Выбрать главу

Ինչ վերաբերում է երրորդ ավերակին, պետությունը խոստացել է իր հաշվին վերակառուցել ու վերանորոգել այն: Հունիսի վերջերից մեծ բեռնատարներով շինանյութեր են բերվում, իսկ այսօր առավոտյան շինարարներ էին եկել: Չեմ հիշում, թե Փարիզի մեր բնակարանը ինչ տեսք ունի, որովհետև երկու տարեկան չկայի, երբ գյուղ տեղափոխվեցինք, բայց վստահ եմ, որ այն շատ հարմարավետ էր, պատերի վրայով սարսափելի կենդանիներ չէին վազվզում, իսկ ձմռանը տաք էր: Պապիկիս կարդացած գրքերի հիման վրա եմ քաղաքային տներն այդպես պատկերացնում, միգուցե սխալվում եմ: Ես շատ ուրախ եմ, որ շուտով գյուղում էլ մեր կյանքը կփոխվի ու ավելի լավ պայմաններում կապրենք:

2004 թվական, հուլիսի 17

Հայրիկի հետ նստել եմ տարօրինակ սարքի մոտ ու հետևում եմ, թե ինչպես է ծայրից ջրանման հեղուկ կաթում: Դա օղի է: Ես հաճույքով սև թութ եմ ուտում, որը մատներիս մանուշակագույն հետքեր է թողնում: Մի քանի օր ստիպված եմ լինելու անընդհատ լվացվել, որպեսզի դրանք կամաց-կամաց վերանան: Փոքրիկ սեղանին դեռ չհասունացած կանաչ ընկույզներ են դրված, որոնք հայրիկն է քաղել: Ես վերցրի նրանցից մեկն ու մուրճով ջարդեցի կեղևը: Հետո հանեցի սպիտակ միջուկն ու ախորժակով կերա: Ափերս դարչնագույն դարձան, բայց ես չեմ նեղվում: Ինձ դուր է գալիս ազատության զգացումը, երբ պարզապես ուտում ես այն ամենը, ինչ քեզ հաճույք է պատճառում, ու չես մտահոգվում, արդյոք ընկույզից ու թթից սևացած ձեռքերով գեղեցիկ ես:

Երբ կշտացա, մոտեցա հայրիկին, ով դեռ նստած էր օղու սարքի մոտ, ու մեջքից գրկեցի: Ինձ այնքան պակասում է նրա ուշադրությունը: Շատ եմ տխրում, երբ հիշում եմ, թե ինչպես ծեծեց մայրիկին, բայց միևնույն է`առաջվա պես պաշտում եմ նրան ու իմ իդեալը համարում:

Արդեն լուսանում է: Մենք ամբողջ գիշեր խոսել ենք աշխարհի, մարդկանց, կյանքի մասին: Ես շատ հետաքրքրասեր եմ, դրա համար հայրիկն ինձ կատակով ինչուիկ է անվանում:

Հանկարծ մեզնից քիչ հեռու թփերի խշշոց լսվեց: Վազեցի ձայնի ուղղությամբ ու սկսեցի զննել տեղանքը: Ինչ-որ փոքրիկ սև զանգված գրավեց ուշադրությունս, ու գետնից բարակ փայտ վերցնելով`թեթև դիպա նրան: Մակերևույթը փշոտ էր, ու ես միանգամից հասկացա, որ ոզնի եմ գտել: Դեմքիս ժպիտ հայտնվեց, երբ նա ցույց տվեց իր գեղեցիկ դնչիկը: Ես սիրում եմ կենդանիներ, բայց մյուս երեխաների նման չեմ ձգտում տուն բերել ու պահել սեփականության պես, որովհետև գտնում եմ, որ նրանք բնության գրկում իրենց ավելի լավ կզգան:

Ինձ բնության մեջ ամեն ինչ կատարյալ է թվում, բացի մարդուց, որովհետև բոլոր կենդանիները, բույսերը, նույնիսկ անշունչ առարկաները կատարում են այն դերը, ինչի համար ստեղծված են, միայն մարդն է, որ պատկերացում չունի, թե ինչու է ծնվել, ու որն է իր առաքելությունը:

2005 թվական, հունվարի 3

Արդեն մի քանի օր է`մեր տանը խոսակցություններ են պտտվում Փարիզ վերադառնալու մասին: Ես սեպտեմբերին պիտի դպրոց գնամ, ու ծնողներս ուզում են, որ քաղաքում սովորեմ: Վերջերս այստեղ էլ դպրոց բացվեց, ու տատիկս ուսուցչի աշխատանք ստացավ: Պապիկս ինչ-որ ընկերությունում ինժեներ է: Նրանք քաղաք վերադառնալու մտադրություն չունեն ու որոշել են իրենց կյանքը կապել գյուղի հետ:

Տանը շատ ավելի տաք է, քան ես պատկերացնում էի: Վառարանն իմ անկողնու մոտ է, ու գիշերը փայտ եմ ավելացնում: Քնելուց առաջ պապիկս ինձ համար գիրք է կարդում, հետո միասին մեղրով թեյ ենք խմում ու հեռուստացույց դիտում: Այն ընդամենը չորս ալիք ունի, ու մուլտֆիլմեր շատ հազվադեպ եմ նայում: Ինձ դուր են գալիս հատկապես երաժշտական հաղորդումներն ու համերգները, երբեմն էլ ֆիլմեր են ցույց տալիս: Ինչ վրանում չենք ապրում, սկսել եմ սիրել ձմեռը, երբ շտապելու ոչ մի տեղ չունես, նստում ես տաք վառարանի մոտ ու հետևում, թե ինչպես են կարտոֆիլն ու սոխը մոխրի մեջ խորովվում: Բացի այդ, պապիկն ավելի շատ ժամանակ է ինձ հատկացնում, քան ամառվա ընթացքում, որովհետև զբաղված չի լինում հող մշակելով ու թութ թափ տալով: Մենք, իհարկե, ուրիշ ծառեր էլ ունենք`դեղձի, ծիրանի, խնձորի, ընկույզի, բալի, բայց չենք հասցնում դրանց բերքն էլ, ինչպես հարկն է, հավաքել:

Ձմեռային օրերին ես սպասում եմ, մինչև պապիկը աշխատանքից վերադառնա, կերակրի կենդանիներին, իսկ դրանից հետո նա իմ տրամադրության տակ է: Մենք հարմար տեղավորվում ենք վառարանի մոտ, ու ես խնդրում եմ նրան ինձ համար գիրք կարդալ: Մեկ-մեկ տրամաբանական խնդիրներ ենք լուծում, բայց ես շատ արագ ձանձրանում եմ: Տանել չեմ կարողանում մաթեմատիկան:

2005 թվական, օգոստոսի 20

Մեր տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գետ է հոսում: Գնում եմ լողալու: Տատիկը հետս խաշած ձու, հաց, պանիր, լոլիկ, թխվածք ու հյութ է դրել, որ սոված չմնամ: Թաքուն լուցկի, հում միս, բանջարեղեն, փամփուր ու սուր դանակ եմ վերցրել: Իսկական խնջույք եմ կազմակերպելու ինձ համար:

Երբ ափ հասա, նկատեցի, որ այնտեղ մի աղջիկ է նստած: Նա կիսամերկ է`փաթաթված սրբիչի մեջ.երևի նոր է դուրս եկել գետից:

–Բարև,-մոտենալով`ողջունեցի ես,-սառն է ջուրը?