–Հն, վախեցար?-հրճվում է նա:
Մատներս դրել եմ այտերիս տակ ու դիմացս եմ նայում: Վախենում եմ հայացքս ներքև գցել: Փոքրուց սարսափել եմ բարձրությունից, բայց բախտի հեգնանքով միշտ նրա վրա եմ եղել:
–Խոսք տուր, որ էլ ինքնասպանության մասին չես մտածի, թե չէ հենց հիմա բաց կթողնեմ ոտքերդ:
Սկսեցի ծիծաղել: Հանկարծ զգացի, որ նրա մատները գնալով ավելի ու ավելի թույլ են սեղմում ինձ:
–Խոստանում եմ, խոստանում եմ,-բղավեցի ես:
–Դե տես, հիմարիկ:
Ափերս տարածել եմ օդում ու պատկերացնում եմ, որ թռչում եմ: Պարոնն օրորում է ինձ, իսկ քամին շոյում է մազերս ու սիրտս հովացնում: Գրողը տանի, աշխարհն անգամ գլխի վրա շրջված է հիասքանչ: Ականջիս երաժշտության ձայն հասավ, որը գնալով բարձրանում է:
Je veux de l'amour, de la joie, de la bonne humeur
Ce n'est pas votre argent qui fera mon bonheur
Moi je veux crever la main sur le cœur
Allons ensemble, découvrir ma liberté
Oubliez donc tous vos clichés
Bienvenue dans ma réalité
Մատներս մոտեցրել եմ շուրթերիս ու ձայնակցում եմ: Իմ սիրած մասն է:
–Տու-րու-րու-տու-տու-րու:
*
–Դուք այն եզակի մարդկանցից եք, ում կողքին ապրելս գալիս է:
Գրկել եմ Պարոնին ու, կամրջի մոտ կանգնած, երկնքին եմ նայում:
–Դու ինքդ պիտի լինես ապրելուդ նպատակը: Ես ընդամենը ուսուցիչդ եմ: Շուտով ավարտելու ես դպրոցն ու քո ճանապարհով գնաս:
Նրա բառերն ինձ անտանելի ցավ են պատճառում: Նա ինձ համար «ընդամենը ուսուցիչ» չի: Ես թքած ունեմ բոլոր տարեթվերի, պատերազմների, թագավորների ու տերությունների վրա, որոնց մասին պատմում է: Ավելի լավ կլիներ դպրոցներում կյանքի հետ կապ ունեցող բաներ սովորեցնեին, որոնք օգնեին դիմակայել դժվարություններին ու չկախվել: Ի վերջո դա է, որ աշխարհում նշանակություն ունի`կենդանի մնալ:
Ինձ դուր չի գալիս, որ դասերին, երբ ծնողների թեման ենք քննարկում, բանաստեղծություններ ընթերցում կամ շարադրություններ գրում, նրանք, ովքեր գովերգում են իրենց ընտանիքը, բարձր գնահատականներ են ստանում, իսկ մյուսներն`ամոթանք: Եթե ուսուցիչը կամ դասարանցիներիցս շատերը հիանալի հարաբերություններ ունեն իրենց ծնողների հետ, միթե դա նշանակում է, որ ես էլ ինքնաբերաբար պիտի սեր զգամ? Ինչու ոչ մի անգամ մեկը չի մոտեցել ինձ ու հարցրել, թե որն է ատելությանս պատճառը?Միգուցե որովհետև ստիպված կլինեն լսել, թե ինչքան ցավ եմ զգում, երբ ծնողներս ձեռք են բարձրացնում վրաս, արժեզրկում հետաքրքրություններս, անձս: Մարդիկ նման բաների մասին իմանալ չեն ուզում: Դու նրանց պետք ես ուրախ, անհոգ, երջանիկ դիմակով միայն: Ինչի համար դիմացինի կողքին նստել, զրուցել հետը ժամերով, փորձել հասկանալ, եթե կա ավելի հեշտ տարբերակ`պիտակներ կպցնել.ծնողներին պաշտողները լավն են, քննադատողները`վատը: Իսկ այն տարբերակը, որ աշխարհում ամեն տեսակ մարդ կա, ու ծնողն էլ է սխալական, բնականաբար, չի դիտարկվում: Չէ որ, այդ դեպքում դժվար կլինի գնահատականներ տալ: Ուսուցիչն արդեն ստիպված կլինի նայել հանգամանքներին, դրդապատճառներին, իսկ կյանքում դրանք են որոշող:
–Կարելի է այսօր Ձեր տանը գիշերել?
Ես էլի բարձրացա կամրջաձողին,բայց այս անգամ ոտքերս ոչ թե դեպի ջուրը, այլ դեպի ներս կախեցի: Պարոնը կանգնած է դիմացս, իսկ մատներս նրա ափի մեջ են:
–Խնդիր չկա:
Փաթաթվեցի նրան ու գլուխս ուսին դրեցի: Շուրթերս թափանցում են բլուզի կտորի տակ ու սահում մաշկի վրայով: Մտքում աղաչում, կարգադրում, հրամայում եմ շուրթերիս կանգ առնել, բայց նրանք ինձ չեն ենթարկվում: Կեդերս, որոնց կապերը թուլացել էին, ընկան ցած, ու ոտքերս գրկեցին Պարոնի իրանը: Զգեստս քիչ-քիչ վերև է բարձրանում: Նա երեսը կտրուկ դեպի ինձ շրջեց ու ապշած հայացքով աչքերիս է նայում: Ուզում եմ խոստովանել, որ սիրահարված եմ, բայց համարձակությունս չի ներում: Ես իջա բարձրությունից ու անտարբեր դեմքի արտահայտություն ընդունեցի, ասես իմ փոխարեն մեկ ուրիշն էր վայրկյաններ առաջ հազիվ իրեն զսպում, որ չհամբուրի:
Պարոնը կիտել է հոնքերն ու զննում է ինձ, երևի փորձում է հասկանալ, արդյոք այն, ինչ կատարվեց, իր երևակայության արդյունքը չէր:
–Վերջին անգամ երբ եք կարուսել նստել?-զվարթացա ես`փորձելով քողարկել շփոթմունքս:
–Կես ժամից,-ժպտաց նա`հայացքն ինձնից չհեռացնելով,-կուզես?
Գլխով արեցի ու թաքցրի աչքերս:
*
Մենք հասել էինք Էյֆելյան աշտարակի մոտի կարուսելին, երբ սկսեց անձրև մաղել: Հանեցի կեդերս ու ոտաբոբիկ նստեցի պտտվող ձիերից մեկի վրա: Պարոնը տեղավորվեց կողքիս ու բռնեց ձեռքս: Ամբողջ քաղաքը լույսերի մեջ է, իսկ քիչ հեռու երաժշտություն է լսվում: Սովորաբար այստեղ միշտ շատ մարդիկ են լինում, բայց անձրևի պատճառով բոլորը տուն են գնացել կամ մի տեղ պատսպարվել են: Մենք լրիվ մենակ ենք կարուսելի մեջ: Անձրևը հարվածում է մարմնիս, բայց դիմադրելու փոխարեն աչքերս փակել ու լեզվով բռնում եմ ջրի կաթիլները: Ասես երկինքը թքում է երեսիս, որ մտածում եմ ինքնասպանության մասին: Ես ինձ պահի մեջ երջանիկ եմ զգում, բայց գիտակցում եմ, որ վաղն էլի տուն եմ գնալու ու ծնողներիս բացատրեմ, թե ինչու դուռը շրխկացրի ու գոռացի, որ ատում եմ իրենց: Կարճ ասած`ծեծ եմ ուտելու, որովհետև պատրաստ չեմ պատասխան տալ արածներիս համար: Եթե անգամ խոսեմ, պատմեմ զգացմունքներիս մասին, նրանք երբեք չեն ընդունի, որ հետս սխալ են վարվել: Ամենասարսափելին դեռ առջևում է: Շուտով ստիպված եմ լինելու չուզածս կրթությունը ստանալ, հետո ընդունվել միապաղաղ, զզվելի աշխատանքի: Ծնողներս երբեք հանգիստ չեն թողնի ինձ, ամեն քայլս կվերահսկեն, որ հանկարծ այնպիսի բաներ չանեմ, ինչի հետևանքով իրենց շրջապատում վատ զգան: