Ժամը 21:45
Ներսումս ինչ-որ սառնություն է կուտակվել, որը կարծես սուրճի վրա էլ է նստել: Չնայեցի անգամ ճերմակ փոքրիկ բաժակի կողմը, որովհետև սուրճը տաք-տաք եմ սիրում խմել: Ես առհասարակ ամեն ինչի տաքն եմ սիրում`սուրճի, սիրո, հայացքի…
Ամբողջ օրն անցկացրի սենյակում փակված, դուրս գալ չէի ուզում.իսկ ինչ, եթե հանկարծ դիմացս դուրս գա? Ներսումս այնպիսի ծանրություն է իջել, որ ոչ մի կերպ չեմ կարողանում տեղիցս վեր կենալ ու ներքև իջնել: Հո չեմ կարող օրերով չուտել-չխմել սենյակումս փակվել, չէ որ ես ճամբար եկել եմ լրիվ այլ նպատակով: Իսկ եթե հավաքեմ իրերս ու վաղն ևեթ քաղաք մեկնեմ`հանկարծ անցավ մտքովս?
–Չես ուզում ճաշել?-սենյակումս տարածվեց Նատալիի ձայնը:
–Պարոնն էլ է ներքևում?-կարմրեցի ես:
–Հա, քեզանից էր հարցնում:
–Իրոք?-զարմացա ես:
–Հա, շատ է ուզում տեսնել քեզ:
–Իսկ ջղայնացած է?
–Չէ, ինչու պիտի ջղայնացած լինի?Քո մասին առանձնահատուկ սիրով էր խոսում:
Նատալիի խոսքերից սիրտ առած` վեր կացա տեղիցս, մի թեթև շրջազգեստ գցեցի վրաս ու շփոթվածությունս կուլ տալով` ցած գնացի:
Երբ ոտքս դրեցի վերջին աստիճանին, առաջս բացվեց շատ գրավիչ տեսարան. մեծ` զանազան ուտելիքներով լցված, սեղանի շուրջ նստել էին աշխարհի ամենասիրելի, ամենասրտամոտ ու ամենաջերմ մարդիկ: Կոտրված ժպիտը դեմքիս` վախվխելով սեղանին մոտեցա ու նստեցի աչքովս ընկած առաջին աթոռին: Երբ շուրջս նայեցի, քիչ մնաց կաթվածահար լինեի.հայացքս հանդիպեց Պարոնի խոշոր ու խիստ աչքերի հետ: Նա ուղիղ կողքիս է նստած ու, ինչպես հասկացա, միտք չունի ինձ կծելու: Նա դանդաղ իր ճաշն է վայելում ու մերթընդմերթ ինձ նայում: Հետո խորտիկ առաջարկեց`ասելով,որ ինքն է պատրաստել: Ես ժպիտով ընդունեցի ու սկսեցի անձայն ուտել:
Ճաշի ընթացքում ոչ մի բառ չփոխանակեցինք, բայց երբ բոլորը ցրվել էին իրենց սենյակներով, ու նույնը ես էի ուզում ճարպկորեն անել, բռնեց թևիցս ու դեպի իրեն ձգեց: Ես, ուժ չունենալով դիմադրելու, փարվեցի նրան, ու մի զսպված համբույր դուրս թռավ շուրթերիցս: Ես չունեի համարձակություն նրա շուրթերին դիպչելու, բայց ներսումս զգացում կար, որ Պարոնն ինքը ինձ կհամբուրի: Չսխալվեցի: Նրա շուրթերը տաք են, ինչպես այն սուրճը, որն այդքան սիրում եմ: Նրանք փարթամ են իմ փոքրիկ բերանի համեմատությամբ ու երբ դիպան ինձ, ջերմության, էներգիայի ու տաքության աննկարագրելի հոսանք առաջացավ ներսումս:Համբուրելուն զուգահեռ նա ինձ ամուր գրկել է: Պարոնն այնքան էլ բարձրահասակ չէ, բայց բավականին հաղթանդամ է, ու երբ փաթաթվեց ինձ, ես ասես կուլ գնացի նրա գրկում: Ինձ ամենից շատ դուր եկավ նրա օծանելիքի բույրը, որը նաև իմ հագուստին կպավ:
–Ինչ անուշ է Ձեր հոտը,-ժպտացի ես ու երեսս էլ ավելի խրեցի նրա կարմիր բլուզի մեջ:
–Ինչու էիր քեզ այդպես չար պահում?-վերջապես չդիմացավ նա:
Պատասխանի փոխարեն համբուրեցի ու ավելի սեղմվեցի կրծքին:
–Պարզ է,-բարեսիրտ գրկեց ինձ Պարոնը:
–Ես երևի իմ սենյակ բարձրանամ:
–Չէ, սպասիր, կարոտս չառա,չեմ թողնելու գնաս:
–Իսկ եթե մեզ տեսնեն այսպես գրկված?-վախեցա ես:
–Դրա համար այստեղ չենք գրկվի,-արագախոսեց նա ու մի քանի ակնթարթում ոտքերս պոկվեցին գետնից:
Մինչ ես ուզում էի աղաղակել ու պահանջել, որ ինձ բաց թողնի, հանկարծ գիտակցեցի, որ աղմկելը կհրավիրի բոլորի ուշադրությունն ու մեզ անհարմար իրավիճակի մեջ կգցի: Ստիպված կտրեցի ձայնս ու Պարոնի ձեռքերում քիչ թե շատ հարմար տեղավորվելով` հասա նրա առանձնասենյակ: Նա ինձ իր մահճակալի վրա գցեց, հանեց բլուզն ու սկսեց կրքոտ համբուրել շուրթերս: Երբ նրա մարմնի ջերմությունն ու անուշ հոտը քթիս դիպավ, մոռացա բոլոր վիրավորանքները:
Ժամը 21:57
Պարոնը պատրաստվում է մոտակա խանութ ուղևորվել` քաղցրավենիք գնելու: Ես, արդեն երկու ժամ է`նրա մեքենայում թաքնված,սպասում եմ: Հույս ունեմ`ինձ ոչ ոք չի նկատել: Իհարկե, կարող էի ինչ-որ հիմար առիթ հորինել նրա հետ խանութ գնալու համար, բայց չեմ ուզում կասկած հարուցել իմ վերաբերյալ:Չնայած`երևի իզուր եմ անհանգստանում.ինձ շրջապատող մարդիկ վատ երևակայություն ունեն, դժվար թե մտքներով անցնի, որ իմ ու Պարոնի միջև որևէ բան կա:
Ահա նա: Մոտեցավ մեքենայի դռանն ու նստեց ղեկին: Ես, շունչս պահած,շարունակում եմ մնալ նրա նստարանի ետևում: Ավելի լավ կլինի`ճամբար վերադառնալու ճանապարհին մատնեմ ինձ, համ էլ, ինչպես դուրս գամ թաքստոցիցս, առանց նրան կաթվածահար անելու?Չէ որ, նրա մտքով անգամ չի կարող անցնել, որ մեքենայի մեջ բացի իրենից մեկն էլ կա: Եթե հիմա տեսնի ինձ, գնումների չի տանի հետը, ավելի լավ է`այն ժամանակ երևամ, երբ արդեն ուշ լինի ինձանից ազատվելու համար: Ես հեռվից նկատեցի նրա ձեռքերի վրայի վերքերը, երբ մոտենում էր դռանը: Չեմ կարողանում ներել ինձ, որ այդքան անողոքաբար ցավեցրի, իսկ նա անգամ մի մկան չշարժեց, թույլ տվեց` արտահայտեմ զայրույթս ու թեթևանամ հոգեպես: Բոլոր դեպքերում, ոչ մի երաշխիք չկա, որ մյուս անգամ նույն կերպ չեմ վարվի: Ես Պարոնին կամ ինքնամոռաց սիրում եմ, կամ ատում`բանականությունս կորցնելու չափ: Երեկ, իրոք, ներսս վառվում էր ատելությունից ու հազիվ էի զսպում, որ նրան կտոր-կտոր չանեմ: Իսկ հիմա սիրտս թուլանում է անսահման քնքշությունից ու նուրբ զգացմունքներից: