Նստեցի մի փոքր հեռու` ուսերիս զգալով նրա հայացքի ու էներգետիկ դաշտի ջերմությունը: Չեմ հիշում ինչից էինք զրուցում,միայն հիշում եմ,որ բառերս ասես ժպիտի միջից էին ծնվում,ինչը ձայնիս առանձնակի գրավիչ երանգ էր տալիս: կոշիկներս հանել էի ու ոտնաթաթերս ազատ այս ու այն կողմ էի շարժում: Երկուսս էլ պարբերաբար կարմրում էինք: Հասկանում էինք,որ այն,ինչի մասին խոսում ենք,իրականում մեզ այդքան էլ չի հուզում: Մեր լեզուները սոցիալական բնույթի նյութ էին արտաբերում, բայց մարմինները լրիվ այլ ալիքի վրա էին:Ասես լեզուն միջոց էր մարմինների խոսակցությունը չդադարեցնելու համար: Մենք վախենում էինք լեզուների լռությունից, որովհետև գիտեինք.հենց լեզուն լռի, մարմինն ավելի բարձր կսկսի խոսել:Ես զգում էի,որ հենց վերջանա խոսակցության նյութը, մի պահ միմյանց ենք նայելու ու իրար գիրկ նետվենք: Ես զսպում էի ինձ,բայց միայն հիմարը չէր նկատի, թե ինչպես եմ նրան ուզում: Երբ աչքերին էի նայում, պատկերացնում էի, թե ինչպես եմ հետը սիրով զբաղվում, ակամա կարմրում էի իմ մտքերից, Պարոնն էլ հասկանում էր դա ու խորամանկ ժպտում: Նա նստեց կողքիս: Մենք սկսեցինք պաղպաղակ ուտել ու սառույցով սուրճ խմել:
Հանկարծ նրա հեռախոսին զանգ եկավ: Ռայմունդն է:
–Բարև, հայրիկ, քնած ես?
–Չէ, արի սրճենք:
Ես ոտքի կանգնեցի:
–Կարող ես մնալ, Լիլի,-առաջարկեց Պարոնը:
–Արդեն ուշ է, ուզում եմ քնել: Շնորհակալ եմ…
Ժամը 22:59
Ես պառկել եմ սենյակի մթության մեջ ու առաստաղին եմ նայում: Շուրջս գիշերային լռություն է: Աղջիկները վաղուց քնել են, իսկ ժամացույցի արագաշարժ սլաքը մոտենում է հինգին: Ատում եմ այդ սլաքը: Ինձ հաճախ թվում է, թե կյանքիս կեսից ավելին արդեն անցել է, անընդհատ վախ ունեմ, որ ինչ-որ բան բաց եմ թողնելու, տարօրինակ զգացողություն է ներսումս, որ մոտ է մահը: Զգուշորեն վեր կացա անկողնուցս, հագա թեթև զգեստս, առանձնակի քնքշությամբ նայեցի քնած ընկերուհիներիս անհոգ դեմքերին ու քայլերս ուղղեցի դեպի խոհանոց:
Պատանի հասակում ծնողներս թույլ չէին տալիս սուրճ խմել, որովհետև վնաս է ոսկորներիս: Արգելքն իմ մեջ անասելի կիրք էր առաջացրել.թաքուն էի խմում: Ամեն պատեհ առիթ օգտագործում էի` մի ումպ ավելի անելու: Ամեն կումն ինձ համար առանձնահատուկ վայելք էր, իսկ բույրի ամեն մոլեկուլը հաճելիորեն պտտեցնում էր գլուխս:
Հիմա, երբ ես եմ իմ գլխի տերը և կարող եմ սրտիս ուզածի չափ սուրճ խմել, զարմանալիորեն նկատում եմ, որ այն ինձ առաջվա պես հաճույք չի պատճառում: Համն էլ է փոխվել, հոտն էլ առաջվա նման գլուխս չի պտտեցնում:Ես իմ պատանեկան հասակի սուրճն եմ ուզում: Ոչ կաթը, ոչ զանազան մրգային փոշիները և ոչ էլ նույնիսկ շոկոլադը չեն օգնում ստանալ այդ համը…արգելքի համը…
Տրամաբանորեն հասկանում էի, որ սխալ էի անում, վնաս էի ինքս ինձ պատճառում,անասելի մեղավոր էի զգում ծնողներիս առաջ, բայց, գրողը տանի, դա ինձ դուր էր գալիս: Ինչպես կարող է մարդուն դուր չգալ ինչ-որ բանի հանդեպ կիրք զգալը?
Դուրս գալով խոհանոցից`որոշեցի գնալ ճամբարի ամենասիրածս վայրը: Այդ կոկիկ սենյակը այնքան էլ պարասրահի նման չէ, բայց լուսավոր է, լավ կահավորված ու հարմարավետ:
Գիշերները, երբ ճամբարը քնած է լինում, առանձնանում եմ այնտեղ, երաժշտություն միացնում ու միայնակ պարում:
Զգուշորեն սենյակ մտա, հատակին դրեցի սուրճի բաժակը, ինքս էլ նստեցի հատակին ու զգացի, որ աչքերս փակվում են հոգնածությունից:
Ոտաբոբիկ եմ, հագիս վառ դեղնավուն, հազիվ ծնկներս ծածկող զգեստ է, որի ներքևի հատվածը տեղ-տեղ պատառոտված է, իսկ ուսերը կիսով չափ բաց են: Մարմնիս վրա ոչ մի զարդարանք չկա, իսկ դեմքս առանց շպարի է: Ինձ իմ մտքերից արթնացրեց երաժշտության դանդաղ ձայնը: Վախս երջանկության փոխվեց, երբ դռան մոտ նկատեցի Պարոնին: Նա էր երաժշտություն միացնողը: Հագին սպիտակ շալվար է ու մի բարակ վերնաշապիկ: Դեմքին հոգնածության նշույլ անգամ չկա: Ժամանակի ավերիչ ու անխիղճ ձեռքը զարմանալիորեն անտեսում է այդ տղամարդուն: Նա ավելի գեղեցիկ և գրավիչ է իր քառասունում, քան շատ քսանամյա տղաներ:Նա ինձ նման է արտաքինով, դրա համար մոտս աննկարագրելի հարազատության զգացում է առաջացնում:Աչքերը խոշոր են, արտևանունքները` արտահայտիչ երկար, իսկ երբ մի անգամ նայեցի բարակ մատներիս, անմիջապես հասկացա, թե ինչու եմ նրա մատներն այդպես պաշտում.նրանք նույնքան նուրբ ու բարակ են, որքան իմը…
Մենք առանց բառ փոխանակելու սկսեցինք պարել:Անտանելի վատ եմ պարում, անընդհատ կանգնում եմ Պարոնի ոտնաթաթերին, բայց քանի որ բոբիկ եմ, չի զգում:
Ես մատներիս սառը ծայրերով գրկել եմ նրա վիզն ու հայացքս ուղղել դարչնագույն աչքերին: Նրանք սուրճի նման են`այն պատանեկան սուրճի,որն ինձ այդքան դուր էր գալիս: Նրա բիբերը սուրճի պես սև են, ու միայն սիրահարվածի չափազանց զննող աչքը կարող է նկատել, որ այդ սևության մեջ փոքրիկ դարչնագույն զանգված է լողում`նոր եփված սուրճի երեսին լողացող սիրո պես:Միգուցե դա էլ նրա սերն է…
Ժամը 23:17
–Լիլի, ծանոթացիր, կինս է,-ժպտալով արագախոսեց Պարոնը:
Ես արհեստական ու սառը ժպիտ կրակեցի երեսիս, մի կերպ բարևեցի ինձ մայրաբար ժպտացող կնոջն ու շտապեցի կորել նրանց տեսադաշտից: