Egretta Garzetta
Խոսք անուղեղներին
Խոսքս ուղղված է բոլոր նրանց, ով ընտրում աղջի՞կ թե տղա՛․․․ ո՛վ տխրում է երբ լսում է․ «Շնորհավորու՛մ եմ, աղջիկ եք ունենալու»․․․ ո՛վ հիասթափություն է ապրում, երբ արդեն ունի երկու աղջիկ, ու աստծուն էր աղոթում՝ այս անգամ տղա խնդրելով։ Ո՛վ ընկերների մոտ անվերջ գլուխ էր գովում, թե ինքը գիտի ինչպես անել, որ տղա ստացվի, իսկ ընկերները շտապում են՝ դրա համար էլ միայն աղջիկներ են ստացվում․․․ նրա՛նց ովքեր ոտից գլուխ հագուստը թարս են հագնում, այնպես եկեղեցի մտնում, միայն թե այս անգամ տղա ծնվի․․․ ո՛վ կնոջն են մեղադրում աղջիկ ծնելու մեջ․․․ ովքե՛ր դիմում են գուշակներին ու հազար ջադուների օգնությանն միայն թե տղա ծնվի․․․ տղա՜․․․ արու՛ զավակ․․․ տոհմի շարունակությու՜նն ու տան պարծա՛նքը․․․ առանց նրա կյանք չկա՛, մոլորակը կա՛նգ կառնի․․․ առանց նրան չկա՜ վաղը, չկա՛ արև, կա միայն խավար ու խղճալի գոյություն․․․ աղջի՜կ․․․ ֆի՜․․․ միայն տղա ու վերջ․․․Լա՜վ չերկարացնեմ․․․ ուրեմն Դու՛ք, բոլոր նրանք, ով գնացել եք ծննդատուն գրպանները լիքը երազանքներ, ու աշխարհին իր «տեղը» ցույց տալու երանությամբ, բայց դուրս եկած գլխիկոր, ամոթից կարմրած, անգամ զայրացած․ «Ինչու՞ աղջիկ»։
Ես ուղիղ հինգ ամիս, քայլում էի ինչպես աքլոր, պարծենում, որ ի տարբերություն բոլոր ընկերների, անպայման տղա եմ ունենալու, իսկ վեցերորդ ամսին երբ իմացա, որ աղջիկ է, հազիվ կարողացա համոզել ինքս ինձ, որ տարբերություն չկա տղա, թե աղջիկ, գլխավորը առողջ երեխա լինի։ Սակայն սրտում դժգոհ էի ու մինչև վերջին օրը փայփայում էի որդի ունենալ․ արու զավակը գրկում մտնելու էի հայրական օջախ։ Ծուռ աչքով նայում էի կնոջս, որն իր քսանամյակը դեռ չբոլորած, մանկական աչքերով որոնում էր իմ հաճոյությունը։ Խեղճը չգիտեր անելիքը, անվերջ կրկնում էր․ «Ոչինչ հաջորդը անպայման տղա կլինի»։ Դեռ առաջնեկը չունեցած, երկրորդի մասին էր մտածում։ Հիմարություն․․․
Անվերջ պատկերացնում էի, ինչպե՛ս ծննդատնից դուրս եմ գալու վիզս ծուռ, ինչպե՛ս ընկերներս շնորհավորելու են ծիծաղով ու տնազ տալով, թե տեսա՞ր ի՜նչ եղավ, պետք չէր չափից ավել պարծենալ։ Հիմա տեսանք, թե դու՛ ի՜նչ տղա ես։ Ու վերջապես ինչպես ասում են, տղան տղա է ունենալու, լավ տղան՝ աղջիկ։
Բայց այս ամենը չպիտի դառնար իրականություն։ Ծննդատնից կնոջս հետ դուրս եկանք երկուսով՝ պարապ ձեռքերով, առանց երեխա։
Առողջ ծնված երեխան մահացավ։ Ո՛չ մի բացատրություն։ Երկու օր ապրեց ու մահացավ․․․ ասես չէր էլ եղել․․․ չի եղել ո՛չ մի երազանք․․․ ո՛չ մի երեխա․․․ ինը ամիս չենք ապրել, սպասել․ այդ ժամանակահատվածը չի էլ եղել․․․ մեռավ․․․ չկա՛․․․ վայրկյանում կորավ ամեն ինչ․․․ սրտում դատարկություն․․․ սառնամանիք․․․ առանց այն էլ դժվար է, բայց ուղեղս ինձ ավելի շատ ցավեցնելու համար միտս է բերում բոլոր արտասանած խոսքերս, թաքնված զգացմունքներս․․․ վիզս ծուռն էր լինելու․․․ հպարտությունս չէր ների՜ ․․․ ե՜ս պիտի աղջի՞կ ունենայի․․․ ե՛ս՝ Վահրամ Ասատրյանի ավագ որդին, գերդաստանի պարծանքն ու հպարտությունը, բարուրի մեջ իգական սեռի ներկայացուցիչ պիտի տանեի պապական շեմ․․․ միթե՞ իմ որդի ունենալու պատճառով չպիտի լսեի գովասանքի խոսքեր ու կենացներ․․․ ուրեմն մտիր տուն առանց բարուր․․․ ձեռքերդ թափ տալով․․․ այն ձեռքերդ, որոնք չէին ուզում աղջիկ գրկել։ Կինդ, որ անդադար մեղադրանքի խոսքեր էր լսում իր հասցեին, նույնիսկ ծննդատուն գալու ճանապարհին անվերջ հորդորում էր, թե ոչինչ հաջորդը անպայման տղա կլինի, փոխանակ իր ցավերի մասին մտածի, քո սիրտն էր աշխատում շահել, հիմա դեմքը թեքել է, քեզ տեսնել չի ուզում, թքած ունի ինչպես քո՛, այնպես էլ քո սրտի՛ վրա։ Օրուգիշեր երեխայի մասին է խոսում, լացում, անվերջ լացու՜մ․․․ տեր աստված շատ ցավոտ ես պատժում․․․ անհնար է դիմանալ․․․ ճիշտ է աղջիկ չեմ ուզել, բայց և երեխուս մահը երբեք չեմ ցանկացել․․․ տեր աստված այս ի՜նչ արիր․․․ մայրս տանը թոռ էր սպասում․․․ աղջիկս տանը արդեն սեփական սենյակ ուներ․․․ ես այդ տուն ոտք չեմ դնի․․․ ախր ամեն ինչ պատրաստ էր․․․ աղջիկ էր, թող լիներ, ոչինչ․․․ բայց ծնունդ տոնելու փոխարեն գնալ գերեզմանատու՜ն․․․ սա ի՞նչ էր․․․ մի՞թե սա իմ կյանքն է․․․ արթնացրեք ինձ այս երազից․․․ չե՛մ ուզում․․․ չե՛մ կարող․․․ իմ խելառ զգացմունքների ու հիվանդ հպարտության պատճառով շիկացած երկաթի մեջ դաղվեցի․․․ այրվել եմ․․․ սիրտ չկա․․․ ոչի՛նչ չկա․․․ Ուրախացեք, որ երեխան ողջ-առողջ դուրս եք գալիս ծննդատնից։ Փառաբանեք աստծուն, որ բալիկ է նվիրել ձեզ․․․ շնորհակալ եղեք ձեր պստիկին, որ որպես ծնող Ձե՛զ է ընտրել․․․ երջանիկ եղեք ու գոհ, որ բարուրը գրկում գալիս եք պապական օջախ։ Իսկ տղա է թե աղջիկ, դա ընդհանրապես չունի նշանակություն։