Выбрать главу

–Լիլի, տորթդ կլղոզես թղթին:

–Կներես, մամ:

Ես շատ գեղեցիկ մայրիկ ունեմ: Նա ինձ վրա համարյա ուշադրություն չի դարձնում`չհաշված այն դեպքերը, երբ առիթ եմ ստեղծում, որ նկատողություն անի: Ես շատ եմ սիրում ծնողներիս, բայց նրանք ժամանակ չունեն ինձ համար.միշտ զբաղված են, ու երբ ուզում եմ զրուցել հետները, նույնիսկ վրաս չեն նայում: Հայրիկիս ավելի շատ եմ սիրում, որովհետև խիստ չի իմ հանդեպ, երբեք չի ծեծում ու պաշտպանում է: Մայրիկիս համար ես դատարկ տարածք եմ: Նա իր կամքով երբեք չի գրկում ու համբուրում ինձ, իսկ ես ամաչում եմ առաջինը մոտենալ:

–Լիլի, եթե հենց հիմա չհավաքես խաղալիքներդ, դուրս եմ շպրտելու բոլորը:

–Երկու րոպեից կգամ, մամ:

–Չէ, հենց հիմա:

Գիտես, իմ կարծիքով ամեն մարդ, անկախ նրանից ստեղծագործելու հակում ունի թե ոչ, պիտի օրագիր պահի, մեջը գրի այն ամենը, ինչ զգում է, տեսնում ու մտածում: Դեռ այնքան էլ վարժ չեմ գրում, բայց ինձ նոր զբաղմունքս դուր է գալիս:

2004 թվական, մայիսի 6

Հայրիկը ավերակներից մեկում երկու սենյակ է վերանորոգել, ու մենք էլ վրանում չենք քնում: Ես կարող եմ կոնկրետ մարդու ինձ թշնամի համարել, բայց ոչ երբեք մի ամբողջ ազգի, դրա համար խղճում եմ այն մարդկանց, ովքեր պատերազմից առաջ ապրել են այստեղ: Ինչքան ցավալի է եղել նրանց համար, երբ ստիպված են եղել թողնել տունը, որտեղ անցել է իրենց մանկությունը, ճոճանակը, որի վրա ննջել են երեկոները, ծառերը, որոնք տնկել ու խնամել են սեփական ձեռքերով: Երբեմն հողերի հետ խաղալիս մարդկային ոսկորներ եմ գտնում, ու ոտքերս թուլանում են վախից: Գիտես, ես ընդամենը հինգ տարեկան եմ, բայց մի բան եմ հասկացել`մարդն աշխարհում ոչինչ չունի, բացի ինքն իրենից: Միաժամանակ լացել ու ծիծաղել եմ ուզում, երբ ճանաչում եմ կյանքը, տեսնում, թե ինչպես են ազգերը կռվում մի բուռ հողի համար, որն իրականում ոչ մեկին է պատկանում, ոչ էլ`մյուսին:

2004 թվական, հունիսի 13

Կանգնել եմ ննջասենյակի մոտ ու բռունցքներս կոտրում եմ դռան վրա: Ուզում եմ ներս մտնել, բայց այն կողպված է: Ծնողներս փակվել են այնտեղ ու վիճում են իրար հետ: Անտանելի եմ ինձ զգում, ցավում է ներսս, բայց ոչինչ չեմ կարողանում անել: Հայրիկն առհասարակ շատ խիստ է մայրիկի նկատմամբ, մի ավելորդ բառն անգամ հերիք է, որ բարկանա: Նրա համար շատ կարևոր է, որ կինը ենթարկվի իրեն ու չհակաճառի, որովհետև ընտանիքում, որտեղ ինքը մեծացել է, լրիվ հակառակն է եղել, ու դա ըստ երևույթին իրեն դուր չի եկել:

Ես գիտեմ, որ ծնողներս սիրում են իրար, բայց չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ցավ պատճառել սիրած մարդուն:

Կոկորդս արդեն ցավում է, այնքան եմ բղավել: Անզորություն եմ զգում մորս լացի ձայնից, որը մղկտոցի է նման, այնպիսի տպավորություն է, ասես նրան մորթում են:

Վերջապես բացվեց սենյակի դուռը: Առաջինը մայրիկը դուրս եկավ, ու ես նրա աչքերի տակ կապտուկներ նկատեցի: Նրան տեսնելով`ափերով ծածկեցի դեմքս ու խոհանոց փախա: Բացեցի ամանեղենի պահարանն ու թաքնվեցի մեջը: Արցունքները գետի պես հոսում են այտերիս վրայով, ես սարսափ եմ զգում, երբ պատկերացնում եմ, թե ինչքան կցավեր, եթե մեկը բռունցքներով խփեր աչքիս: Չեմ ամուսնանալու երբեք:

2004 թվական, հուլիսի 5

Ինչպես արդեն պատմել եմ, մեր տարածքում երեք ավերակ կա: Ամենափոքրը որպես գոմ ենք օգտագործում, ամենամեծի մեջ մի քանի սենյակ ենք վերանորոգել ու ապրում ենք: Իհարկե, վերանորոգել բառը շատ նուրբ է ասված, իրականում ավերակն ընդամենը բերվել է այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի պաշտպանվել ցրտերից, անձրևներից ու գլխավերևում ծածկ ունենալ: Հիմա ամառ է, ու եղանակը հրաշալի է, բայց ձմռանը երևի շատ ցուրտ կլինի, որովհետև մեր լուսամուտների փայտե շրջանակների միջև ցելոֆան է, ոչ թե ապակի:

Ես քնում եմ տատիկիս ու պապիկիս հետ`հյուրասենյակում, որը համեմատաբար հարմարավետ է, քույրս ու եղբայրս, ովքեր ինձնից փոքր են երեք-չորս տարով, ծնողներիս հետ տեղավորվել են փոքրիկ ննջարանում, որտեղ սարդեր են վխտում: Մի անգամ ցերեկը քնել էի այնտեղ, ու երբ արթնացա, քիչ մնաց վախից սիրտս կանգներ. շուրթերիս վրայով ահռելի մի սարդ էր վազում: Այդ դեպքից հետո էլ այդ սենյակ չեմ մտնում: Մենք ունենք նաև խոհանոց ու միջանցք, որոնց հատակը շատ անկայուն է: Փայտերը շարված են կողք-կողքի, բայց ոչ մի կերպ ամրացված չեն, իսկ նրանց արանքը բաց է, ու եթե ոտքդ անզգույշ դնես, կմտնի անցքի մեջ: Միջանցքը որպես արհեստանոց է ծառայում հայրիկիս ու պապիկիս համար: Նրանք շատ անգամ զայրանում են, որովհետև մանր-մունր որոշ գործիքներ հատակի անցքերից ներքև են ընկնում:

Բոլոր դժվարություններով հանդերձ գյուղական կյանքը հիասքանչ է, հատկապես ամռանը: Մենք շատ վաղ ենք արթնանում`դեռ լույսը չբացված: Պապիկս կթում է կովերին, ապա` արոտավայր տանում: Տատիկը կերակրում է հավերին, փիսոյին, շանը ու հայրիկի հետ գնում բանջարանոց`հող մշակելու: Մայրիկը զբաղվում է տան գործերով ու երեխաներով:

Մեր տարածքում սև ու սպիտակ թթի ավելի քան հիսուն ծառ կա, ու արդեն մի շաբաթ է` ամբողջ ընտանիքով հավաքում ենք հասած բերքը, որ դոշաբ ու օղի ստանանք: Պապիկը ծառ է բարձրանում, ցնցում ճյուղերը, իսկ մենք, ներքևում կանգնած, պահում ենք լայն կտորը, որ թութը վրան թափվի: