Выбрать главу

Երբ բացեցի աչքերս, Պարոնը զարմացած ինձ էր նայում: Երևի ծիծաղելի տեսք ունեի` լեզուս դուրս հանած: Զգեստիս կտորը կպել է թաց մարմնիս:

–Դուք ԱՄՆ չմեկնեցիք?-հարցրի ես:

–Չէ, գործեր ունեի Փարիզում կոնֆերանսի օրերին, իմ փոխարեն ուրիշ ուսուցիչ մեկնեց:

Մի քանի րոպե լռություն տիրեց, որը նորից ես խախտեցի:

–Կնկարեք ինձ?

–Ֆոտոապարատ ունես?

–Հա,-մատներս դեպի պայուսակս տարա:

Մի ձեռքով բռնվել եմ, որ պտտվելիս կարուսելից չընկնեմ, իսկ մյուսը` տարածել օդում:

–Միգուցե ես եմ կյանքի իմաստը բարդ բաներում փնտրում`փառքի, փողի, ձեռքբերումների մեջ, մինչդեռ այն երկնքում է, որ անձրևով հովացնում է սիրտս, նկարներում, որոնք անկրկնելի պահն անմահացնում են, հաճույքում, որն ինձ թևեր է տալիս:

–Չգիտեմ, Լիլի…ինչում էլ ման գաս կյանքիդ իմաստը, հավանականություն կա, որ կսխալվես: Երջանիկ լինելու համար պիտի ընդամենը հասկանաս, թե ինչն է քեզ համար կարևոր ու հասնես դրան: Եթե դու արժեք ես համարում փառքն ու փողը, նշանակում է`քեզնից ինքնասպան դուրս չի գա:

–Ինչու?-զարմացա ես:

–Որովհետև մահից ունեցած վախն է ստիպում այնպես անել, որ քեզ աշխարհը ճանաչի ու ընդունի, որ հազարամյակներ հետո անգամ տիեզերքում անունդ հնչի: Փողն էլ է միջոց, որ ավելի ուժեղ զգաս իշխանությունդ: Դու գիտակցում ես, որ ֆիզիկական ոչնչացումն անխուսափելի է, դրա համար ձգտում ես գոնե հոգով անմահ լինել: Չէ որ, մարդը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ նրան հիշում են: Դու անիմաստության զգացում ունես, որովհետև փառքից ու փողից էլ առավել` կարևորում ես այն, թե ինչ ճանապարհով ես դրանց հասել, հակառակ դեպքում քեզ համար տարբերություն չէր լինի ինժեներ ես թե արվեստագետ: Մի բան լավ հիշիր.ինչ մասնագիտություն էլ ընտրես, երբեք չես իմանա, թե իրականում ով ես: Դա գիտի միայն նա, ով քեզ ստեղծել է…

Մենք ակամա երկնքին նայեցինք:

Պարոնը ֆոտոապարատն ինձ մեկնեց: Հրաշալի կադրեր են ստացվել: Նկարները կենդանի հիշողություններ են ապրածդ պահերի մասին, դրա համար իմաստ չունի գեղեցիկ դիրք ընդունել, ուղղել մազերը, սիրուն ժպտալ, երբ քեզ նկարում են: Հարկավոր է լինել այնպիսին, ինչպիսին կաս:

–Կմրսես, Լիլի, արի տուն գնանք:

Մենք իջանք կարուսելից: Անձրևն արդեն կտրվել է: Աջ ձեռքով բռնել եմ կեդերիս կապերից ու ոտաբոբիկ եմ քայլում: Մենք տաք սուրճ գնեցինք ու հայացքով ազատ տաքսի ենք փնտրում:

–Այդպես էլ միասին նկար չունեցանք,-տխրեցի ես:

Անցորդներից մեկին խնդրեցինք, որ նկարի մեզ: Իմ դեմքը փայլում է երջանկությունից: Քիչ հեռու տաքսի երևաց.մենք շնորհակալություն հայտնեցինք բարի անցորդին ու վազեցինք դեպի մեքենան:

*

–Կարելի է Ձեր ննջարանում քնել?

Կիսաբաց եմ արել սենյակի դուռն ու ներս եմ նայում:

–Մի րոպե, հագնվեմ,-լսվեց Պարոնի ձայնը:

–Վերջ?

–Այո, մտիր:

Ինձ տեսնելով`ափերով ծածկեց աչքերը:

–Կներեք, որ ներքնազգեստով եմ: Գիշերանոց չունեմ:

Նա աթոռի թիկունքից վերցրեց իր կարմիր բլուզն ու մեկնեց ինձ:

–Առ, հագիր: Ինչու չես ուզում հյուրասենյակում գիշերել?

–Վախենում եմ մթությունից ու մենակությունից:

–Վաղ թե ուշ ստիպված կլինես սիրել դրանք:

Մենք անկողին մտանք: Պարոնը սպիտակ շալվարով է, իսկ կուրծքը բաց է: Ես չեմ համարձակվում նրան մոտ գալ, բայց գիտեմ, որ հենց քուն մտնի, չեմ դիմանա գայթակղությանն ու կգրկեմ մեջքից: Տեղավորվեցի նրա կողքին ու սպիտակ ծածկոցը դեպի ինձ քաշեցի: Հանկարծ հայացքս ընկավ պահարանի վրայի ծաղկամանին: Ահա թե որտեղից է սպիտակ վարդերի բույր տարածվում:

–Ումից են?-ծիծաղեցի ես:

–Ինձնից: Սիրում եմ ծաղիկներ:

Հազիվ եմ հիացմունքս զսպում: Ինչքան գրավիչ է տղամարդը, ում մեջ ուժը համադրվում է նրբության հետ:

–Կարելի է հոտ քաշել?

–Իհարկե:

Պահարանը դրված է հենց մահճակալի մոտ`Պարոնի գլխավերևում: Ծածկոցի վրայով մոտեցա ծաղկամանին ու սկսեցի հատ-հատ հանել վարդերը: Ոտնաթաթերս քսվում են Պարոնի մատներին, իսկ հագիս բլուզը վերև է սահում, երբ ձգվում եմ: Ես ամոթի զգացում չէի ունենա, եթե անգամ ամբողջովին մերկ լինեի: Հազիվ էի անուշահոտ թերթիկները մոտեցրել քթիս, երբ ափիս մեջ փուշ մտավ ու այնպես ծակեց, որ ցավից թուլացան ձեռքերս: Վարդերը թափվեցին ուղիղ Պարոնի երեսին:

–Թողեք օգնեմ…

Ես նստեցի նրա մարմնի վրա ու սկսեցի հավաքել փշոտ վարդերը: Զգուշորեն եմ շարժվում, որ հանկարծ մաշկը չվնասեմ: Մազերս հպվում են նրա ուսերին ու խուտուտ տալիս: Բլուզս հասել է գոտկատեղիս, ու ներքնազգեստս երևում է: Պարոնն առաստաղին է նայում ու խուսափում է մեր հայացքների հանդիպումից: Նրա վզին ու ձախ ուսին վարդի մի քանի սպիտակ թերթիկ է մնացել: Հերթական անգամ դեպի նա ձգվելիս շուրթերս դրեցի թերթիկի վրա, իսկ քիթս`Պարոնի մաշկի: Նույնիսկ չգիտեմ, թե որի հոտն է ավելի արբեցնող: Փակել եմ աչքերս ու այդպես մնացել: Գիտակցում եմ, որ հիմարություն եմ անում, բայց չեմ կարողանում կտրել ինձ հաճույքից,որ արյան փոխարեն հոսում է երակներովս: