Գիշերվա չորսն է: Աչքերս շաղվում են արդեն: Եթե օրական հիսուն էջ կարդամ, օլիմպիադայից մի օր առաջ կավարտեմ պատմության բոլոր գրքերը: Ինչու չի ստացվում հավատալ, որ արժանի եմ սիրո միայն նրա համար, որ աշխարհում գոյություն ունեմ`առանց ձեռքբերումների, դափնիների` պարզապես լինելով այնպիսին, ինչպիսին կամ?Արդյոք խնդիրն, իրոք, մանկությանս մեջ է, որտեղ ինձ չեն սովորեցրել առանց պայմանականության սիրվել? Ես, իսկապես, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մարդկանց, ովքեր ինչ-որ արժեք են ստեղծում, փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել, զարգացնում են գիտությունը, կրթությունը, բիզնեսն ու մյուս ոլորտները, որոնց վրա հենվում է մարդկության առաջընթացը ու նրանց, ովքեր կյանքում ոչ մի նպատակ, ցանկություն, երազանք չունեն, նույն հարթության վրա դնել ու համարել, որ տիեզերքում հավասար արժեքներ ունեն: Չեմ հանդիպել ավելի տարածված գաղափարի, քան այն, որ մարդը չպիտի իրեն` ունեցած ձեռքբերումներով գնահատի, բայց իրականում ոչ ոք չգիտի`ինչքանով է դա համապատասխանում իրականությանը: Ուրիշ բան, եթե ծնվելիս` որպես հավելված, օրենքների ու կանոնների ժողովածու ստանայինք, որտեղ հստակ գրված լիներ, թե ով ենք, ինչու ենք լույս աշխարհ եկել, ինչ նպատակի ենք ծառայում ու ինչպես է պետք կյանքն ապրել, բայց, գրողը տանի, մենք կատարյալ անորոշության մեջ ենք, դրա համար ինքներս ենք բոլոր այդ հարցերի պատասխանները հորինում ու մյուսներին տրամադրում, որ այդ է ճշմարտությունը: Իմ կարծիքով մարդը արժեքավոր է այնքան, ինչքան կարողացել է աշխարհի համար արժեք ստեղծել: Ես տանջվում եմ, որովհետև անպետք եմ ինձ զգում, հասարակ մեկը, ում վիճակված է դպրոցն ավարտել, պահանջված մասնագետ դառնալ, ամեն օր գնալ նույն միապաղաղ աշխատանքին, իսկ վերջում մեռնել, ինչպես բոլորը: Ինձ համար անտանելի է միջակությունը, իսկ ես այդպիսին եմ դեռ: Ամեն անգամ ներքուստ փոքրիկ ինքնասպանություն եմ ապրում, երբ հայրս արժեզրկում է զբաղմունքներս, հետաքրքրություններս, երազանքներս ու ինձ ներշնչում, որ աշխարհում կան ընտրյալներ, ովքեր ծնվել են հաջողության հասնելու համար, իսկ ես հասարակ մարդ եմ ու պիտի հարմարվեմ: Ամենասարսափելին այն է, որ, երբեմն մոտս կասկածներ են առաջանում, որ դա այդպես է: Շուտով համալսարան պիտի ընդունվեմ ու գաղափար անգամ չունեմ, թե ինչ անել, որ ճանապարհն ընտրել: Ես չեմ հասկանում, իրոք, երաժշտությունը, գրականությունն ու արվեստն է իմը, թե պարզապես ինքս ինձ տրամադրել եմ: Խնդիրն այն է, որ շատ եմ վախենում սխալվելուց, ձախողելուց ու հիասթափությունից: Ոչ մի կերպ չեմ կարողանում ընտրություն անել, իսկ ժամանակն ինձ չի սպասում: Կյանքս անցնում է, իսկ բոլոր օրերը նման են իրար, ոչ մի հետաքրքրություն, ուրախություն, իմաստ չի երևում: Զզվում եմ ինձանից ամբողջ սրտով, որ տասնյոթ տարվա մեջ չհասկացա գոնե, թե ով եմ ու ինչով եմ ուզում կյանքում զբաղվել: Մեր տանը բացասական մթնոլորտ է միշտ տիրում, անտանելի է լինելը դժբախտ, աշխարհի հանդեպ վատ տրամադրված, անհաջողակ մարդկանց միջավայրում, ովքեր քո մեջ իրենց արտացոլանքն են տեսնում: Ինձ մոտ այնպիսի զգացում է, ասես իմ տեղում չեմ, կյանքումս ամեն ինչ սխալ է: Ես պիտի լրիվ ուրիշ ծնողներ ունենայի`մեծ ձգտումներ ունեցող, հաջողակ, զարգացած, հոգեպես կայուն, ովքեր կոտրելու փոխարեն կոգեշնչեին ինձ կամ գոնե մի կողմ կքաշվեին ու չէին խանգարի: Նրանք մեջս երեխայի են տեսնում, ով առանց իրենց ոչնչություն է, ամեն ինչ իմ փոխարեն որոշում են: Ես չգիտեմ, թե ինչ եմ սիրում ուտել, հագուստի որ ոճն եմ նախընտրում, դպրոցում որ առարկաներն են դուրս գալիս, որովհետև երբեք ընտրության ազատություն չեմ ունեցել: Միթե ավելի լավ չի լինի վերջ տալ իմ այս անիմաստ գոյությանը, եթե միևնույն է ոչ մի օգուտ չեմ բերում մարդկությանը և ապրում եմ ոչ թե իմ, այլ ծնողներիս ուզած կյանքով:
Երեքշաբթի կգնամ կամրջի մոտ ու կխոստովանեմ Պարոնին, որ սիրահարված եմ: Ինչ լինում է, թող լինի:
2016 թվական, ապրիլի 12
Հյուրասենյակից էլի վեճի ձայներ են լսվում: Փաթաթվել եմ ծածկոցի մեջ ու չեմ համարձակվում դուրս գալ սենյակիցս: Մեռնել եմ ուզում: Ամեն անգամ, երբ ծնողներս վիճում են կամ բղավում իրար վրա, սրտումս անպաշտպանության, վախի ու անզորության զգացում է առաջանում: Ներսումս ցավում է մի բան, բայց չեմ հասկանում, թե ինչը: Ես չեմ հավատում հոգու գոյությանը, բայց չեմ կարողանում բացատրել, թե ինչու եմ մեջքիս, կրծքիս ու կոկորդիս մեջ այնպիսի ցավեր զգում, ասես ամբողջ մարմինս վերքերով է պատված:
Ափերս հեռացրի արցունքոտ աչքերիցս ու սկսեցի հագնվել: Այսօր գեղեցիկ, նուրբ աղջիկ պիտի լինեմ, ի վերջո Փարիզի ամենառոմանտիկ վայրերից մեկում եմ զբոսնելու: Զգեստս ծածկում է ծնկներս ու բաց կարմիր գույն ունի: Ոտքերս կեդերի մեջ են: Բարձրակրունկներով, իհարկե, ավելի գեղեցիկ տեսք կունենայի, բայց հարկավոր է նաև հարմարավետության մասին մտածել: Մազերս բնականից ալիքաձև են ու գոտկատեղիս են հասնում: Դեմքս հարթ է ու կարիք չունեմ շատ ժամանակ ծախսել դիմահարդարման վրա: Ուզում եմ այսօր լինել այնպիսին, ինչպիսին կամ, եթե իհարկե, մինչև Պարոնի հայտնվելը դիմանամ կամրջից ցած նետվելու գայթակղությանը: Հյուրասենյակի մոտով անցնելիս մատներս մտցրի ականջներիս մեջ, որ չլսեմ ծնողներիս ձայները, բայց չկարողացա հայացքս չգցել նրանց վրա: Մայրս, ճաշասեղանի ծայրերից բռնվելով, փախչում է, իսկ հայրս վազում է նրա ետևից, որ խփի: Տանից դուրս գալիս դուռն այնպես շրխկացրի, որ պատը դղրդաց: