Выбрать главу

Փողոց դուրս գալով` սրճարան մտա ու եռման սուրճ գնեցի: Խմելով կանգառ հասա ու նկատեցի, որ մեր դպրոցի ավտոբուսը դանդաղ անցնում է`ըստ երևույթին վարորդը հույս ունի, թե կերևամ շուտով: Բարեբախտաբար ներսից մեկը նկատեց ինձ ու ավտոբուսը կանգ առավ, մինչև վազելով մոտեցա դռանը: Փաստորեն այնքան էլ անհաջողակ չեմ: Եթե մի րոպե ուշ դուրս եկած լինեի տնից, դասից ուշանալու էի հաստատ, որովհետև քաղաքային տրանսպորտով ճանապարհն ավելի երկար է տևում, իսկ մեր դպրոցի ավտոբուսը դասը սկսելուց կես ժամ առաջ է տեղ հասնում: Նստեցի վերջին շարքում` պատուհանի մոտ, ու ափերով գրկեցի սուրճի տաք ամանը: Այնպիսի ապատիա եմ զգում, որ նույնիսկ Պարոնին վերջին անգամ տեսնելու ցանկություն չունեմ: Միթե ես, իրոք, մտադիր եմ կյանքիս վերջ տալ? Մարդիկ, ովքեր, իսկապես, որոշել են անձնասպան լինել, նամակներ են գրում իրենց ընկերներին, հաշտվում հարազատների հետ, այցելում բարեկամներին, հրաժեշտ տալիս աշխարհին: Ես ինձ այնքան էլ ինքնասպանի պես չեմ պահում: Միգուցե ենթագիտակցորեն ուզում եմ ապրել, բայց գիտակցաբար չեմ հասկանում, թե ինչպես, որովհետև չեմ կարողանում էլ ծնողներիս հանդուրժել: Ինձ կատաղության է հասցնում անարդարության զգացումը. ինչու որոշ մարդկանց բաժին են հասել հասկացող, զարգացած ծնողներ, ովքեր հոգեպես աջակցել, հուսադրել, ոգեշնչել գիտեն, գիտակցում են ծեծի, բռնության հետևանքները, իսկ իմ ծնողներն ինձ միայն ցավ են պատճառում. մայրս` իր թույլ լինելով, իսկ հայրս`այդ թուլությունից օգտվելով: Միթե նրանք չեն հասկանում, որ հարաբերությունների նման մոդել տեսնելով`ենթագիտակցորեն այն կրկնելու եմ իմ ապագա ընտանիքում? Ստացվում է`պիտի հրաժարվեմ ընտանիք կազմելուց, որովհետև ինչքան էլ գիտակցաբար չուզեմ, ենթագիտակցորեն այնպիսի տղամարդու եմ ընտրելու, ով հորս պես ինձ սիրի`այսինքն պարբերաբար վրաս ձեռք բարձրացնելով ու ստորացնելով: Եթե ծնողներս ուրիշ լինեին, ես հոգեպես առողջ կլինեի ու այլ տեսակ մարդկանց կձգեի: Ամբողջ կյանքիս ընթացքում չեմ հիշում մի տղամարդու, ով ինձ ցավ պատճառած չլինի, որովհետև տղամարդու մասին պատկերացումներս ձևավորվել են հորս շնորհիվ`վաղ մանկությունում, իսկ նա ինձ համ սիրել է, համ ցավեցրել, դրա համար սիրո ուժգնությունը ցավի զգացմամբ եմ չափում, այլ ոչ թե հաճույքի: Ինչպես կարող եմ այսքանը հասկանալով` վերջ չտալ կյանքիս? Միթե հույս կա, որ երբևէ առողջ սեր կզգամ, լավ ընտանիք կունենամ, կկարողանամ որպես ամուսին ադեկվատ մարդու ընտրել, այլ ոչ թե հորս նմանակին, ով կկրկնի այն զգացմունքները, որ հորս հետ եմ ունեցել? Արդյոք իմ այս հիվանդ հոգեկանով կկարողանամ երջանիկ երեխա դաստիարակել, ով ինձ պես չի ուզի ինքնասպան լինել մի օր? Չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել ու խաղալ մարդկային ճակատագրի հետ, ես ինձ երբեք չեմ ների, եթե որևէ մեկն իմ պատճառով վերջ տա իր կյանքին: Ուզում եմ ապրել, բայց ելք չեմ տեսնում էլ…ասում են`մենք չենք կարող փոխել անցյալը, միայն կարող ենք ներկայի ու ապագայի վրա ազդել, բայց մոռանում են հաշվի առնել, թե անցյալում զգացածն ու վերապրածն ինչքան մեծ նշանակություն կարող է ունենալ ապագայում:

Ավտոբուսը մոտեցավ դարպասներին, ու նրանք դանդաղ բացվեցին: Մեր դպրոցը տասից ավելի ավտոբուս ունի, ու բոլորը ճիշտ նույն ժամին են տեղ հասնում: Ինձ միշտ զարմանք է պատճառել, թե ով է վերահսկում այս ամենը, ես երբեք չէի կարողանա նման հրաշալի կրթական համակարգ ստեղծել: Ինչքան բախտս բերեց, որ տեղափոխվեցի հենց այս դպրոց: Ինչ կլիներ ինձ հետ, եթե նախկին միջավայրում մնայի? Ինքնասպանությանս գործընթացը կարագանար միայն, եթե ծնողներիս գումարվեին հոգեկան խնդիրներ ունեցող ուսուցիչներն ու չինքնահաստատված համադասարանցիները:

Տրանսպորտից իջնելով`քայլերս ուղղեցի դեպի ֆիզիկայի շենք: Առաջին ժամը ֆիզիկա է: Զանգին դեռ հինգ րոպե կա: Մոտեցա պահարանիս, գրպանիցս հանեցի փոքրիկ բանալին ու դուռը բացելով`պայուսակս մեջը գցեցի:

–Չգիտեի, որ այդքան լավ լուսանկարիչ ես:

Ես հանկարծակիի եկա ու շրջվելով` տեսա մեր դասարանի Շառլի չարաճճի աչքերը:

–Ինչի մասին ես խոսում?

Նա իր վերարկուի ներսի երկար ու լայն գրպանից մի ծրար հանեց ու մեկնեց ինձ:

Ես անհամբերությամբ պատռեցի այն ու դուրս հանեցի միջի պարունակությունը: Նա անամոթաբար ժպտում է, իսկ իմ մատներն այնպես են դողում, որ քիչ է մնում նկարները գետնին թափեմ:

–Ինչ գործ ունեն սրանք քեզ մոտ?-կատաղությունից դողացող ձայնով հարցրի ես:

–Ֆոտոապարատդ երեկ լսարանում էիր թողել ու ճաշարան գնացել, ես էլ հետաքրքրությունից դրդված միացրի ու ուսումնասիրեցի, հետո իմացա, որ այն քեզ է պատկանում: