Выбрать главу

–Գիտես`ինչու տասնութ տարեկանում մի քաղցրավենիք անգամ չես կարողանում ընտրել?Որովհետև փոքր ժամանակվանից ծնողներդ են ամեն բան քո փոխարեն ընտրել: Նրանք են որոշել, թե որ թխվածքն է քեզ համար ավելի օգտակար կամ որ զգեստն է վրադ ավելի լավ նստում: Որոշել են ու երբեք չեն փորձել հետաքրքրվել, արդյոք վրադ լավ նստող զգեստի մեջ իրենց ընտրած օգտակար քաղցրավենիքը ուտելով`քեզ երջանիկ ես զգում:

Պարոնը վերջապես նկատեց, որ ժամից ավելի է` խոնավ բարակ զգեստով եմ ու վերարկուն հանելով`ինձ մեկնեց:

–Չես ուզում ինձ համբուրել?

Նրա հարցն ինձ ամենևին չզարմացրեց, որովհետև ամեն մանրուքի համար համբուրում էի: Ինչ էլ ինձ համար աներ, շնորհակալություն էի հայտնում ու ցույց տալիս, որ նկատում և գնահատում եմ:

–Գաղտնիք է,-ծիծաղեցի ես,-ինքներդ համբուրեք, կիմանաք`ուզում եմ թե ոչ:

Առանց պատասխանի սպասելու`պոկվեցի տեղիցս ու քարայրից դուրս եկա:

Պարոնը, հասկանալով, որ իմ գժությունը սահմաններ չունի, ու պատրաստվում եմ անձրևի տակ սառը լոգանք ընդունել, վազեց ետևիցս, որ ներս բերի`ըստ երևույթին փոշմանելով, որ ժամանակին չբռնեց ու չհամբուրեց:

Արդեն ուշ է`ես մինչև եղունգներիս ծայրը թրջվել եմ, ու դեմքիս ծիծաղկոտ արտահայտությունից դժվար չէ եզրակացնելը, որ քարայր վերադառնալու միտք անգամ գլխիս մեջ չի պտտվում: Ավելին` երբ Պարոնին տեսա, ուզեցի նրան հենց անձրևի տակ համբուրել:

–Ներս գալու ես թե ոչ?-զայրույթախառը նախատեց նա:

Գլուխս կախ հետևեցի նրան, իսկ երբ նորից ներս մտանք ու նստեցինք կրակի մոտ, ինքս, առանց բառ ասելու, գրկեցի ու համբուրեցի: Սերը միայն համբույրների ու գրկախառնությունների մեջ չէ: Ինձ բավարար է գլուխս դնել նրա ծնկներին ու աչքերի մեջ նայել` զգալու համար այն, ինչ երբեմն ամենաջերմ ֆիզիկական հպումներն անգամ չեն տալիս: Ես այդ աչքերում պաշտպանություն ու պետքություն եմ տեսում`բաներ, առանց որոնց կանացի բնությունը տխրում ու դադարում է ծաղկել: Կանայք ուժեղ լինելուց են թուլանում, իսկ Պարոնն իր ուժով երբեք չէր թողնում թուլանամ: Նա, հոգատար ու սիրող ժպիտը դեմքին, նուրբ ու տաք մատներով խառնում է մազերս: Ինչ-որ մի ժամանակ, շատ-շատ վաղուց, երբ դեռ երեխա էի, տեսել էի նման բարակ ու կանացի մատներ ունեցող տղամարդու: Նրանց ձևերն ու տեսքերը այնպես էին բնազդական դաշտումս խրվել, որ անգիտակցաբար տղամարդու գրավչությունը մատների հենց այդ ձևի հետ եմ կապում:

Մի պահ դժվարացա զգալ,Պարոնի ձեռքերն ու շուրթերն են այդքան տաք, թե վառվող կրակն է մեզ այդպես ջերմացնում: Լրիվ մտքներիցս թռել է, որ ճամբարում մեզ սպասողներ կան…

Մտքիս թելը մի պահ կտրվեց, որովհետև հայացքս հանկարծակի գամվեց Պարոնի մսեղ ու փարթամ շուրթերին: Կյանքում առաջին անգամ նայեցի դրանց ոչ թե հիացմունքի, կրքի ու համբուրելու անկառավարելի ցանկության, այլ հետազոտողի տեսանկյունից: Միթե դրանք արժեին այնքան, որ թունավորեի ինձ նման մի կնոջ կյանք?

Հանկարծ հեռախոսիս զարթուցիչը սկսեց զնգալ: Ձգվեցի դեպի այն, որ անջատեմ: Ես ափով հարվածում եմ լայն կոճակին, բայց ձայնը չի դադարում: Հայացքս ընկավ Պարոնի վրա, ում գրկից դեռ չէի իջել: Նրա դեմքը քիչ-քիչ սկսում է անհետանալ ու լուծվել տարածության մեջ:

–Մի գնացեք խնդրում եմ, ինձ մենակ մի թողեք, ես Ձեզ սիրում եմ…

2016 թվական, ապրիլի 13

Վեր թռա տեղիցս: Շնչառությունս ընդհատ է, մարմինս սառը քրտինքով է պատվել, իսկ սիրտս տեղից դուրս է թռչում: Ժամացույցը կեսգիշերն է ազդարարում: Վերցրի հողաթափս ու ամբողջ ուժով շպրտեցի վրան, որ վերջապես կտրի ձայնը: Երանի հավերժ քնած մնայի ու ավելի երկար զգայի, թե ինչ է նշանակում սիրված լինել: Կարմիր բլուզը գցեցի մերկ մարմնիս ու խոհանոց վազեցի: Բացեցի ջրի ծորակն ու երկու ափերս տակը պահելով`սկսեցի բռով սառը ջուր խմել: Աչքերիցս հոսող արցունքները բերանս են լցվում ու աղի համ եմ զգում, բայց դա ինձ չի հուզում: Ներսս վառվում է, հարկավոր է կրակը հանգցնել: Ծարավս հագեցնելուց հետո բացեցի սառնարանն ու միջից լիքը սառույց հանեցի: Նստեցի աթոռին ու սառույցները հատ-հատ շարեցի ոտքերիս, վզիս ու կոպերիս վրա: Ամենամեծ կտորը կրծքիս դրեցի, որի տակ բաբախում էր սիրտս:

–Սառիր, գրողը տանի: Ես էլ չեմ ուզում տանջվել:

Մի քանի ժամ այդ դիրքում մնալուց հետո հոգեպես խաղաղվեցի ու ընդունեցի իրականությունը: Ինձ գոնե երազում է վիճակվում փոխադարձ սեր զգալ, մարդիկ կան` այդ հնարավորությունն էլ չունեն: Ինչքան շատ խորանամ բացասական զգացմունքների ու մտքերի ճահիճում, այնքան հետո դժվար կլինի դրանից դուրս գալը: Հարկավոր է բարձրացնել տրամադրությունն ու ցրվել: Ինչ իմանաս, միգուցե սա վերջին գիշերն է, որ Պարոնի տանն եմ անցկացնում: Գիտեմ, որ խելամիտ չէր ասելը զգացմունքներիս մասին, բայց ես չեմ փոշմանում: Կան իրավիճակներ, երբ շահելուդ հավանականությունն ընդամենը մի տոկոս է, բայց անկախ ամեն ինչից պիտի փորձես, հակառակ դեպքում ամբողջ կյանքում կմեղադրես քեզ բաց թողած հնարավորության համար, ու պարտության զգացումը կրկնակի կլինի: