Выбрать главу

Մի քանի ժամից կլուսանա, ուզում եմ մի քիչ էլ քնել:

*

Արթնացա ոչ թե զարթուցիչի, այլ օրագրիս` հատակին ընկնելու ձայնից: Տրորեցի աչքերս`փորձելով իրականություն վերադառնալ ու, երբ գիտակցության եկա, նկատեցի, որ հայրս, գրասեղանիս մոտ կանգնած, ընթերցում է գրառումներս: Նա մեջքով դեպի ինձ է շրջված, ուստի չի կարող տեսնել, որ իրեն եմ նայում: Արագ հագնվեցի ու դեպի նա վազեցի:

–Տուր,-գոռացի ես,-չէ որ, դա իմ անձնական իրն է, ու թույլ չեմ տվել դիպչել:

Նա հանկարծակիի եկավ, մատները դողացին ու, բարեբախտաբար, օրագիրս նորից ձեռքից ներքև գցեց: Կռացա ու վերցրի: Ներսումս կատաղություն ու զայրույթ եմ զգում: Հետաքրքիր է`բոլոր ծնողներն են այսքան անտանելի? Առաջ, երբ դեռ դպրոցս չէի փոխել, կյանքից ոչինչ չէի հասկանում, իմ իրավունքների մասին չգիտեի, պատկերացում չունեի, թե իրեն ինչպես պիտի պահի ծնողը, պաշտում էի հորս ու մորս, իսկ հիմա նվազագույնը ատելություն եմ զգում նրանց հանդեպ: Մոտս այնպիսի զգացում է, որ սխալմամբ եմ այս ընտանիքում հայտնվել: Ոչ ծնողներս են իմ պատկերացումներին համապատասխանում, ոչ էլ, առավել ևս, ես`իրենց: Ամենից շատ զայրացնում է այն, որ նրանք իմ մեջ չեն տեսնում անհատ, ով իր ցանկությունները, մտքերն ու զգացմունքներն ունի: Բոլոր մարդիկ էլ էգոիստներ են, պարզապես մի մասը գիտակցում է դա, իսկ մյուսը`չէ: Ծնողներս երկրորդ խմբին են պատկանում ու չեն կարողանում խոստովանել, որ իրենց բոլոր գործողությունների հիմքում էգոիզմն է ընկած, ոչ թե սերը: Եթե նրանք վերահսկում են ամեն քայլս, ապա ոչ թե այն պատճառով, որ սիրում են ինձ, այլ որովհետև վախենում են շրջապատի կարծիքից, որ հանկարծ որևէ մեկն իրենց անուշադիր, անպատասխանատու ծնող չհամարի: Եթե ինձ ևս մի հնարավորություն տրվեր կյանքս նորից սկսելու, ուրիշ հայր ու մայր կընտրեի:

Ես ամուր սեղմել եմ օրագիրս ափերիս մեջ ու նորից անկողին եմ մտել: Դեմքս կատաղություն ու դժգոհություն է արտահայտում: Հայրս մոտեցավ սենյակիս դռանը, որ դուրս գա, բայց հանկարծ դեպի ինձ շրջվեց.

–Հիմարություններ գրելու փոխարեն դասերով զբաղվիր:

Նա դանդաղ քայլերով հեռացավ, իսկ իմ աչքերն արցունքներով լցվեցին: Հայրս երբեք չի նկատել իմ տաղանդները, չի փորձել հասկանալ, թե ինչ տեսակ մարդ եմ, ինչի մասին եմ երազում: Նա ուզում է, որ ես բոլորի պես լինեմ`գերազանց ավարտեմ դպրոցը, տեխնիկական կրթություն ստանամ, որն ինձ բարձր վարձատրվող աշխատանք կերաշխավորի, բայց երբեք չի հետաքրքրվել, արդյոք այդպիսի կյանք եմ ես ինձ համար պատկերացնում: Նա սովոր է ամեն ինչ իմ փոխարեն ընտրել, թույլ չտալ, որ ես իմ սխալներն անեմ ու երբեմն էլ վատ հետևանքներ ստանամ դրանց համար: Չէ որ, մարդիկ այդպես են սովորում պատասխանատու ու ինքնուրույն լինել:

Ժամը յոթն է լինում: Արագ վեր կացա տեղիցս, ափերս քսեցի վերնաշապիկիս, որ ճմրթված մասերը ուղղեմ, հետո մազերս կարգի բերեցի: Հորանջելով դուրս եկա սենյակիցս ու դեպի խոհանոց քայլեցի: Գլխիցս դուրս չեն գալիս հորս խոսքերը, որ գրածներս հիմարություն են: Միգուցե ես, իրոք, ինքս ինձ ներշնչել եմ, որ գրող եմ, այնինչ իրականում ոչնչություն եմ:

Երբ մոտեցա գազօջախին, նկատեցի, որ մայրս էլ է խոհանոցում: Ուշադրություն չդարձրի նրա վրա:

–Լիլի, սուրճ պատրաստիր:

Ձայն չհանեցի: Չեմ ցանկանում խոսել հետը: Զզվանք եմ զգում:

–Լիլի?

Ներսս այրվում է վրեժի պահանջից: Գիտեմ, որ նրան ցավ է պատճառում իմ արհամարհանքը, ու դիտավորյալ լռում եմ:

–Չես լսում?

Թող հանգիստ թողնի ինձ, ես պարտավոր չեմ շփվել մարդու հետ, ով ինձ տհաճ է: Ծնող լինելը երաշխիք չէ, որ քեզ կսիրեն:

–Ինչու փչացրիր օրս?-գոռաց նա,– ես քեզ ինչ եմ արել, որ նման վերաբերմունքի եմ արժանանում?

Դե իհարկե, բարոյական ստորացումները, ֆիզիկական բռնությունն ու հոգեկանս քայքայելը մեր օրերում ոչինչ են համարվում: Առաջ փոքր էի ու ինքս ինձ պաշտպանել չէի կարողանում, մտածում էի, որ ծնողներն իրավունք ունեն հետս վարվել այնպես, ինչպես ուզում են: Հիմա ամեն բան փոխվել է: Ստիպված կլինեն քաղել իրենց ցանած սերմերի դառը պտուղները: Այնքան կցավեցնեմ, մինչև արդարությունը վերականգնվի: Ինչքան իրենք են իմ ծնողները, նույնքան էլ ես`իրենց երեխան: Հոգնել եմ աշխարհից, որտեղ իշխում են երկակի ստանդարտները: Ինչու ծնողներս իրավունք ունեն ծեծել, ստորացնել, վիրավորել ինձ, իմ փոխարեն որոշել, թե ինչ հագնեմ, ում հետ շփվեմ, ինչ մասնագետ դառնամ, իսկ ես պիտի այդ ամենը հանդուրժեմ, ինչ է թե ինձ կյանք են տվել ու այն հաջողությամբ դժոխքի են վերածում:

Մատներս մտցրի ականջներիս մեջ, որ չլսեմ մորս բղավոցը: Նա հրեց ինձ դեպի պատուհանը ու սկսեց ամբողջ ուժով խփել: Ես կուչ եմ եկել ու անձայն կուլ եմ տալիս ցավը: Չեմ սիրում դիմացինին հաճույք պատճառել` թուլությունս ցույց տալով, իսկ ծնողներս սովորական մարդիկ են, ովքեր կարող են ամենաճակատագրական պահին թիկունքիցս հարվածել: Ինձ միշտ զարմանք են պատճառել նրանք, ովքեր հավատում են, թե աշխարհում իսկական ընկերություն, սեր, հարազատություն, բարեկամություն գոյություն ունի: Նման հասկացություններ, անշուշտ, կան, բայց բոլոր դեպքերում մարդը չպիտի զգոնությունը կորցնի: Պետք չի ոչ մեկին մինչև վերջ վստահել`լինի ծնող, զավակ, հարազատ, բարեկամ թե մտերիմ ընկեր: Բոլոր մարդիկ էգոիստներ են, այդ թվում նաև ես: Ինձ ամենից շատ զայրացնում են նրանք, ովքեր համառորեն չեն ուզում իրենց բնությունն ընդունել ու ձևացնում են, թե սուրբ են: Ծնողներս հենց այդպիսին են: Նրանք նախ և առաջ իրենց են խաբում, երբ ասում են, թե սիրում են ինձ: Ոնց կարող է սիրող մարդը գիտակցաբար ցավ պատճառել?