Ոտքերս ծալվեցին ու հատակին ընկա: Հիմա նա ամբողջ դպրոցով կտարածի Պարոնի մերկ նկարներն ու վերջս կգա: Ես ոտքի ելա ու առանց ետ նայելու`ամբողջ ուժով դուրս վազեցի ֆիզիկայի շենքից:
Որոշել էի երկար դասամիջոցին ինքնասպանությանս ծրագիրն իրականացնել, բայց, ինչպես երևում է, հիմա է իսկական ժամանակը: Կյանքում այսքան արագ չէի վազել: Մինչև գլխավոր շենքը քիչ մնաց: Դասի զանգն արդեն տվել է ու տարածքում ոչ ոք չկա: Աստված իմ, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե Պարոնն ինչ վիճակում կհայտնվի, երբ այդ նկարները մարդկանց ձեռքն ընկնեն, ու հայտնի դառնա, որ ես եմ լուսանկարել: Նրան նույն րոպեին կհեռացնեն դպրոցից: Ես միայն դժբախտություն եմ բերում`առաջնահերթ ինձ, հետո` մյուս մարդկանց: Արցունքները առատորեն թափվում են աչքերիցս: Եթե ծնողներիս հետ կապված իրավիճակը մի կերպ հնարավոր էր կուլ տալ, հիմա իմ պատճառով վնասվելու է այն մարդը, ում աշխարհում ամենից շատ եմ սիրում, ու ով փրկել է իմ կյանքը: Ես կայծակնային արագությամբ գլխավոր շենք ներխուժեցի ու սլացա դեպի տանիք: Այնտեղ շատ անգամ էի եղել դասարանցիներիս հետ: Նման բարձրությունից շատ գեղեցիկ նկարներ են ստացվում`հատկապես բացօթյա միջոցառումների ժամանակ, որոնք մեր դպրոցում հաճախ են կազմակերպվում: Եթե հիմա որևէ մեկը դիմացս դուրս գա, ոտքով-գլխով կորած եմ. ստացվում է`դասի չեմ նստել, որի համար գրավոր նկատողություն կստանամ, դա էլ հերիք չի, աննպատակ թափառում եմ:
Անվտանգ կտուր հասա ու խորը շունչ քաշեցի: Ինձ ոչ ոք չնկատեց: Հուսով եմ: Ժամը տասը չկա, ու օդը սառն է: Ամբողջ մարմնով ձգվեցի դեպի երկինք, կլանեցի խոնավ ու թարմ օդը: Լիլի, կողմնորոշվիր արագ`կյանք թե մահ: Այս դպրոցում ամենքի շնչածն ու արտաշնչածը վերահսկվում է: Շուտով պարզ կդառնա, որ մտել եմ դպրոցի տարածք, բայց դասի չեմ նստել: Ինձ գրավոր նկատողություն կանեն ու կարող եմ մոռանալ բարձր վարկանիշի մասին: Շառլը բոլորին կպատմի նկարների մասին ու Պարոնին դպրոցից կհեռացնեն: Ոչ ոք չի մանրանա, թե իրական մեղավորն ով է, որովհետև, ինչ խնդիր էլ որ ծագում է, պատասխանատու է ուսուցիչը: Զզվում եմ ինձնից: Ծնողներիս մասին ավելի լավ է լռել: Եթե դպրոցը փոխել կարող ես, ծնողները մեկն են ու նրանցից փախչելու տեղ չկա`ամեն դեպքում հիմա, երբ անչափահաս եմ: Կողմնորոշվիր, Լիլի: Միթե, գրողը տանի, խղճուկ գոյություն քարշ տալն ավելի նախընտրելի է, քան մահը?
–Ավելի լավ է մի որոշ ժամանակ ցեխի մեջ գալարվել, բայց հետո դուրս գալ, քան խեղդվել մեջը միանգամից ու անվերադարձ:
Շրջվեցի ու ետևումս տեսա Պարոնին: Ափերով ծածկեցի երեսս: Նա երկրորդ անգամ է փրկում կյանքս: Խեղճ մարդ: Մինչ կհասցնեի մտքերս հավաքել, վազելով ինձ մոտեցավ ու ուժով իջեցրեց տանիքի ծայրից:
–Ինչ դաս է մոտդ?
–Ֆիզիկա:
Նա բռնեց ձեռքս ու ֆիզիկայի շենք տարավ: Ես դասարան մտա, իսկ Պարոնը ուսուցչին դուրս հրավիրեց`զրուցելու: Համադասարանցիներիս դեմքերի մեջ ոչ մի փոփոխություն չնկատեցի:
–Ինչու փախար?-կողքիս տեղավորվելով`հարցրեց Շառլը:
–Լռիր, ապուշ: Հասցրել ես, չէ, պատմել բոլորին նկարների մասին?
–Ինչի տեղ ես ինձ դրել,-զարմացավ նա,-միթե, իրոք, մտքովդ անցել է, որ կտարածեմ դա դպրոցում ու կխայտառակեմ քեզ?
Ես շրջվեցի ու այնպես նայեցի Շառլին, ասես այլմոլորակային էի տեսել: Իրոք որ, ինչից վերցրի, որ նա ուզում է ինձ վատություն անել? Խորը շունչ քաշեցի ու ափս նրա մատներին դրեցի:
–Շնորհակալ եմ…կներես, եթե վիրավորեցի քեզ, ես մարդկանց կասկածանքով եմ վերաբերվում ու բոլոր անհասկանալի իրավիճակներում միշտ վատը մտածում: Երևի նրանից է, որ կյանքում շատերից եմ հիասթափվել:
Շառլը ժպտաց:
Սիրելի օրագիր, քանի դեռ գլխավոր խնդիրս ծնողներս էին, ինձ թվում էր, թե իրավիճակից ելք չկա, բայց հենց ավելի մեծ խնդիր ավելացավ, գիտակցեցի, որ դա մանրուք էր: Ես երջանիկ եմ զգում, որ Պարոնը չի տուժի իմ պատճառով: Այնքան ուրախ եմ, որ պատրաստ եմ աչք փակել կերածս ծեծի ու ձեռքերիս վերքերի վրա: Ես իմ վնասներն ավելի հեշտությամբ կարող եմ տանել, քան այն մարդունը, ում սիրում եմ:
2016 թվական, ապրիլի 1
«Երազում եմ առաջին համբույրս Ձեզ նվիրել…»
Ես կանգնել եմ Պարոնի աշխատասենյակի դռան մոտ ու զգուշորեն փակցնում եմ անուշահոտ թղթիկը: Շուրջս նայեցի`համոզվելու համար, որ մոտակայքում ոչ ոք չկա: Հանկարծ պատուհանի մոտ մեկի շողքը երևաց, հետո ոտնաձայներ լսվեցին: Թաքնվեցի միջանցքի մութ անկյուններից մեկում: Սիրտս սկսեց արագ բաբախել, երբ պարզվեց, որ եկողը Պարոնն է: Հետաքրքիր է`ինչպես կարձագանքի գրածիս?Նա մոտեցավ դռանը, պոկեց վարդագույն թղթիկն ու կարդաց միջինը: Դեմքին ժպիտ հայտնվեց: Մատները տարավ ծոցագրպանին ու գրիչ հանեց: Ես անհամբերությունից ու հուզմունքից եղունգներս եմ կրծում: Նա ինչ-որ բան գրեց նույն թղթի վրա, ապա այն նորից դռան վրա փակցնելով`մտավ սենյակ: Տասը րոպե սպասելուց հետո վերջապես դուրս եկա թաքստոցից ու ոտնաթաթերիս ծայրերի վրա հասա դարչնագույն դռանը: Եվս մի ակնթարթ, ու նամակն ինձ մոտ էր: Վազելով դուրս փախա պատմության շենքից ու վստահ լինելով, որ անվտանգ տեղում եմ, բացեցի.
«Երազիր, երազելը մեղք չէ…»
Ծիծաղս գալիս է: Միթե կարող էի ուրիշ պատասխան ակնկալել?