Выбрать главу

Մոտիկ ընկերը՝ Վահանը, հաճախ պատմում էր, որ հավանել է մի աղջկա, սակայն միշտ բացասական պատասխան է ստանում։

–Ցույց տուր վերջապես նրան։ Արդեն հետաքրքիր է ո՞վ է այդ աղջիկը, որ խելքդ հանել է։

Գնացին օրիորդի աշխատած տեղը։

–Ահա՜, նա է։

Վահանը դուրս ցատկեց մեքենայից։ Երբ Արամը գլուխը դարձրեց նրա ցույց տված ուղղությամբ, աչքերը քարացան։ Սոֆի՞ն․․․

–Արամ, արի ծանոթացնեմ,—ընկերը արդեն օրիորդի մոտ էր։

Արամը տեսավ ինչ տպավորություն թողեց օրիորդի վրա ինքը։ Բայց և ինքը պակաս հուզված չէր։ Սոֆին անթարթ նայում էր իրեն։

–Մոտիկ ընկերս է, Սո՜ֆ․․․ ինչ գույնդ գցեցիր, չենք փախցնելու,—ժպտաց Վահանը,—մենք ադաթներով ապրող մարդիկ ենք ու առանց համաձայնության հարսանիք չի լինի։

–Եթե ադաթով ես ուզում, Վա՜ն, ապա ճիշտը կլինի փախցնել։—Արամը նայեց աղջկա աչքերի խորքը։

Սոֆի հիպնոզի տակ մնացածի նման արձանացել էր։

Մի վայրկյան Արամի մտքով անցավ, որ ուշաթափվելու է։ Վահանը երևի չգիտի, ով է այս աղջիկը։ Ի՞նչ անել։ Հեռանալ, թե մնա՞լ։ Գուցե հարմար պահ գտնել խոսել հետը, կամ վերցնել հեռախոսահամարը, հետո զանգել խոսել։ Բայց ինչի՞ մասին։ Մի գիշեր էր անցավ գնաց։ Բայց արի ու տես ինչ զուգադիպություն։ Ասում են որ աշխարհը կլոր է։ Դե հիմա հաստատ համոզվեց դրա մեջ։ Ինչու հարյուրհազարանոց քաղաքում, Վահանը հավանել է հենց այս աղջկան։ Ուշադիր նայեց ընկերոջը։ Լուրջ սիրահարվել է։ Դե հա, սպասեք, ուրեմն սրա մասին է կես տարի պատմում։ Այ, քեզ բա՜ն․․․ Արամը բռնեց գլուխը, խուսափեց Վահանին նայելուց։ Միթե չկա՞ր ուրիշը։ Աչքի տակով ոտից գլուխ չափեց Սոֆիին։ Նա համրացել ու քարացել էր։ Իսկ և իսկ արձան։ Իսկ ինքը եղել այդ արձանի ծոցում, բայց այն ժամանակ Սոֆին ոչ թե մարմարից էր, այլ հողեղեն մարմնից, այն էլ ի՜նչ մարմնից։ Արամը բերանի անկյուններով ժպտաց։

–Ինչու՞ ես եկել,—վերջապես լսվեց օրիորդի ձայնը։

–Եկել եմ ծանոթացնեմ քեզ ընկերոջս հետ։

Սոֆին չնայեց Արամի վրա։ Բայց վերջինս հայացքը չէր հեռացնում, օրիորդից։ Նույն խնամված դեմքը, փափուկ բաց շագանակագույն մազերը, հագին թեթև գարնանային շրջազգեստ ու միջին չափի կրունկով կոշիկներ։ Ամեն ինչ նուրբ ճաշակով ու վերին աստիճանի համեստ։ Բա ի՞նչ էր այն գիշեր․․․ այս աղջիկը չէ՞ր, որ գրկում համբուրում էր իրեն, ու ծածկեց դեմքը ցավից, երբ չկար հետդարձի ճանապարհ։

–Սոֆի՜․․․

Բայց օրիորդը առանց հետ նայելու արագ քայլերով հեռացավ։

–Ա՜յ, սա է իմ Սոֆին։

–Ինչպես հասկացա դեռ քոնը չի։—մի վայրկյան աչքերը հեռացող Սոֆիի վրա պահելով, ասաց Արամը։

–Դա միայն ժամանակի հարց է։

Արամը ձայն չհանեց։ Բայց երեկոյան տանը երկար մտածեց ապագա խոսակցության մասին։ Չգիտեր որն էր առաջնային, ընկերոջը պատմել կատարված դեպի մասին, թե սկզբում խոսել Սոֆիի հետ։ Կամ գուցե ընտրել երրորդ տարբերակը, չխառնվել ընդհանրապես։ Աղջիկը իրեն իհարկե ճանաչեց։ Դեմքը մոմ դարձավ իր հայտնվելուց հետո։ Եթե մի քիչ խելք ունի, ապա ինքը կհեռանա։ Բայց եթե խելք ունենար այսպես չէր անի։ Ինչու՞ էր իրեն այսպես ազդել Սոֆիի անմեղությունը չգիտեր։ Զգում էր, որ նրա արարքի մեջ կար հետաքրքիր նախաբան։

Արամը երկար ժամանակ չէր կարող հավաքել մտքերը ու չգիտեր անելիքը։ Դժվար էր, որովհետև չէր կարող հանգիստ նայել ընկերոջ աչքերին, և տանել այն փաստը, որ իր տուն հաճախ պիտի մտնի ընկերոջ կինը, որը եղել է իր անկողնում։ Սակայն դա էլ հեչ․․․ ավելի հետաքրքիր է լինելու, եթե Վահանը իմանա։

–Արամ, քեզ ի՞նչ է պատահել,—անհանգստացավ կինը երեկոյան ընթրելիս։

–Ոչինչ, Նա՜զ, ամեն ինչ նորմալ է։

–Բայց մի տեսակ ես։

Արամը խոսքը ջուրը գցեց։ Քնելուց առաջ մի լավ խաղաց աղջիկների հետ։ Ինչպես կինը ասում էր․ «Հոգիները հանեց»։ Մեծը՝ Անուլիկը, յոթ տարեկան էր, նման էր մորը, իսկ փոքրը՝ Աստղիկը՝ չորս տարեկան՝ իրեն։

–Մենք պիտի խոսենք,—ասաց նա մյուս օրը Սոֆիին, երբ օրիորդը առավոտյան եկավ աշխատանքի։ Երկար սպասեց պատի տակ մինչև նա եկավ։ Սոֆին կարմրեց, աչքերը խոնավացան։ Արամը նկատեց ինչպես են դողում նրա բարակ երկար մատները։ Նա իրար վրա քաշեց երկար բրդից գործված բարակ բաճկոնը, անհանգիստ շունչ քաշեց, փախցնում էր հայացքը։

–Աշխատանքից հետո խոսենք։ Հիմա հարմար չի։

–Լավ։ Սա իմ հեռախոսահամարն է։ Կզանգե՛ս։

Սոֆին գլխով արեց։ Նրա աչքերի մեջ Արամը տեսավ անհատակ տխրություն։ Երևի մտքից չէր անցկացնում, որ կարող է մի օր ինձ հանդիպել։ Ժամը վեցն էր երբ Սոֆին մտավ պուրակ ու երերուն քայլերով մոտեցավ նստարանին, կարծես կառափնարանին էր մոտենում։ Արամը ոտից գլուխ չափեց նրան։ Օրիորդը այդ անհամեստ հայացքից վատ զգաց իրեն։ Բայց ուժ գտավ իր մեջ ու դիմացավ։

–Սոֆի՜․․․ նստի՛ր․․․

Օրիորդը հնազանդվեց։ Նստավ նստարանի ծայրին, քաշեց իրար վրա բաճկոնի փեշերը ու պինդ սեղմեց իրեն, պայուսակը դրեց ծնկներին։ Սկզբում լուռ էին երկուսն էլ։ Աղջիկը դարձել էր լսողություն։ Արամը տեսնում էր, ինչպես նա աշխատում է մեջքը ուղիղ բռնել, իսկ գլուխը՝ բարձր։