Выбрать главу

Ժամը 23:34

Պառկել եմ կանաչ խոտերի վրա ու հայացքս երկնքին հառած` երազում եմ: Հանկարծ մեկի շուրթերը մատներիս դիպան ու սկսեցին համբուրել: Վախեցած բացեցի աչքերս ու դիմացս տեսա Պարոնին:

–Ինչու ես ճամբարից այսքան հեռվացել?Երկինքն ամպամած է, հիմա որ անձրևեց, ոնց ենք ետ վերադառնալու?

Նրա քնքշանքներից ազատվելով`գետին մոտեցա: Կյանքում առաջին անգամ նրան տեսնելիս զայրույթ զգացի: Ինձ թվաց, որ նա երրորդ ավելորդի պես ներկայացել է այն ժամադրությանը, որն ինքս ինձ հետ էի որոշել անցկացնել:

Հազիվ էր խոսքը ավարտել, երբ երկնքում կայծակի նման մի բան ճայթեց ու անձրևային թափանցիկ վարագույր իջեցրեց գետի, շրջակա լեռների ու մեր մտահոգ դեմքերի վրա:

–Ասում էի, չէ?-խրատեց Պարոնն ու ձեռքիցս բռնելով` դեպի անորոշություն տարավ:

Անորոշություն ասվածը քարայրի նման մի բան էր, և մենք որոշեցինք մինչև եղանակի կարգավորվելն այդտեղ պատսպարվել: Ես մինչև ոսկորներս թրջվել եմ, որովհետև հագս թեթև բարակ կտորից զգեստ ունեմ միայն: Նոթբուքս պայուսակից հանելով`ստուգեցի արդյոք աշխատում է, ու համոզվելով, որ հետն ամեն ինչ կարգին է, եղանակի մասին մոռանալով` սկսեցի Պարոնի շուրջն ուրախ-զվարթ պտույտ գալ: Քարայրը բավականին մեծ է ու լայնարձակ` ազատ տեղաշարժվելու համար, իսկ ներսում, բախտի բերմամբ թե պատահմամբ, չոր փայտի կտորներ կան, ուստի որոշեցինք կրակ անել:

–Օգնիր փայտերը բերել,-մեղմ ձայնով խնդրեց նա:

Իրար անցնելու փոխարեն անշտապ ու հանգիստ շարժումներով հագա մարմնագույն կոշիկներս և անմեղ հայացքով, ասես խնդրանքն ամենևին էլ ինձ չէր ուղղված, սկսեցի Պարոնին նայել:

–Չես ուզում օգնել ինձ?

–Դուք միայնակ էլ գլուխ կհանեք,-ժպտացի ես,– իսկ հետո անպայման կանչեք ինձ, որ կրակի վրա Ձեզ համար սուրճ տաքացնեմ:

–Չգիտեի, որ հետդ սուրճ ես ման տալիս,-ծիծաղեց նա:

Կրակը վառելուն պես մոտեցավ ինձ ու զգեստիս փեշը քաշելով` ասաց.

–Խոնավ է, կմրսես:

Չնայած նորավառ կրակի ալիքները հասցրել են տաքացնել քարայրը, այնուամենայնիվ, մարմինս սառը դողով է պատվել, իսկ հայացքս Պարոնի տաք վերարկուի վրայով է շարունակ սահում: Դպրոցում ցուրտ եղանակին դիտավորյալ բարակ էի հագնվում միայն նրա համար, որպեսզի առաջարկեր իր վերարկուն վրաս գցել, բայց նա չէր առաջարկում:Ինձ թվում էր, որ եթե սիրում է ինձ, անպատճառ պիտի գուշակի ցանկություններիս մասին: Երանի այն ժամանակ իմանայի, որ տղամարդիկ առհասարակ գուշակել չգիտեն:

Երբ ամեն բան պատրաստ էր, նստեցինք կրակի մոտ, որ սուրճ վայելենք: Անձրևը դեռ չի դադարել, ու երկուսս էլ հոգու խորքում շնորհակալ ենք նրան, որ ևս մի քանի ժամ իրար հետ ենք անցկացնելու:

Ես սովորականի պես սուրճը եռման եմ խմում, բայց դանդաղ ու խորիմաստ: Երբ կում եմ անում անուշահոտ ու կոկորդ շոյող ըմպելիքից, կուլ տալուց առաջ մի քանի վայրկյան բերանումս եմ պահում ու փորձում հասկանալով և զգալով վայելել: Կյանքն էլ եմ սիրում կում-կում ապրել`առանց շտապելու, տագնապի ու ամենակարևորը` մտածված: Չկա ավելի սարսափելի բան, քան տգիտության մեջ գոյատևելը: Տգիտությունն ամենևին էլ դիպլոմներ ու բարձրագույն կրթություն չունենալը չէ, այլ չհասկանալը, թե կյանքումդ արած ամեն քայլն ու ընտրությունն ինչի կբերի: Նպատակին հասնելու համար առաջինը պիտի վերջին քայլդ անես, որովհետև երբ հասկանաս, թե սիրտդ դեպի ուր է ձգտում, առաջին քայլդ ինքնըստինքյան կստացվի: Ոտքդ որևէ ճանապարհի վրա դնելուց առաջ պիտի զգաս, արդյոք դա այն ուղին է, որը քեզ երջանկություն կբերի: Երջանկություն ասվածը ամենևին էլ փողի մեջ չէ: Մարդը վաղ թե ուշ կշտանում է հաճույքներից, նոր էմոցիաներից ու բարիքներից, որոնք կարողանում է դրանով ձեռք բերել: Վաղ թե ուշ գիտակցություն է գալիս, որ փողի քանակն ամենևին էլ ուղիղ համեմատական չէ մարդու վերապրած զգացմունքների ուժգնությանը: Զգացմունքները միշտ նույնն են մնում.մարդը ուրախանում, տխրում, դառնանում ու երջանկանում է միշտ նույն ձևով: Միայն դրանց աղբյուրներն են փոխվում. սկզբում այգու նստարանին նստած ես սիրածդ սուրճը վայելելով երջանկանում, հետո այգու փոխարեն քեզ կարողանում ես թույլ տալ սրճարան գնալ, ապա գալիս է մի օր, երբ գիտակցում ես, որ ամենից հաճելին թերևս սիրածդ տղամարդու թևը մտած`քարայրում նստած սրճելն է…

–Ինչի մասին ես մտածում?-ուսերս գրկելով խոսեց Պարոնը:

Նրա ափերի տաքությունը զգալուց հետո միայն գիտակցեցի, թե ինչքան եմ թրջվել: Բարակ զգեստս իր բոլոր թելերով ու ատոմներով տպվել է խոնավ սառած մարմնիս և չնայած կրակոտ օդի հետ շփմանը`չորանալու միտք անգամ չունի:

–Իմ,-կարմրեցի ես,-ուզում եմ հասկանալ ինձ: Ուզում եմ լսել ներսիս ձայնը, բայց չի ստացվում: Գիտեք, երբ խանութ եմ մտնում, որ ինձ համար որևէ համով բան գնեմ, ժամերով կանգնում եմ քաղցրավենիքների ու տարատեսակ ուտելիքների դիմաց և ոչ մի կերպ չեմ կարողանում զգալ, թե սիրտս որ մեկն է ուզում, ավելի հաճախ էլ ընտրում եմ մի բան, բայց համտեսելուց հետո հասկանում, որ ամենևին էլ այդ մեկը չէր ուզածս: Տարօրինակ է չէ, փոքր ժամանակ երազում էի գրպանումս միշտ լիքը փող ունենալ, որ ցանկացածիս չափ քաղցրավենիք գնեմ, իսկ այժմ հնարավորությունն ունեմ, բայց չեմ կարողանում զգալ ընտրածս թխվածքն, իրոք, այն է, ինչն ինձ հաճույք կպատճառի? Նույն սկզբունքով էլ, ով գիտի, մասնագիտությունս եմ ընտրելու. շուտով համալսարան պիտի ընդունվեմ, ու գաղափար անգամ չունեմ, թե ինչ է ինձ սպասվում: Աշխարհում ամեն ինչ իր առաքելությունն ունի: Շաքարի առաքելությունը քաղցր լինելն է, սուրճինը` այդ քաղցրն իր մեջ լուծելը: Որն է այդ դեպքում իմ առաքելությունը?