։ Բժիշկը բարևեց ու նստեց աթոռին, ինչ անել հրավիրեց և Նարեկին։