Выбрать главу

Սառնարանից շոկոլադ, բանան ու սերուցք հանեցի` սառույցով սուրճ պատրաստելու համար: Ես էլ հորս պես սիրում եմ ուտելիքների ու ըմպելիքների հետ էքսպերիմենտներ անել: Իմ մեջ բնատուր ընդունակություն կա զգալու, թե համերն ու հոտերն ինչպես կհամադրվեն: Չնայած, հաշվի առնելով, որ կյանքիս առաջին տորթը թխել եմ հորս մեքենայի մեջ, երևի չափազանցնում եմ:

Սուրճը լցրի մեծ թափանցիկ բաժակի մեջ, վրան հարած սերուցք ավելացրի ու շոկոլադի փոշի: Ձողիկով առաջին կումն արեցի ու հաճույքից փակեցի աչքերս: Այս համը զգալու համար արժեր ծնվել: Կարելի է մյուս անգամ բանանի փոխարեն ելակով փորձել:

Ես մի քանի ժամ եմ ընդամենը քնել, բայց բավականին առույգ եմ ինձ զգում: Քայլեցի դեպի հյուրասենյակ: Նստեցի բազմոցի ծայրին ու գլուխս Պարոնի կրծքին դրեցի: Նա այնքան խորն է քնած, որ կարող եմ սրտիս ուզածի չափ համբուրել շուրթերը, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան ինձ ետ է պահում: Ես կուզեի, որ այդ համբույրը ստիպողաբար, թաքուն ու միայն իմ կամքով չլիներ, այլ Պարոնն էլ սրտանց դա ցանկանար: Չի կարելի բռնանալ դիմացինի զգացմունքներին ու ցանկություններին միայն նրա համար, որ քեզ հաճելի լինի: Չգիտեմ`տխրել թե ուրախանալ, որ գիտակցում եմ այդքանը: Կյանքում շատ քիչ է ամեն բան հասկանալը, երբ բանականությունդ ու սիրտդ հաշտ չեն իրար հետ: Էլ ինչը կարող է մարդուն պահել իրեն ցավ պատճառողի կողքին, եթե ոչ սիրտը, որին մանկուց չեն սովորեցրել ճիշտ ընտրություններ անել? Բնական է`լավի, վատի, ճշտի, սխալի, չարի ու բարու սահմանումներն ի սկզբնե տրված չեն մեզ, բայց իրականում շատ հեշտ է դրանք իրարից տարբերելը: Երբ ճիշտ ճանապարհի վրա ես, ներքին կոնֆլիկտ չկա:

Ես ենթագիտակցորեն կրկնում եմ այն սիրավեպը, որ մանկությունում հորս հետ եմ ունեցել`լի խանդով ու պայքարով`նրա սրտում միակը լինելու համար: Մանուկ հասակում մենք լրիվ ուրիշ կերպ ենք երևույթները տեսնում: Կապ չունի մեր ընկալումը համապատասխանում է իրականությանը թե ոչ, հասուն տարիքում` չգիտակցված այնպիսի իրավիճակներ ու մարդկանց ենք ընտրում, որ հաստատենք դրա ճշմարտացի լինելը:

Փոքր ժամանակ, երբ հայրս լուրեր էր դիտում ու պահանջում էր չխանգարել իրեն, ես չէի մտածում, որ նա պարզապես զբաղված է աշխարհում կատարվող իրադարձություններով, որոնք տվյալ պահին ավելի կարևոր էին, քան իմ պատմությունը դրսում տեսածս թիթեռնիկի մասին: Ես ինձ չսիրված էի զգում նրա անտարբերությունից, որովհետև երեխայի աշխարհընկալման մեջ թևը վնասած թիթեռնիկն իր կարևորությամբ համարժեք է ձեռքը կոտրած մարդուն: Ինձ համար ցավալի էր, երբ արժեզրկվում էին զգացմունքներս, ու խոսքը բերանումս կիսատ էր մնում: Նման պահերին էր, որ գլխումս գնալով ավելի ու ավելի էր ամրանում համոզմունքը, որ հայրս ինձ չի սիրում:

Հիմա, երբ մեծացել եմ,գիտակցում եմ, թե ինչքան անհեթեթ էր այդ միտքը, բայց սրտիս մեջ`հեռու մի տեղ, դեռ ապրում է այն երեխան, ում մերժել են: Ես շարունակում եմ ապրել զգացմամբ, որ արժանի չեմ սիրո, դրա համար էլ ընտրում եմ նրանց, ում կողքին ինձ չսիրված եմ զգում:

Միթե ամբողջ կյանքում այդպես պիտի լինի?

Արցունքներս կաթում են Պարոնի ուսին ու ծորում են մարմնի վրայով: Գլխումս էլի ինքնասպանության մասին մտքեր են պտտվում: Կյանքի ամեն փուլում մեզ տարբեր բաներ են ցավ պատճառում: Փոքր ժամանակ`վնասված թևով թիթեռնիկը, պատանի հասակում`անպատասխան սերը, երիտասարդ տարիքում`գործատուն, ով հարցազրույցից հետո այդպես էլ չզանգեց, հասուն շրջանում`որդին կամ թոռնիկը, ով չի այցելում, ծերությունում`էլի վնասված թևով թիթեռնիկը: Տարիքդ, արտաքինդ, հանգամանքները փոխվում են, բայց ցավի զգացումը միշտ նույնն է մնում:

Տեղավորվեցի բազմոցին ու մեջքից գրկեցի Պարոնին: Գիտակցությունը, որ կյանքում ավելի սարսափելի բաներ կան, քան անպատասխան սերն է, չի օգնում: Ես էլի մենակ եմ իմ ցավի հետ, ոնց մանկությունում…

*

Երբ աչքերս բացեցի, ժամացույցի սլաքը մոտենում էր յոթին: Ֆիզիկապես ինձ հիանալի եմ զգում, մի քանի ժամվա քունը հանգստացրել է մարմինս: Աչքերս տրորելով`քայլեցի դեպի խոհանոց: Պիտի մինչև ժամը ութը դուրս գամ տնից, որ օլիմպիադայից հանկարծ չուշանամ: Ջեռոցը միացնելուց հետո բացեցի սառնարանը, միջից պանիր, լոլիկ, խոզապուխտ, թթվասեր, կարագ ու կանաչի հանեցի, կտրատեցի ու շերտերով շարեցի հացի բարակ կտորների վրա: Սենդվիչները դրեցի տաք ջեռոցի մեջ ու վազեցի զգեստս փնտրելու: Այն հյուրասենյակում էր ու հասցրել էր չորանալ երեկվա անձրևից հետո: Արագ հագնվեցի, սանրեցի մազերս ու թեթև դիմահարդարում արեցի: Չեմ կարծում, թե տեսքս առանձնապես կազդի օլիմպիադայի արդյունքների վրա, դրա համար չարժի ավելորդ ժամանակ ծախսել: Երբ շատ թե քիչ պատրաստ էի, շտապեցի խոհանոց, որտեղ ախորժելի բույր էր տարածվել: Սենդվիչները տեղավորեցի սպիտակ լայն ափսեի մեջ ու սառը սուրճի հետ, որ գիշերվանից էր մնացել, հյուրասենյակ տարա: Պարոնն այնքան անուշ է քնած: Մոտեցա նրան ու ամուր գրկեցի: Նրա վզին ասես թմրանյութ քսած լինի, մի ամբողջ հավերժությունն էլ է քիչ, որ հոտից հագենամ: Կոպերս ծանրանում են արցունքներից: Իսկ ինչ, եթե վերջին անգամ եմ սիրածս մարդու բույրը զգում? Հայացքս ժամացույցին ընկավ. ուշանում եմ: Սրբեցի աչքերս, պայուսակս ուսիս գցեցի ու սենդվիչ ուտելով`տնից դուրս եկա: