Выбрать главу

_Ե՛ս, շտապում եմ։ Չեմ նստելու։ Լսում եմ ձե՛զ։

_Սոնան այսօր կրկին կլինիկական մահ է անցկացրել։ Վիճակը շատ բարդ է։

_Հիմա՞…

Նարեկը կլանում էր ամեն մի բառ ինչպես օդ։ Վերջապես ցոլաց լույսը այս մթության մեջ։ Սոնան ուշքի կգա ու կասի ինչ է եղել Սահակի հետ։

_Չգիտեմ ինչո՞վ կօգնի ձեզ… բայց Սոնան մի քանի բառ ասաց…

_Ինչպե՞ս, կինս ուշքի է եկել ու դուք չէիք ասում,_բղավեց տղամարդը։

_Եթե ուշքի գար կասեինք։

_Բա ինչպե՞ս է խոսում։

_Երբեմն այդպես լինում է։ Հիվանդը զառանցում է։ Երբեմն դա անկապ բառեր են, երբեմն կյանքի վերջին դեպքերի հետ կապված…

_Մի երկարացրե՛ք… ի՞նչ է ասել։

_Մի՛ կոպտե՛ք, երիտասա՛րդ։

Նարեկի աչքերը կլորացան, բայց գերադասեց լռել միայն թե իմանա Սոնան ի՛նչ է ասել։

Բժիշկը իհարկե հասկացավ երիտասարդի տրամադրությունը, բայց անվրդով շարունակեց.

_Ձեր կինը անվերջ կրկնում էր. «Ի՛նձ է՛լ կներես, Արամի՛ն է՛լ կներես, գնա, երեխադ քո կարիքը ունի»։

Նարեկը անշարժ մնացել էր տեղում։ Ամբողջ լսածից մտքում պահեց միայն աներձագի անունը։ Կսպանի Արամին, եթե այդ շունը կապ ունի իրենց տանը կատարված դեպքերի հետ։ Դուրս նետվեց հիվանդանոցից ու նրա մեքենան սլացավ դեպի աներձագի տան կողմ։ Թմրամոլը՛… ինչպե՞ս հենց սկզբից գլխի չընկավ, որ այդ անասու՛նն է մեղավո՛ր բոլոր դժբախտությունների մեջ։ Մի քանի անգամ զանգեց, բայց պարզվեց որ հաշվին փող չկա։ Ուստի չգիտի, այդ այլանդակը տանն է, թե չէ՞։ Տեղ հասնելուն պես վազեց մտավ աներձագի բակ։ Բնից պրծած շունը քիչ մնաց կպչեր ոտքից։

_Դու էիր պակա՛ս…

_Շարի՜կ, Շարի՜կ,_վազեց աներձագի կինը։ Նա իջավ պատշգամբից ու սաստեց շանը։ Շարիկը քաշվեց բույնը։

_Ու՞ր է ամուսինդ։

_Ի՞նչ իմանամ։ Առավոտից դուրս է եկել,_անտարբեր պատասխանեց Զանիկը։

_Տանը չի՞։

_Ո՛չ։ Ասաց գործ ունեմ։ Գնա՛ց։

Նարեկը մեծ հաճույքով կփշրեր այդ անզգամի ատամները, բայց զսպեց իրեն։

_Ուրի՞շ ոչինչ չասաց։

_Ո՛չ։ Միայն որ Սոնայի հետ է կապված։ Մտածեցի քո հետ է։ Իմիջիայլոց ինչպե՞ս է Սոնան։ Ի՞նչ լուր կա որդուցդ։

Այդ «իմիջիայլոց» հարցերը եռացնում էին արյունը երակներում։ Նարեկը աչքաթող արեց այդ հարցերը ու խնդրեց զանգել Արամին։

_Իմացի՛ր որտեղ է։

Զանիկը դժգոհությամբ հանեց անդրավարտիքի գրպանից նոր հեռախոսը։ Սակայն ամուսինը չբարձրացրեց։

_Տու՛ր այստե՛ղ,_Նարեկը խլեց հեռախոսը որ ինքը հավաքի աներձագի համարը։ Բայց ինչ տեսավ երբ նայեց հեռախոսի էկրանին։ Զանիկը ոչ մեկին էլ չէր զանգել։ Նարեկը կատաղած ցուլի նման բռնեց Զանիկի խալաթից։

_Գլուխդ կջարդե՛մ, աղջի՛կ, ու՞մ ես ապուշի տեղ դնում։

_Արա՜մ,_սարսափած ճչած Զանիկը,_օգնեցե՜ք, սպանում են։

Ու չգիտես որտեղից պատշգամբում երևաց Արամը, քնաթաթախ, անդրավարտիքը կոճկելով։

_Ի՞նչ ես անում ծո՜,_հազիվ լեզուն բերանում շարժելով ասաց նա։ Ոտքերը հազիվ բերին Նարեկի մոտ։

_Սա՛ քո ամուսի՛նն է, որ տանը չէ՞ր,_բղավեց Նարեկը։ Բաց թողեց Զանիկի խալաթը ու վազեց դեպի Արամը։ Ամբողջ ուժով բռունցքով հարվածեց նրա ծնոտին։ Արամը ցավից գալարվեց հողին։ Նարեկը ևս մի քանի անգամ ոտքերով հարվածեց։ Զանիկը անդադար օգնության էր կանչում։ Բայց ոչ մեկն էլ չերևաց։ Այս բակի վեճերը, ոչ մեկի համար նորություն չէին։

_Բա՛ց թո՛ղ Արամին։ Սպանեցի՛ր,_Զանիկը նետվեց Նարեկի ոտքերի տակ,_բավակա՛ն է… խիղճ ունեցի՛ր…

Նարեկը մղվեց որ ևս մի քանի հարված հասցներ աներձագին։ Բայց ոտքերը ընկած Զանիկը խանգարեց։ Ինքը գուցե և գազան է դարձել, բայց դեռ չի հասել այն աստիճան որ կնո՛ջ հարվածի։

Զանիկը օգնեց մարդուն ոտքի կանգնել։ Արամի բերանից արյուն էր հոսում, շրթունքը պատռել էր։

_Քեզ ի՞նչ է պատահել,_թոթովեց նա։

_Ու դու՛ երե՛ս ունե՞ս նման հարց տալու։ Պատմի՛ր ամեն ինչ, թե չէ կսատկացնե՛մ։

․․․․․

Ուշ գիշեր էր, երբ տեսավ մղձավանջային երազներից հերթականը։

Մի մութ միջանցք, ինքը վազում է նրա միջով թակելով բոլոր դռները, ու բոլորն էլ փակ։ Մեկ էլ տեսարանը փոխվում է․ տեսնում էր իրեն տանը անկողնում պառկած. դրսում անձրև է գալիս։ Մթագնել էր ինչպես դրսում այնպես էլ ներսը։ Ու հանկարծ կայծակը լուսավորում է պատուհանից այն կողմ մի սև ուրվագիծ… տղամարդու կերպարանք… գիշերային մթության մեջ դեմքը չի երևում… մութ ու ահավոր… մեջքով սարսուռ անցավ… ինչպե՞ս է այդ մարդը կանգնել, եթե իր ննջասենյակը երկրորդ հարկում է ու իր կողմից չկա պատշգամբ։ Օդի՞ մեջ… ո՞ր ուժն է պահում հողից այդքան բարձր… Քրտնեց, վախենում էր շնչել… ուրվագիծը չէր շարժվում, համառորեն նայում էր իրեն… այո՛, նույնիսկ չտեսնելով նրա դեմքը խավարի մեջ, Նարեկը մարմնի ամեն բջջով զգում էր, որ այդ դևը անթարթ հետևում է իրեն։ Անշարժ, հորդառատ անձրևի կաթիլների տակ, գլխարկը հագին սև ուրվագիծը սարսափեցրեց Նարեկին։ Նրան թվաց թե սիրտը կանգնելու է… ինքը սատանան է եկել պատուհանից նայում, թե չէ ինչ ուժ պիտի պահի նրան այս բարձրության վրա։

–Սիրունյան, հանգստացի՛ր…