–Ինչպե՞ս ես Սոֆի։ Այդպես էր անունդ չէ՞։
Մի ըմբոստ հայացք եղավ պատասխանը։ Արամը խորասուզվեց այդ աչքերի մեջ։ Բայց Սոֆին պտտեց գլուխը հակառակ կողմ, ավելի սեղմեց պայուսակը իրեն ու բաճկոնի օձիքը ուղղեց, ծածկեց վիզը։
–Ես եկա որ ասեմ քեզ․․․ ձե՛զ․․․
Արամը հազիվ զսպեց ծիծաղը ձե՜զ։ Հետաքրքրությամբ նայեց կողքինի սփրթնած դեմքին։
–Ձե՜զ․․․ Ինձ թվում է ձեզի սահմանը մենք վաղուց անցել ենք։
Սոֆիի ձեռքը մի անհանգիստ շարժում արեց։ Խոնավ աչքերը հանդիմանությամբ նայեցին։ Արամը չգիտեր խղճար, թե ի՜նչ․․․ ի՞նչ պիտի աներ․․․
–Մի՛․․․ մի վիրավորեք ինձ․․․ ես սխալ եմ եղել, ու մեղքը միայն իմն է։ Սակայն դա իրավունք չի տալիս ձեզ վիրավորել ինձ։
–Բայց ես ի՞նչ ասացի որ։
–Դուք ինքներդ լավ գիտեք ինչ նկատի ունեիք։ Մի նվաստացրեք ինձ․․․
Օրիորդը լռեց, նայեց գետնին։ Արամը նկատեց, որ ամբողջ ժամանակ ինչ խոսում էր, փախցնում էր աչքերը։ Նրա կարմրած դեմքը, ու ողջ պահվածքը միայն հարցեր էին ծնում Արամի ուղեղում։
–Սոֆի, ես երկար եմ մտածել այն օրվա մասին, բայց այնպես էլ բացատրություն չեմ գտել արաքիդ։ Իհարկե մենք վաղեմի ծանոթներ չենք ու ես չունեմ իրավունք քեզ նման հարց տալու։ Սակայն ինչու՞․․․ ինչդ էր պակաս․․․ կամ ում ինադու փչացրիր ապագադ․․․ դե հա, հիմա ոչ բոլորը պահպանում են մեր հին օրենքները և ոչ բոլոր տղամարդկանց համար նշանակություն ունի անմեղությունը, սակայն․․․
–Մի հիշեցրեք․․․ չեմ ուզում,—Սոֆին նայեց հեռվում խաղող երեխաներին։ Արամը հասկացավ որ նրա աչքերը ոչինչ չեն տեսնում։ Սա ձևացնում է, թե իրոք փոշմանե՞լ է։
Արամը ինչ Սոֆին եկել էր չէր հեռացնում հայացքը նրանից։
–Իսկ Վահա՞նը։
–Ի՞նչ Վահանը։ Վահան չկա։
–Այսի՞նքն։
–Այսինքն դա իմ գործն է։ Ու ես հաշվետու չեմ ձեզ։
“Այ քեզ փոփոխություն”․ զարմացավ Արամը։
–Իմ գործն է։ Չեմ ուզում, որ ընկերս պոզավոր եղջերու դառնա։
Սոֆիի դեմքը երկարեց, աչքերը կլորացան ու շրթունքները կծկվեցին։ “Ի՞նչ եղավ սրան։ Երևի խփելու է”։
–Մի՛ խոսեք իմ հետ այդ տոնով։ Դուք իրավունք չունե՛ք։
Արամը լսում էր արցունքներ նրա ձայնի մեջ։
–Դուք իմ մասին ոչինչ չգիտեք։
–Ինչպես և դու իմ։
Սոֆին նայեց Արամին։
–Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից։
Արամը ձեռքը ձգեց դեպի օրիորդի պայուսակին դրված ափը։ Սոֆին օձից խայթվածի նման ցատկեց տեղից։
–Չհամարձակվե՛ք։ Ու՞մ տեղն եք դրել ինձ։
–Սոֆի՞: Թատերական ներկայացու՞մ է։
Մի ծաղրական ժպիտ երևաց օրիորդի դեմքին։ Նույն հայացքը Արամը տեսել էր այն գիշեր, երբ նա ասաց․ «Բոլոր տղամարդկանց նույնն է պետք, միայն մարմինը»։ Ինքն էլ ոտքի ելավ։ Փոշմանեց։ Եկել էր Վահանի մասին խոսել, սակայն խոսակցություն չստացվեց։
–Սոֆի՜․․․
–Մի մոտեցեք ինձ։
Օրիորդը հեռացավ, համարյա փախավ։ Թող գնա հանգստանա, հետո կխոսեն։ Ինչ տարօրինակ պահվածք էր։ Եվ ինչու է անընդհատ քաշում ծածկվում բաճկոնով մինչև վիզը։ Ի՞նչ ես այդտեղ չեմ տեսել։
Մի քանի օր անց նորից եկավ Սոֆիի մոտ, բայց ոչ թե խոսել, այլ հետևել նրա պահվածքին։ Արդյոք նորմալ աղջիկ է, թե ձևացնում է։ Կատարվածը պահի սխալմունք էր։ Ինչու՞ էր կպել այդ աղջկան։ Սա լոկ հետաքրքրությու՞ն է, թե կա ուրիշ զգացմունք։ Բա կի՞նը՝ Նազիկը։ Որոշեց մի քանի օր հետապնդել օրիորդին։ Մի օր տեսավ ինչպես եկավ Վահանը, բայց ինչպես եկավ, այնպես էլ գնաց։ Տեսավ նաև ինչպես նա գնում է տուն ու հաճախ դուրս գալիս պատշգամբ նստում նայում երկնքին։ Երկու շաբաթվա ընթացքում ինչ ինքը հետևում էր Սոֆիին տարօրինակ ոչինչ չէր տեսել։ Բայց նկատեց ինչպես էր մթնում օրիորդի դեմքը ու դառնում մտախոհ։ Եթե չլիներ աշխատանքը, Արամը, քսանչորս ժամ պիտի հետևեր նրան։ Սակայն սեփական կյանքը վերադարձնում էր իրականություն ու ստիպում մտածել կնոջ ու երեխաների մասին։
Անցավ ևս մի ամիս ու ինքը արդեն պատրաստ էր մոռանալ Սոֆիի մասին, սակայն Վահանի զանգը ու նրան հաջորդող հանդիպումը, տակնուվրա արին իր կյանքը։
–Արի՜, Արամ, արի․․․ ես պիտի խոսեմ քո հետ․․․ անպայման պիտի կիսվեմ, թե չէ խելքս գցելու եմ։
Արամի սիրտը կասկած մտավ։ «Չլինի թե Սոֆին ամեն ինչ պատմել է»։
Գնացին խոհանոց։ Վահանը հանեց բաժակները։
–Պետք չի։ Առավոտ կանուխ․․․ Վա՜ն, առանց այն էլ շատ ես խմում․․․
–Ճիշտ ես․․․ պետք է թարգել խմիչքը․․․ դա է իսկական չարիքը․․․ դրա պատճառով են բոլոր պրոբլեմներս․․․
–Ի՞նչ է պատահել։ Ինչու՞ ես այսպես հուզվել։
Արամը սպասեց պատասխանի։ Մի՞էե Սոֆին պատմել է։ Սակայն Վահանը լռում էր։ Նա նյարդայնացած անցուդարձ էր անում խոհանոցում։ Վերջապես կանգնեց ու մի շնչով արտասանեց։
–Արա՛մ․․․ ես մի բան արել եմ, վատ․․․ շա՜տ վատ․․․
–Ի՞նչ, Վա՜ն․․․
–Չգիտեմ ինչպես ասեմ, ամաչում եմ։
–Ինձնի՞ց։ Վա՜ն, դու այն մարդն ես որ գիտի իմ մասին ամեն ինչ, սկսած աշխատանքից, ավարտած նախշունիկներով։ Ի՞նչ ես արել․․․ որ այս վիճակում ես։