Նրա անզգույշ շարժումն արթնացրեց ինձ իմ մտորումներից ու աչքերս չռած սկսեցի հետևել, թե ինչպես է փորձում իրեն ոչ ծանոթ, բայց ըստ երևույթին դուր եկած յուղոտ խորտիկը ամանում տեղավորել:
–Ես նեղացել եմ Ձեզանից.խոստացել էիք, որ քաղաք ման գալու ենք գնալու:
–Չեմ մոռացել,-ժպտաց Պարոնը,-հագնվիր գնանք: Միայն արագացրու:
Ես վերցրի զգեստս ու վազելով նրա մոտ եկա:
–Ինչու ես կանգնել?ինչու չես հագնվում?-զարմացավ նա:
–Կհագցնեք ինձ?
Սկսեց ծիծաղել:
–Դու քեզ կամակոր արքայադստեր պես ես պահում:
–Միթե կնոջ համար վատ է կամակոր արքայադուստր լինելը?հանվեցնել սիրում եք, բայց հագցնել չեք շտապում…
Գիտեի, որ Պարոնը անիմաստ կհամարի կամակորությունս, բայց դիտավորյալ էի անում: Նրան երեխայություն են թվում իմ խնդրանքները, բայց ինձ աննկարագրելի հաճույք է պատճառում տեսնելը, թե ինչպես է ինձ զիջում: Ամեն անգամ զիջելիս նա ինձ ավելի տղամարդկային, առնական ու բարձր է երևում:
Նա հագցրեց զգեստս, ու ես ուրախ-ուրախ վազեցի կոշիկներս բերելու: Գիտակցում եմ, որ Պարոնը երևի ինձ ետ կուղարկի Ֆրանսիա, եթե հիմա էլ ասեմ, որ ուզում եմ կոշիկներս հագցնի, բայց ի զարմանս ինձ նա ինքը առաջարկեց օգնել:
–Ավելի ճիշտ կլիներ, եթե կոշիկներդ խնդրեիր հագցնել.այդպես ավելի արքայադստեր կնմանվեիր.ասենք մոխրոտիկին:
Նա կանգնել է դռան մոտ ու ծիծաղում է:
–Ինչու եք ինձ ծաղրում?
–Ուշադրություն գրավելուդ ձևերը մոտս ծիծաղ են առաջացնում: Լավ, մի նեղացիր: Արի դուրս գանք ավելի լավ է, շուտով կմթնի:
Պարոնը բռնեց ձեռքիցս ու դուրս եկանք հյուրանոցից: Եղանակը սպասվածից ավելի տաք է:
–Իսկ ուր ենք գնալու?-հետաքրքրվեցի ես:
–Ես`քայլելու, դու`չգիտեմ,-կատակեց նա:
Այդ պահին կտորեղենի խանութի մոտով էինք անցնում:Պարոնից ետ մնալով`սկսեցի ցուցափեղկին դրված զգեստներով հիանալ:
–Ինձ այն կարմիրը դուր է գալիս,-գրկեց ինձ նա,-արի խանութ մտնենք, փորձիր:
Երբ ներս մտանք, մեր առաջ բացվեց կարճ ու երկար, շքեղ ու հասարակ, գունագեղ ու խամրած զգեստների լայն տեսականի: Մեկը մյուսից գեղեցիկ ու թանկարժեք:
–Որը կուզեիր հագնել?-հարցրեց Պարոնը:
–Իսկ Դուք որը կուզեիք իմ հագից հանել?-ծիծաղեցի ես:
–Համենայն դեպս ոչ քո վարդագույն զգեստի նման դժվարարձակելի մեկը:
–Ես էլ եմ կարմիրը հավանում:
Իմ ու Պարոնի ճաշակը լավն էր, զգեստը ասես ինձ համար կարված լիներ: Պինդ գրկում է իրանս ու նրբորեն ընդգծում բարեմասնություններս: Շատ կարճ չէ հագովս, բայց երկար էլ չէ: Գույնը կարմրի խամրած երանգն է ու շատ սիրուն է նայվում: Ես նկատել էի, որ այն թանկարժեք է, բայց ոչինչ չասացի:
–Քեզ շատ է սազում,-գորովանքով ինձ է նայում նա,-դու արժանի ես այն կրել:
–Դուք եք արժանի բռնել նման զգեստ կրողի ձեռքը…
Ես նրա վզովն ընկա ու համբուրեցի:
–Դե փոխվիր, որ քայլելու գնանք, իսկ նոր զգեստդ զգուշորեն պահիր, մինչև հյուրանոց հասնենք:
Ես չռեցի աչքերս:
–Բայց ես ուզում եմ նոր զգեստով քայլելու գալ: Ձեր նվերը ընդունում եմ, որ առաջնահերթ Ձեզ համար գեղեցիկ լինեմ ու ոչ միայն չեմ պատրաստվում զգեստը զգուշորեն պահել, այլև հյուրանոցում դրանով եմ շրջելու:Սիրելի տղամարդու համար գեղեցիկ լինել ամենուր է պետք…
Արդեն մթնել էր, երբ հասանք քաղաքի արվարձաններից մեկը: Տեղանքն ինձ ռոմանտիկ թվաց, բայց ամենից շատ մոտակայքում երևացող կարուսելներն ուշադրությունս գրավեցին:
–Եկեք կարուսել նստենք,-թռչկոտեցի ես:
–Նստիր, եթե ուզում ես,-հառաչեց նա:
–Բայց ինչու չեք ուզում հետս զվարճանալ?-հարցրի ու ակամա լեզուս կծեցի:
Երևի չպիտի նրան այդպիսի բան առաջարկեի: Յուրաքանչյուրն էլ Պարոնի փոխարեն իրեն վատ կզգար: Ես մոռանում եմ, որ կողքիս ինձ հասակակից մեկը չի կանգնած, ով իմ ամեն հետաքրքրություն պատրաստ է կիսել: Ակամա ուրախացա,որ մենք ամուսնացած չենք: Ինչքան էլ` նա իր տարիքի համեմատ երիտասարդ է երևում ու շատ հարցերում ազատամիտ է, մեր միջև անդունդ կա, ու այն խորն է…
–Լավ, փոշմանեցի, եկեք շարունակենք քայլել,-կայտառացա ես:
–Չէ, արի կարուսել նստենք: Մարդ չկա շրջակայքում, ինձ ազատ կզգամ:
–Եթե լիներ էլ, ինձ թվում է`արտասովոր ուշադրություն չէր դարձնի: Մարդիկ երեք վայրկյան քեզ են նայում, մնացյալ հարյուր տարին`իրենք իրենց…
Մենք նստեցինք ամենաանվտանգ կարուսելը: Այն պտտվող էր, իսկ ամեն նստարանին կարող էր երկու հոգի տեղավորվել:
Չնայած ամրագոտի էի կապել, բռնեցի Պարոնի ձեռքն ու ամուր գրկեցի նրան: Ոչ մի ամրագոտի չի կարող սիրելի մարդու ձեռքերի հետ համեմատվել: Նրա գրկում է միայն, որ ես ինձ լիարժեք պաշտպանված ու ապահով եմ զգում:
Երբ իջանք կարուսելից, երկուսիս տրամադրությունն էլ բարձր էր: Ոչինչ այնքան չի մոտեցնում մարդկանց, որքան համատեղ ապրած վառ զգացմունքները: Մենք սովորականից ավելի ջերմ ենք իրար գրկել ու սովորականից ավելի բարձր ենք զրուցում: Սովորականից ավելի երջանիկ ենք երևի…
Պաղպաղակ ուտելով` մոտակա այգին հասանք ու որոշեցինք հյուրանոց գնալուց առաջ մի փոքր դադար առնել:
–Տեսաք, ինչ լավ եղավ, որ կարուսել նստեցինք: Ինձ շատ դուր եկավ: Հաճույքից սիրտս շատ արագ էր բաբախում ու անկախ ինձանից բարձր ծիծաղել էի ուզում: