Выбрать главу

–Ես քեզ այսօր սովորականից ավելի շատ եմ սիրում,-ժպտաց նա:

–Ես էլ Ձեզ…

–Քեզանից չի, որ չհարցրիր, թե ինչու:

–Եթե մի բան առանց բառերի էլ հասկանում ես, իմաստը որն է հարցնելու?-ծիծաղեցի ես:

–Բայց միթե դու հասկացար?-զարմացավ Պարոնը:

–Սիրո հիմքում ներդաշնակությունն է ընկած: Երբ միասին կարուսել նստեցինք, ես զգացի,որ մեր սրտերը նույն հաճախությամբ էին բաբախում, իսկ երբ բարձր ծիծաղում էինք, ինձ մի պահ թվաց, որ մեր ձայնալարերն էլ են տատանվում նույն հաճախությամբ…

–Ինչ ներդաշնակություն կարող է լինել տասնյոթամյա աղջկա ու քառասունին մոտ տղամարդու միջև?-հառաչեց նա:

–Երբ կարուսելների մոտ էինք, մի բան մտքովս անցավ, կարելի է հարցնել?

–Լսում եմ:

–Ինչն է Ձեզ երջանիկ դարձնում?

–Քեզ երջանիկ դարձնելը…

Ես լիզեցի պաղպաղակոտ շուրթերս ու խորհրդավոր հայացքով սկսեցի դիտել Պարոնին: Նա ինձ առաջին անգամ անասելի մտերիմ ու հոգեհարազատ թվաց: Ես զգացի, որ սիրում եմ ինձանից այդքան տարբեր տղամարդուն, ում համար երջանկություն է ոչ թե երջանիկ լինելը, այլ մեկին երջանիկ դարձնելը…

–Միթե բոլոր տղամարդիկ են այդպիսին?

–Այն տղամարդը, ով երջանիկ չի զգում քեզ երջանկացնելիս, քոնը չէ:

Նա մի պահ դիտեց ինձ ու այտս շոյելով ավելացրեց.

–Աչքերդ փակվում են հոգնածությունից: Արի հյուրանոց գնանք, առավոտյան կզրուցենք:

Ժամը 23:30

Երբ արթնացա, կեսօր էր արդեն: Սովորականի պես վազեցի խոհանոց,որպեսզի ինձ համար կաթով սուրճ պատրաստեմ ու քաղցրավենիք ուտեմ:

Ներս մտնելով` նկատեցի, որ Պարոնը, ով խոհանոցում է քնում, դեռ չի արթնացել, ուստի որոշեցի հնարավորինս անաղմուկ սուրճ եփել, որպեսզի չխանգարեմ նրան: Նա քնած ժամանակ աննկարագրելի գեղեցիկ է, երկար թարթիչները յուրահատուկ ընդգծվում են, ու ինչն ամենաշատն է ինձ գրավում, Պարոնը ոչինչ գիտակցել ու կառավարել չէր կարող…նա ինձ քնած ժամանակ անասելի բնական ու անթերի է թվում:

Տրամադրությունս աննկարագրելի լավ է, քանի որ մտքումս դեռևս պտտվում են նախորդ գիշերվա կարուսելը, պաղպաղակն ու կարմիր զգեստը:

Ես սուրճ եփելու իմ յուրահատուկ բաղադրատոմսն ունեմ: Սուրճը կոչվում է հաճույք, ու նրա առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում է կաթով, վանիլով ու շոկոլադի փոշիով:

Հազիվ էի տաք հաճույքը բաժակի մեջ լցրել, երբ հանկարծ այտերս բերկրանքից կարմրեցին,ու թափառող հայացքս կանգ առավ Պարոնի կարմիր բլուզի վրա:

Ես հագիս թեթև զգեստ ունեի, ուստի արագ հանվեցի ու Պարոնի բլուզը վրաս գցեցի: Մեջը ծիծաղելի եմ նայվում,որովհետև մինչև ծնկներս է հասնում ու լայն է վրաս, բայց, այնուամենայնիվ, ես ինձ աննկարագրելի տաք ու երջանիկ եմ զգում:

Մի քանի րոպե հայելու մոտ կանգնելուց ու ինձանով զմայլվելուց հետո վերցրի սուրճով լի բաժակը, մի մեծ կտոր տորթ ու տեղավորվեցի Պարոնի կողքին: Բազմոցը բավականին մեծ է, ուստի ես ինձ ազատ եմ զգում: Սկզբում որոշեցի սուրճի հետ հաշիվներս մաքրել, որովհետև չէի սիրում գոլ վիճակում խմել: Երկու ափով ամուր բռնեցի դեղնավուն բաժակն ու առաջինը ոչ թե շուրթերս,այլ քիթս մոտեցրի: Մի քանի վայրկյան կլանեցի անուշ բուրմունքն ու բաժակը մի կողմ դրեցի: Հետաքրքիր է`որ բույրն է ավելի հաճելի`Պարոնինը թե սուրճինը? Որոշեցի պարզել: Դեմքս մոտեցրի Պարոնին ու մեղմորեն գրկեցի: Դեռ չի հասցրել օծանելիք ցանել, ու ինձ անասելի դուր եկավ նրա մարմնի հոտը: Զարմանալի է, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ չէինք գրկախառնվել կամ համբուրվել, բնազդաբար ցանկանում էի այդ հոտը քաշել: Ասես կռահում էի, որ այն ինձ անպատճառ դուր կգա: Իմ այտերը սահում են նրա այտերի վրայով ու ակամա շառագունում են հուզմունքից: Իմ ձեռքերի, մատների ու մեջքի վրայով դողի հատիկներ են վազում: Պարոնի այտերը սուրճից էլ տաք ու անուշ են, ու դրանց դիպչելով ես հասկացա, որ սուրճի փոխարեն Պարոնի անունը պիտի հաճույք դնեի…

–Քնած ես?-քնկոտ ձայնով շշնջաց նա:

–Որոշեցի պարզել սուրճն է ավելի համեղ բուրում թե Դուք…

Նա բարձրացրեց գլուխն ու սկսեց ծիծաղել:

–Կարող է դու ես քո զգեստներն օդանավակայանում մոռացել?ինչու ես իմ բլուզը հագել?

–Կլինի վերջին էքսպերիմենտն անեմ?

–Հիմա ինչ ես մտածել?

–Ուզում եմ հասկանալ` տորթն է ավելի համով թե Ձեր շուրթերը,-աշխուժացա ես:

Չկարողացա շարունակել խոսքս, որովհետև բերանս տարա կրեմով տորթի այնքան մեծ կտոր, որ ծամելն անգամ դժվար էր: Պարոնը հանգիստ նստել ու դիտում է կրեմոտ մռութս, որը հաճույքից ավելի է գեղեցկացել:

–Ինչու եք ժպտում?

Ես այրվող ափերով գրկեցի նրան ու շառագունած այտերս դեմքին հպեցի: Ակամա աչքիս առաջ հայտնվեց նախորդ օրվա մեր զբոսանքը, ու ես զգացի, որ էլ երբեք ուրիշ տղամարդուց կարմիր զգեստ չեմ ընդունի: Ոչ նրա համար, որ զգեստներ չեմ սիրում, այլ որովհետև ցանկություն չունեմ Պարոնից բացի ուրիշ մեկի համար գեղեցիկ լինել: Հիշեցի մեր պտտվող կարուսելն ու զգացի, որ կյանքում ուրիշի հետ կարուսել չեմ նստի: Ոչ նրա համար, որ կարուսելներ չեմ սիրում, այլ որովհետև վստահ էմ,որ ոչ մեկը չի կարողանա ստիպել իմ սրտին ծիծաղել այնպես, ինչպես Պարոնը ստիպեց: Տրամաբանորեն հասկանում եմ, որ երեխայություն է կարծելը, թե էլ երբեք որևէ մեկին չեմ սիրի, պարզապես ներսումս շարժվում է մի բան, որը վեր է տրամաբանությունից ու գիտակցությունից: Ես բնազդաբար եմ զգում, որ նա վերջին իմ սերն է: Ոչ նրա համար, որ սիրել չեմ կարող, այլ որովհետև Պարոնից բացի ուրիշ մեկին սիրել չեմ ուզում…