Выбрать главу

Նա անջատեց ջրի հոսքն ու սրբիչի մեջ փաթաթվեց`պատրաստվելով լոգարանից դուրս գալ: Ես խոհանոց փախա, ֆոտոապարատը դրեցի մի անկյունում ու որոշեցի սուրճ եփել: Միրգ, պաղպաղակ ու քաղցրավենիք տարա հյուրասենյակ,դասավորեցի սեղանին, հետո վերադարձա խոհանոց`սուրճի ետևից: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նստեցի բազմոցին ու սկսեցի պաղպաղակ ուտել: Ես ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ իմանալ, թե, այնուամենայնիվ, ինչպես է երեկ գտել ինձ, ու արդյոք ծնողներիս տեղեկացրել է, որ իր տանն եմ: Մի բան ես հաստատ գիտեմ.եթե դպրոցում որևէ մեկն իմանա, որ ինքնասպանության փորձ եմ արել, ինձ հոգեբանի մոտ կուղարկեն: Պիտի համոզեմ Պարոնին, որ ոչ մեկին ոչինչ չասի ու խոստանամ ինքնուրույն դուրս գալ վատ հոգեվիճակից: Ավելի լավ է մի անգամ սովորել ինքն իրեն օգնել, քան հազար անգամ ուրիշի օգնության հույսին լինել: Խնդիրներ կյանքում միշտ էլ լինելու են, հո չեմ կարող ամեն անգամ հոգեբանի մոտ գնալ? Ինչումն է իմ արժեքը, եթե ինքնուրույն ելք չգտնեմ? Պարոնն ինչու է ուշանում? սուրճը սառեց, իսկ պաղպաղակը ջուր դարձավ:Գնամ`տեսնեմ ուր կորավ:

Սկսեցի հերթով ստուգել բոլոր սենյակներն ու վերջում մոտեցա այն մեկին, ուր առավոտյան արթնացել էի: Դա Պարոնի ննջարանն է ամենայն հավանականությամբ:

–Կարելի է?-դուռը կիսաբաց անելով`կամաց հարցրի ես:

–Իհարկե,-լսվեց նրա ձայնը:

–Մի րոպե, հիմա կգամ,-կանչեցի ես ու խոհանոց վազեցի`ֆոտոապարատը բերելու:

Վայրկյաններ անց նորից ննջարանի մոտ էի: Դուռը զգուշորեն բացեցի ու ֆոտոապարատի նկարող մասը աննկատ ներս տարա: Կայծակնային արագությամբ մի քանի նկար արեցի ու սարքը միջանցքում թողելով`սենյակ մտա: Պարոնն այնքան ինքնամոռաց էր մարզվում, որ րոպեներ անց միայն հայացքն ինձ վրա գցեց:

–Գալիս եք սուրճ խմելու?-շփոթմունքս թաքցնելով` հարցրի ես:

Վեր կացավ տեղից ու միասին գնացինք հյուրասենյակ: Նրա ձեռքերն ու մաշկը դեռևս խոնավ են ու թարմություն են շնչում: Մենք նստած ենք բազմոցին`իրար շատ մոտիկ, ու ես Պարոնից անուշ հոտ եմ առնում: Դժվարանում եմ ասել, թե լոգանքի ժամանակ ինչ նյութով է մարմինն օծել`երևի յասամանի կամ մանուշակի բույր ունեցող հեղուկով: Նրա թարթիչները խոնավությունից առանձնացել են իրարից ու ավելի ընդգծվել: Փարթամ շուրթերը կարմրել են տաք ջրի ազդեցությունից, իսկ վզի վրայով դեռ վազում է ջրի մի քանի կաթիլ ու բլուզի տակով սլանում ներքև:

–Երեկ ինչպես գտաք ինձ?-հերթական անգամ հարցրի ես ու սեղանի կենտրոնում դրված ամանը ձեռքս առնելով` գդալով սկսեցի պաղպաղակ տեղափոխել ափսեիս մեջ:

–Ոստիկանության շնորհիվ:

Գդալը, որն այդ պահին սահեցնում էի սառը պաղպաղակի վրայով, հսկողությանս դաշտից հանկարծ դուրս եկավ ու այնպես պտտվեց, որ վրայի պաղպաղակը Պարոնի այտին թռավ, ապա գլորվելով ընկավ հատակին: Ես ափերով ծածկեցի երեսս: Եթե աշխարհում մրցանակ շնորհվեր մարդկանց հիասթափեցնելու անվանակարգում, ես առաջին տեղը կզբաղեցնեի հաստատ: Ինչպես եմ աշխարհից սեր ակնկալում, եթե նույնիսկ ես եմ ինձ ատում: Զզվում եմ ինձնից: Միթե աշխարհում կգտնվի մեկն, ում կկարողանամ դուր գալ այնպիսին, ինչպիսին կամ? Ու արդյոք դրանից ավելի թեթև կզգամ, եթե միևնույն է չեմ կարողանում ինքս ինձ ընդունել ու սիրել? Պարոնը երևի ժամերն է հաշվում, որ գնամ իր տնից:

–Կներեք,-հուսահատ տոնով ասացի ես,-հիմա կմաքրեմ:

–Թող,-ժպտաց նա ու ձեռքիցս առավ անձեռոցիկը, որը պատրաստվում էի քսել նրա պաղպաղակոտ այտին,– եթե իմ երեխան լինեիր, օրս շատ ուրախ կանցներ:

Ներքուստ անտանելի ցավ եմ զգում, բայց փորձում եմ ժպտալ: Անզորության զգացում ունեմ: Այս մարդն ինձ երեխայի պես է վերաբերվում, իսկ ես նրա մեջ սիրելի տղամարդ եմ տեսնում: Ինչի համար են մարդիկ սիրում, եթե այդ սերը երբեք չի փոխադարձվելու? Աշխարհում ամեն բան իմաստ ունի: Այդ դեպքում ինչ նպատակով են վերին ուժերն իմ մեջ առաջացրել զգացմունք, որը ոչնչի չի բերելու? Որպեսզի տանջեն ինձ? Ինչ մեղք եմ հասցրել գործել այսքան կարճ ժամանակում, որ նման պատժի եմ արժանացել? Ինչու ուրիշներին տրված է սիրված լինելու իրավունք, իսկ ինձ`չէ:

Պարոնը իրեն կարգի բերեց ու շարունակեց.

–Երբ բարձրացել էիր առևտրի կենտրոնի տանիք, որ ցած նետվեիր, կողքի շենքից` մեկը նկատել էր քեզ ու ոստիկանություն զանգել: Ներքև նայելիս ըստ երևույթին վախեցել էիր, կորցրել գիտակցությունդ ու բարեբախտաբար ոչ թե ցած, այլ տանիքին ընկել: Տեղ հասնելով`ոստիկաններն արագ վերև էին բարձրացել, քրքրել պայուսակդ`փորձելով քեզ ծանոթ կամ հարազատ մեկի հեռախոսահամարը գտնել: Պատմության տետրիդ հենց առաջին էջի վրա իմ հեռախոսահամարը նկատելով`զանգել էին`մտածելով, որ հայրդ եմ ու խնդրել, որ գամ քո ետևից: Երբ տվեցին անունդ, միանգամից ճանաչեցի ու հասկացա, թե բանն ինչումն է, որովհետև երեկ շատ վատ տրամադրությամբ դասից դուրս եկար: Ամեն դեպքում ես չէի մտածի, որ ընդունակ ես դրան: Առավոտյան ասացիր`մրցույթը չէր ինքնասպանությանդ հիմնական պատճառը: Ինչ էր պատահել?