Выбрать главу

*

Գլխավոր շենք եմ եկել, որ գրադարանից պատմության գրքեր վերցնեմ: Ես ինձ այնքան էլ գեղեցիկ, կանացի ու գրավիչ չեմ համարում տղամարդկանց հենց այնպես դուր գալու համար, հետևաբար Պարոնի ուշադրությունը գրավելու միակ եղանակը դառնալն է նրա ամենասիրելի աշակերտը: Իմ երազանքը նրա համար յուրահատուկ մեկը լինելն է, թեկուզ ոչ որպես կին…համ էլ ես վստահ չեմ, որ ուզում եմ զգացմունքներիս մասին ասել: Միևնույն է`նա ինձ երբեք էլ չի սիրի, ավելի լավ է`չիմանա, որ սիրահարված եմ:

Ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունեմ այս գրքերի պարունակությունը մտապահելու համար: Եթե օլիմպիադային մրցանակ շահեմ, Պարոնն ինձ երևի կգրկի, ու կկարողանամ նրա հոտը քաշել թեկուզ մի քանի ակնթարթով…ես պատրաստ եմ օրերով չքնել գիշերները, չուտել, չխմել, ընկերների փոխարեն պատմության գրքերի հետ ժամանակ անցկացնել, միայն թե հնարավորություն ունենամ զգալ,թե ինչպես են սեր կոչվող թմրանյութի մի քանի մոլեկուլ հոսում երակներիս միջով:

–Լիլի, երբ կվերադարձնես գրքերը?

–Օլիմպիադայից հետո: Մի անհանգստացեք, լավ կպահեմ:

–Ինչու ես ծիծաղում?-զարմացավ գրադարանավարուհին:

–Պատկերացրի, թե գիշերվա չորսին ինչպես է սուրճի բաժակը շուռ գալիս թերթերի վրա: Կներեք, պիտի վազեմ, ուշանում եմ ավտոբուսից:

Ես դուրս եկա սենյակից`գրքերի տոպրակները մատներիս մեջ ամուր սեղմելով: Աջ ոտքս սկսում է ցավել, ինձ ծանրություն չի կարելի: Երբ անցնում էի լսարաններից մեկի կողքով, հանկարծ Պարոնի ձայնն ականջիս հասավ: Կանգ առա դռան մոտ ու ականջ դրեցի.նա ըստ երևույթին հեռախոսով է խոսում, ինչ-որ մեկին պատմում է, որ երեկոյան «Jardin du Luxembourg» զբոսնելու է գնալու: Հիանալի է, վաղուց ոչ մի այգում չեմ եղել…

*

–Լիլի? Ինչ է պատահել? Չգիտեի, որ գալու ես:

–Սսսս,-մատս դրեցի Նատալիի շուրթերի վրա ու պատմության գրքերը քարշ տալով`նրա սենյակ անցա,-դու տարբեր գույների լինզաներ ու կեղծամներ ունեիր, չէ?

–Հա, ինչու?

–Կարող ես ինձ այնպես դիմահարդարել ու վերափոխել, որ անճանաչելի դառնամ?

–Քեզ ոստիկանները որոնում են?

Ես սկսեցի ծիծաղել:

–Հիմա կօգնես թե չէ? Հետո կբացատրեմ ամեն ինչ, եթե, իհարկե, ինձ ոստիկաններն, իրոք, չբռնեն:

–Խելագար: Ինչպիսի սանրվածք ես ուզում?

–Շեկ, խուճուճ մազեր:

–Ահա,-ընկերուհիս պահարանի միջից մի կեղծամ հանեց ու մեկնեց ինձ:

–Հիանալի է,-հայելու մեջ արտացոլանքիս նայելով`հրճվեցի ես:

–Իմ կարծիքով այս կերպարիդ կանաչ լինզաներ շատ կսազեն:

–Իսկ ինչպես են դրանք դնում?

–Մաքուր մատներով,-ծիծաղեց Նատալին,-սպասիր լվացվեմ, գամ:

Հինգ րոպեից նա վերադարձավ`սրբիչը ուսին:

–Ցավելու է?

–Չէ, ինչ ես ասում, բայց կտրուկ շարժումներ չանես, հանգիստ կանգնիր ու աշխատիր աչքերդ չթարթել:

Նա կլոր լպրծուն բանը դրեց բիբիս վրա:

–Մի քանի անգամ վերև-ներքև նայիր:

Ես լուռ կատարում եմ նրա հրահանգները:

–Վերջ, պատրաստ է: Հիանալի տեսք ունես, գեղեցկուհի:

–Ինձ դուր է գալիս աչքերիս նոր գույնը:

Նատալին բացեց իր զգեստապահարանը: Ես միանգամից ձգվեցի դեպի քրքրված ջինսերն ու սպորտային վերնաշապիկները:

–Մնաց դիմահարդարումը:

–Կարող ես ինչ-որ մուգ գույնի շրթներկ քսել`շուրթերս մի քիչ մեծացնելով, քիթս էլ այնպես ընդգծիր, որ փոքր երևա: Իրականում ես իմ դիմագծերը սիրում եմ, պարզապես չեմ ուզում, որ Պարոնն ինձ ճանաչի:

Նատալին այդ պահին յուգուրտ էր խմում ու քիչ մնաց խեղդվեր:

–Կարծես թե գլխի եմ ընկնում, թե դու ինչ ես մտածել:

Մենք բազմանշանակ ժպիտներ փոխանակեցինք:

*

Նստել եմ կանաչ խոտերին ու պատմության գիրք եմ կարդում, ինձանից մի քանի մետր հեռավորության վրա Պարոնը պիկնիկ է անում: Արդեն կես ժամ է`այստեղ եմ, բայց չեմ կարողանում նրա ուշադրությունը գրավել: Հանկարծ գլխումս լավ միտք ծագեց: Տեղիցս վեր կացա ու նրա կողքով անցնելիս իբր պատահաբար գիրքս գցեցի ուտելիքների մեջ: Գրադարանավարուհին կսպանի ինձ հաստատ:

–Կներեք,-դեմքի հնարավորինս անմեղ արտահայտություն ընդունելով` կմկմացի ես:

–Բան չկա,-ժպտաց նա,-կազմն է միայն կեղտոտվել, նստիր,կմաքրեմ:

Պարոնը թաց անձեռոցիկով սրբում է կետչուպի հետքերը, իսկ ես չեմ կարողանում հայացքս նրա երկար թարթիչներից ու փարթամ շուրթերից կտրել: Ինչ նուրբ մատներ ունի…ոնց կուզեի դիպչել դրանց:

–Սիրում եք պատմություն?

–Ասեմ ավելին`դասավանդում եմ:

–Ինչու եք հենց այդ մասնագիտությունն ընտրել?

Նա ոչինչ չպատասխանեց: Սկսեցի տապակած կարտոֆիլ ուտել ու մտքերի մեջ ընկա:

–Իսկ դու ինչ ես ուզում դառնալ?-հանկարծ հարցրեց նա:

–Ես արվեստի մարդ եմ, բայց ծնողներս ստիպում են, որ տեխնիկական կրթություն ստանամ:

–Շուրթերիդ մայոնեզ է քսվել, արվեստի մարդ,-ծիծաղեց Պարոնն ու դեպի ինձ ձգվելով`սրբեց:

–Կուզեք, միասին զբոսնենք?-հանկարծ բերանիցս դուրս թռավ:

–Դեմ չեմ,-ժպտաց նա ու բռնեց մատներս:

Մենք քայլում ենք դեպի փոքրիկ լճակը: Չգիտեմ`ինչից խոսել հետը: Ուրիշ հարց, եթե ինձ հասակակից լիներ: Միթե մտավոր առումով ոչ մի կերպ չենք հատվում ու ընդհանուր հետաքրքրություններ չունենք? Ես գտնում եմ, որ մարդը միշտ ձգվում է դեպի նա, ով շատ թե քիչ նման է իրեն: