Выбрать главу

–Անունս Իզաբել է,-վերջապես ներկայացա:

–Շատ հաճելի է:

Այդ պահին մեր մոտով հսկա շուն էր անցնում, ու ես բնազդաբար Պարոնին սեղմվեցի: Ինչ տաք են նրա ձեռքերը: Առիթից օգտվելով`սկսեցի քաշել նրա հոտը: Հետաքրքիր է`միթե այդքան անճանաչելի եմ դարձել, որ ոչ մի կերպ կասկած չեմ հարուցում? Ինչպես երևում է`ես նրան դուր եմ գալիս:

–Սպասիր, հիմա կգամ,-նա վազեց պաղպաղակ ու քաղցր բամբակ գնելու:

Հիանալի է: Շուրջս զննելուց ու համոզվելուց հետո, որ ոչ ոք վրաս ուշադրություն չի դարձնում, դանդաղ մտա լճակի մեջ ու այնքան խորացա, մինչև ծնոտս ծածկվեց ջրով: Ոտքերս հազիվ են շոշափում հողը:

Երբ նկատեցի Պարոնին, ձևացրի, որ խեղդվում եմ, ու նա, քաղցրավենիքը ձեռքից ներքև գցելով, վազելով ջուրը նետվեց: Ինչքան է այս տղամարդը սիրում փրկել ինձ: Իմ ոտքերը փաթաթվեցին նրա իրանին, իսկ գլուխս ուսին դրեցի: Վերջապես հնարավորություն ունեցա ավելի մոտ լինել նրա վառվռուն աչքերին, վարդագույն շուրթերին ու տաք շնչառությանը…միակ բանը, որի մասին այս պահին մտածում եմ, քիթս մոտեցնելն է նրա վզին ու ներծծելը մարմնի անուշ հոտն ու խելքահան անող բուրմունքը…Ես հիմա Իզաբելն եմ, նշանակում է Լիլին պատասխանատվություն չի կրում գործողություններիս համար: Ինչու չօգտվել առիթից ու վայելել պահը? Բարձրացրի աչքերս ու նրա գեղեցիկ այտերին նայեցի: Գիտեմ, որ դրանք իրականում այնքան էլ սիրուն չեն, ինչքան ինձ է թվում, այնուամենայնիվ, շատ եմ ուզում դիպչելու թույլտվություն ունենալ: Երբ հայացքս կանգ առավ վարդագույն ու փարթամ շուրթերի վրա, ինձ մի պահ թվաց, որ առաջին համբույրս ես նրան արդեն տվել եմ.այդ ոչ նյութական ու մտացածին համբույրը հայացքիս մեջ է, աչքերումս կուտակված տխրության ու կարոտի, այդ հորինված ու կարմիր համբույրը այտերիս մեջ է, որոնք շարունակ շառագունում են նրան մոտ լինելու հաճույքից: Առաջին համբույրս ամենուր է, միայն Պարոնի շուրթերին տեղ չունի…

–Ինչ էի անելու առանց Ձեզ:

Նա ժպտաց ու աչքերիս մեջ նայեց: Միթե դրանք ինձ չեն մատնում…?

–Մոտակայքում եմ ապրում, արի մեր տուն գնանք, կմրսես:

–Ինչ լավն եք,-ուրախացա ես:

*

Երբ տուն մտանք, միանգամից հանեցի շորերս`հայացքով աղաչելով նրան, որ իր կարմիր բլուզն ինձ տա:

–Վերցրու:

Աչքերս փայլում են ուրախությունից.բլուզն իմն է: Այնպիսի զգացողություն ունեմ, ասես նոր ծնված լինեմ: Ջուրը թուլացրել է մարմինս ու նյարդերս: Պարոնը տաք սուրճ ու պիցցա բերեց:

–Եկեք հատակին պառկենք,-առաջարկեցի ես ու առանց պատասխանի սպասելու`տեղավորվեցի հեռուստացույցի դիմաց:

Տեսնելով, որ նա չեմուչում է անում, բռնեցի մատներից ու դեպի ինձ քաշեցի:

–Լավ, խնդիր չկա,-ծիծաղեց նա:

Մենք, հատակին պառկած, պիցցա ենք ուտում ու մուլտֆիլմ դիտում: Բոլոր պայմաններն առկա են երջանիկ զգալու համար, բայց աչքերիս մեջ տխրություն կա: Ես ուրախ եմ, որ սիրածս մարդու հետ եմ, կարող եմ շփվել դասերից դուրս, ճանաչել նրան, բայց նեղվում եմ, որ ստիպված եմ ուրիշ աղջիկ ձևանալ:

–Մուլտֆիլմի ամենասիրածս հատվածն է,-հիացած բացակաչեցի ես ու շրջվեցի դեպի Պարոնը:

Նա քնել է…Աստված իմ…դեմքս մոտեցրի ու ցուցամատով շոյեցի ճակատը: Կյանքում ոչ մեկի հանդեպ այսքան քնքշություն չեմ զգացել: Գլուխս կրծքին դրի:

–Սիրում եմ Ձեզ…

Արցունքներս նրա այտերին են թափվում: Ափերով սրբում եմ աչքերս ու միաժամանակ համբուրում նրա կոպերը: Ես երազում եմ, բայց չեմ շտապում միացնել մեր շուրթերը համբույրի մեջ: Ուզում եմ հետաձգել ցանկալի պահը:

Հանկարծ Պարոնի հեռախոսը սկսեց շարժվել սեղանի վրա: Ինչ-որ մեկը նրան նամակ է ուղարկում: Արագ վերցրի ու վազեցի լոգասենյակ: Գրողը տղամարդ է: Լավ, հետաքրքիր չի: Իմ նպատակն ամենևին էլ ներխուժելը չի Պարոնի անձնական տարածք: Ինձ հարկավոր է միայն ճշտել, թե որտեղ է նա սիրում իր ազատ ժամանակն անցկացնել, որպեսզի հնարավորություն ունենամ խաչվել հետը: Մտա նշումների բաժին: Երեքշաբթի երեկոյան լինելու է Ալեքսանդր Երրորդի կամրջի մոտ: Այն Սենայի ափին է գտնվում ու Փարիզի ամենառոմանտիկ վայրերից է:

Զգուշորեն բացեցի լոգարանի դուռն ու անձայն վերադարձա հյուրասենյակ: Հեռախոսը տեղը դրեցի ու մերկացա: Պարոնը դեռ քնած է հատակին: Կռացա ու ձեռքն ափիս մեջ առա: Շուրթերս մոտեցրել եմ նրա մատների ծայրերին ու համբուրում եմ: Քիթս էլի սահում է վզի վրայով ու կլանում մարմնի հոտը: Ես քսում եմ նրա տաք ափը մերկ ուսերիս ու ոտքերիս: Չէ, իմ զգացածը կիրք չի, այլ քնքուշ սեր:

Կամ էլ խաբում եմ ինձ:

–Սերս զգալու համար պարտադիր չի գիտակցաբար արթուն լինեք, բավական է խոսելիս շուրթերս մոտեցնեմ Ձեր կրծքին, ու սրտով կլսեք ինձ: Սիրտը երբեք չի քնում, այն բաբախում է անգամ երբ մարդու կոպերը փակ են, անգամ երբ գիտակցության ուժով ստիպում ես կանգ առնել: Սիրում եմ…

Աթոռի վրայից վերցրի շորերս ու շոշափեցի կտորը: Դեռ խոնավ է, բայց ոչինչ. շուտով կմթնի, իսկ ես պիտի հասցնեմ Նատալիի տուն գնալ`պատմությանս գրքերի ետևից: Արագ հագնվեցի ու Պարոնին մի երկտող թողնելով`բնակարանից դուրս եկա:

*

Իզաբելի դերն ինձ ասես ազատում է պատասխանատվությունից, ստիպում ավելի ազատ զգալ ու սրտով ապրել, բայց ներսումս տհաճության զգացում կա: Ինչքան կարող եմ ձևանալ ու ուրիշ աղջկա կերպարի մեջ հանդես գալ: Ես ուզում եմ Լիլին լինել ու դուր գալ Պարոնին, հնարավորություն ունենալ շփվել հետը դասերից դուրս, մտերմություն անել, զանգել, գրել, հանդիպել: Օր օրի ավելի եմ կապվում հետը, զգացմունքներս խորանում են, ու ցավ եմ զգում`գիտակցելով, որ իր համար սովորական աշակերտ եմ: Աշխարհում ինչ-որ բան սխալ է. սիրտս յուրահատուկ է համարում նրան, ով ինձ հասարակ աչքերով է նայում: