Выбрать главу

Մայրս երկու ձեռքով բռնել է մազերիցս ու գլուխս պատուհանի ապակուն է խփում: Գիտակցությունս այնպես է անջատվել, որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է բղավում: Ըստ երևույթին իմաստն այն է, որ ինքն ու հայրս անմեղ են, իսկ ես եսասեր, անշնորհակալ երեխա եմ, ով տանջում է խեղճ ծնողներին, ովքեր իրեն կերակրում, հագցնում ու օթևան են տալիս: Բայց միթե, գրողը տանի, դա հերիք է, որ սեր ու հարգանք ակնկալեն? Սիրելու համար հարկավոր է հոգևոր, մտավոր ու զգացմունքային կապ ունենալ մարդու հետ, իսկ իմ ու ծնողներիս միջև միայն նյութական հարաբերություններ են: Նրանք ոչինչ չգիտեն իմ մասին, որովհետև չեն կարողացել այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ իրենց վստահեմ: Ծնողի ու երեխայի միջև պիտի ընկերական հարաբերություններ հաստատվեն`հենված փոխադարձ հարգանքի վրա, իսկ մեր տանը բռնատիրություն է իսկական:

Մայրս դողում է զայրույթից ու չարությունից: Շարունակում է բռունցքներով դեմքիս խփել ու եղունգները մաշկիս մեջ խրել: Այնպիսի զգացում է, ասես գլխիս միջով էլեկտրական հոսանք է անցնում: Նույնը զգում էի նաև այն ժամանակ, երբ ֆիզիկայի նախկին ուսուցիչս ինձ մտավոր հետամնաց անվանեց: Հազիվ եմ լացս զսպում: Շունչս կտրվում է ցավից, իսկ մարմինս ցնցվում է: Տեսնելով, որ չի կարողանում վրաս ազդել`մայրս շրջվեց դեպի ամանեղենի պահարանն ու մի մեծ, լայն դանակ առավ ձեռքը: Սարսափից ու անզորությունից սկսեցի դողալ: Միթե մայրս ունակ է դրան? Ես մի գրքում կարդացել էի, որ զայրույթի պահին մարդու գիտակցությունը կարող է այնպես մթագնել, որ բնազդի ազդեցության տակ սպանություն գործի: Մայրս չի հասկանում, թե ինչ է անում, նրա աչքերի դիմաց սև վարագույր է իջել ու բանականությունն անջատել: Դանակն արդեն իմ գլխավերևում է, ևս մի քանի վայրկյան ու կհարվածի: Ես աշխատեցի ինչքան հնարավոր է խղճահարություն առաջացնող կերպարանք ընդունել:

–Մամ, կներես ինձ, խնդրում եմ, չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց, որ արհամարհեցի քեզ: Առավոտից լավ հոգեվիճակում չէի…

Բառերի փոխարեն բերանիցս կմկմոցներ են դուրս գալիս: Սարսափից լեզուս չեմ կարողանում ինձ ենթարկել: Ստիպված գրկեցի նրան` զգացնել տալու համար, որ զղջում եմ: Հանկարծ սիրտս վախ ընկավ, որ կորցրել եմ խոսելու ունակությունս, որովհետև չեմ կարողանում բառերը նորմալ արտաբերել, ձայնս ընդհատ է:

Նա դանդաղ մի կողմ դրեց դանակն ու մի քանի անգամ ևս գլխիս խփելուց հետո վերջապես խաղաղվեց: Ես կանգնեցի ծորակի մոտ ու սառը ջուր քսեցի դեմքիս: Մի կերպ կարգի բերեցի ինձ ու տանից դուրս թռա, որ չուշանամ դպրոցի ավտոբուսից:

2016 թվական, մարտի 24

Այնպիսի տպավորություն է, որ վրայովս մի քանի բեռնատար է անցել: Հայացքով լուցկու հատիկներ եմ փնտրում, որ կոպերիս տակ դնեմ, ու աչքերս չփակվեն: Շուրջս նայեցի: Ես մեր տանը չեմ: Գտնվում եմ բաց կարմիր պատերով, լավ կահավորված սենյակում, որտեղ նախկինում երբեք չեմ եղել: Չեմ կարողանում հիշել, թե նախորդ օրն ինչ է հետս պատահել, ու ինչպես եմ այստեղ հայտնվել: Գլխավոր հարցը, որ ծագում է գլխումս, այն է, թե ով է ինձ այստեղ բերել ու ինչ նպատակով: Ես վրայիցս մի կողմ քաշեցի սպիտակ փափուկ ծածկոցն ու զարմանքով նկատեցի, որ ինչ-որ մեկը փոխել է շորերս ու գիշերանոց հագցրել, եթե, իհարկե, տղամարդու վերնաշապիկը կարելի է գիշերանոց համարել: Այն գոտկատեղիցս մի քիչ է ներքև. ոտքերս մերկ են: Նստեցի անկողնու մեջ ու քնկոտ հայացքով սկսեցի զննել սենյակը: Ուշադրությունս գրավեցին մարզասարքերը, որոնք մի անկյունում կոկիկ դրված են: Մարմնիս մեջ հանկարծ թուլություն զգացի ու նորից գլուխս խրեցի փափուկ բարձի մեջ`միաժամանակ փաթաթվելով հաստ ծածկոցով: Կտորի հոտն ինձ տարօրինակ թվաց, այնպիսի տպավորություն է, որ նախկինում քաշել եմ այն: Հորանջեցի ու ճիգ գործադրելով` վեր կացա անկողնուց: Քայլեցի դեպի դուռն ու միջանցք դուրս եկա: Բնակարանն այնքան էլ մեծ չէ, բայց հարմարավետ է թվում: Անձայն մոտեցա խոհանոցի կիսաբաց դռանն ու ներս նայեցի: Հազիվ ինձ զսպեցի, որ չճչամ, որովհետև գազօջախի մոտ Պարոնին տեսա, ով, մեջքով դեպի ինձ շրջված, ինչ-որ բան է տապակում: Այդ պահին կերակուրի անուշ բույրը քիթս մտավ ու հասնելով ստամոքս` թեթև գլխապտույտ առաջացրեց: Սաստիկ քաղցած եմ: Որոշեցի առաջ գնալ ու նկատել տալ, որ արթնացել եմ ու դեմ չեմ մի բան ուտել:

–Բարի առավոտ,-ցածր ձայնով բարևեցի ես:

Պարոնը դեպի ինձ շրջվեց ու գլխով արեց`իբրև ողջույնի նշան: Նրա կրծքավանդակն ամբողջովին բաց է, ինչպես երազումս: Ինձ տեսնելով`աթոռից արագ վերցրեց իր վերնաշապիկն ու հագավ:

–Լավ ես քեզ զգում?-խիստ տոնով հարցրեց նա`խոշոր աչքերը վրաս հառելով:

–Դուք երազիս մեջ շատ ավելի բարեհամբույր էիք,-քմծիծաղ տվի ես, ապա սթափվեցի,-կներեք, ինչ հիմարություններ եմ խոսում, երևի դեռ ուշքի չեմ եկել: