Выбрать главу

–Ատում եմ ձեզ,-գոռացի ամբողջ ձայնով ու աստիճաններով արագ ներքև իջա:

Դեմքս քրտինքով է պատվել, կատաղություն եմ զգում կյանքի հանդեպ: Ավելի շատ զայրանում եմ նրա վրա, որ չեմ հասկանում, թե ինչի համար է ինձ ցավեցնում: Ինչու որոշ մարդիկ ի սկզբանե լավ պայմաններում են ծնվում`հասկացող, գիտակից, հաջողակ ծնողների ընտանիքում, իսկ ես ստիպված եմ դանակների ծայրերի վրայով քայլել: Ինձ չի ցավեցնում այն փաստը, որ հայրս մեծահարուստ չի: Մարդը երբեք այնքան լավ չի գիտակցում իր արժեքը, քան երբ ինքնուրույն է հաջողության հասնում, իր համար հնարավորություններ ստեղծում ճանապարհորդելու, կյանքի հաճույքներից օգտվելու ու լավ ապրելու: Ես նեղվում եմ նրանից, որ ծնողներս քայքայում են հոգեկանս, կլանում էներգիաս ու ուժերս: Ախր, դժվար է երջանիկ լինել, երբ շրջապատված ես դժբախտ մարդկանցով:

*

–Բարի երեկո, Նոել,-սիրածս սրճարանը մտնելով`ժպտացի ես,-ինչպես ես?

–Լավ, ապրես, դու պատմիր:

–Ամեն ինչ հիանալի է,-ստեցի`շատ լավ գիտակցելով, որ քաղաքավարությունից դրդված է ինձնով հետաքրքրվում, ինչպես և ես`նրանով:

–Տաք կապուչինո ու կոկոսի կրեմով թխվածք?

Աստված իմ, այնքան եմ ամեն անգամ նույն բանը պատվիրել, որ խեղճ տղան արդեն անգիր է արել:

–Չէ, տորթերի բոլոր տեսակներից մի-մի կտոր փաթեթավորիր,խնդրում եմ:

Նա զարմացած հայացքով ինձ է նայում:

–Իսկ սուրճ?

–Փրապուչինո եմ ուզում`սառույցով, հարած սերուցքով ու կարամելի սիրոպով:

–Դու պատահաբար չես պլանավորել այսօր ինքնասպան լինել?

Ես ապուշ կտրեցի:

–Ինչու?

–Մարդիկ այդ ժամանակ սիրում են կյանքում փոփոխություններ մտցնել: Լավ, մի գունատվիր, կատակում էի: Իրականում նոր բաներ փորձելու համար պարտադիր չի մահվան շեմին լինել:

Ես ծիծաղեցի:

–Քարտով ես վճարելու?

–Հա:

*

Պառկել եմ կամրջի վրա ու հայացքս երկնքին հառած`տորթ եմ ուտում: Երեկոն ամպերը վարդագույն է ներկել, իսկ հորիզոնը մուգ կապույտ է: Աստված իմ…այս հրաշքը տեսնելու համար արժեր աշխարհ գալ: Ճանապարհորդելու համար պարտադիր չի շատ փող, ընկերներ ու առիթներ ունենալ: Պարտադիր չի հեռու տեղեր գնալ: Կարելի է պարզապես ամեն օր ինչ-որ մի հետաքրքիր անկյուն բացահայտել այն երկրում, քաղաքում, փողոցում որտեղ ապրում ես, մարդկանց մեջ, ում հետ շփվում ես, երկնքում, որը կախված է գլխավերևումդ: Ես փակեցի աչքերս ու ձողիկը բերանս դնելով`սկսեցի սառը փրապուչինո վայելել:

Կողքովս մարդիկ են անցնում, բայց ուշադրություն չեն դարձնում վրաս: Իսկ միգուցե ես օգնության կարիք ունեմ: Միգուցե երջանիկ տեսքս ընդամենը դիմակ է, որով խաբում եմ ինձ ու աշխարհին: Մարդիկ, ովքեր լավ հոգեվիճակում չեն, միշտ իրենց արտասովոր են պահում: Ու դրանում է երևի մեր հասարակության դժբախտությունը, որ սովորական պայմաններում, երբ կյանքումդ ամեն ինչ լավ է, երբեք մտքովդ չի անցնում պառկել կամրջի կենտրոնում, քաղցրավենիք ուտել ու երկնքին նայել: Հոգումդ անպայման պիտի մի բան փլվի, որ վերջապես թքես շրջապատի կարծիքի վրա ու մի քիչ գիժ լինես: Գիտակցես, որ կյանքը չափից դուրս վառ է մահից հետո շարունակություն ունենալու համար, ու առանց սահմանափակումների ապրես:

Հանկարծ ինչ-որ մեկի երկու մատները բռնեցին քիթս ու ամբողջ ուժով այնպես սեղմեցին, որ օդը սկսեց չհերիքել: Բերանով սկսեցի ծանր շնչել ու բացեցի աչքերս:

–Ինչու իրար խառնվեցիր?-ծիծաղեց նա,-միթե ուզածդ մեռնելը չէր?

Պարոնն է…

–Վախեցրիք ինձ:

–Այդ դու ես ամեն անգամ ինձ վախեցնում: Սիրտս ճաքում է, երբ քեզ կամրջի կամ բարձրության վրա եմ տեսնում:

Վեր կացա պառկածս տեղից ու կանգնեցի նրա կողքին:

–Տորթ սիրում եք?

–Քաղցրակեր չեմ, բայց քո տվածից չեմ հրաժարվի:

–Հիանալի է,-ուրախացա ես ու ամենահամով կտորը մեկնեցի նրան:

Սկսեցինք ուտել: Մեր մատները կրոմոտվել են, ասես փոքրիկ երեխաներ լինենք: Պարոնի մեջ այնքան անմիջականություն կա: Նա ինձ կրեմոտ այնքան կենդանի ու մարդկային է թվում: Սիրտս քնքշությամբ է լցվում, երբ նայում եմ նրան: Պիտի հարմար պահ գտնեմ ու խոստովանեմ…

Երկնքի վարդագույնի մեջ սև ամպեր են սկսում երևալ: Չեմ հասկանում`մթնում է, թե անձրև է սպասվում: Ես տեղավորվեցի կամրջաձողի վրա, որը բավականին լայն է, ու ոտքերս ներքև կախեցի: Ամբողջ կամուրջը լուսարձակներով է զարդարված, որոնք արտացոլվում են ջրի մեջ: Փակեցի աչքերս, որ վայելեմ պահը: Հանկարծ մեկը բռնեց կեդերիցս, որոնք ոտքերիս հետ այս ու այն կողմ էին տարուբերվում, ու ամբողջ մարմնով շրջվեցի դեպի ջուրը: Զգեստս իջել է գլխիս վրա, ու ներքնազգեստս ամենայն հավանականությամբ երևում է: Ես աղաղակում եմ ու վախից քիչ է մնում կաթվածահար լինեմ: Կտորը մի կողմ քաշեցի դեմքիցս ու վերև նայեցի: Հանգստացա`տեսնելով, որ ոտքերս Պարոնի ափերի մեջ են: Նրա ձեռքերում ես ապահով եմ: