Выбрать главу

*

Դպրոցը, որտեղ անցկացվելու է օլիմպիադան, գտնվում է քաղաքի ծայրամասում: Ես արդեն մուտքի մոտ եմ.սպասում եմ` ներս հրավիրեն: Ինձանից բացի հարյուրավոր դպրոցականներ են այստեղ հավաքվել: Սիրտս կծկվում է վախից: Բոլորի ձեռքում պատմության գրքեր կան, իսկ ես ոչինչ չեմ հիշում կարդացածիցս: Երևի ավելի ճիշտ կլիներ տանը նստել ու չխայտառակվել ավելորդ անգամ: Լավ, ինչ լինում է, թող լինի: Եթե նույնիսկ մրցանակ չշահեմ, գոնե ընկերներ ձեռք կբերեմ: Կյանքում ամեն իրավիճակից պետք է փորձել օգուտ քաղել: Զարմանալի է, որ դա անցնում է մի մարդու մտքով, ում մի ոտքն այն աշխարհում է:

Սկսեցի ծանոթանալ բոլոր նրանց հետ, ովքեր ինձ մարդամոտ ու շփվող թվացին: Քսան րոպեից արդեն մոռացել էի, թե ինչի համար ենք հավաքվել ու նոր ընկերներիս հեռախոսի համարներն էի գրանցում: Մարդկանց մեջ լինելն ինձ օգնում է ժամանակավորապես մոռանալ խնդիրներիս մասին ու հոգեպես լավ զգալ: Ես բնույթով շփվող մարդ եմ, բայց չեմ կարող դպրոցում այդպիսին լինել, որովհետև այդ հատկանիշն ինձ կխանգարի դասերում: Ամեն միջավայր իր պայմաններն ունի, որոնք ընդունելով միայն կարող ես հաջողության հասնել: Ինձ բոլորը գիտեն որպես մարդու, ով բացի դասերից ոչ մի հետաքրքրություն չունի, ու ես եմ այդ կերպարն ինձ համար ստեղծել: Ամեն կերպար բաղկացած է որոշակի անձնային հատկանիշներից, բնավորության գծերից ու սովորույթներից, իսկ հաջողության հասնելու գործում դրանք են որոշիչ: Ինձ մոտ ստացվել է դպրոցում աչքի ընկնել, լավագույն աշակերտ լինել միայն այն դիմակի շնորհիվ, որ կրում եմ: Խնջույքների հազվադեպ եմ գնում, ընկերներ քիչ ունեմ, ոչ մի տղայի հետ չեմ հանդիպում ու այդպիսով հսկայական ժամանակ խնայում, որը ծախսում եմ դասերի վրա:

–Լիլին այստեղ է?

Ես բարձրացրի ձեռքս ու մի քայլ առաջ գնացի: Ինձ մի խումբ դպրոցականների հետ ուղեկցեցին երկրորդ հարկի լուսավոր ու ընդարձակ դասարաններից մեկը: Սիրտս արագ է բաբախում:

–Երեխաներ, հեռախոսներն ու մյուս տեխնիկան դրեք սեղանիս,-լսվեց հսկող աղջկա ձայնը:

Հանձնելուց առաջ որոշեցի ստուգել, թե ինչ նոր նամակ ունեմ: Էկրանին քրոջս անունը երևաց: Տարօրինակ է. տեսնես ինչ է տանը պատահել: Սիրտս լավ բան չի գուշակում: Հետո կնայեմ:

*

Մի քանի ժամից պարզ կլինեն օլիմպիադայի արդյունքները: Սպասում եմ…

*

Դեպի պատմության շենք եմ վազում: Անձրևի կաթիլները հարվածում են ճակատիս, այտերիս ու ձեռքերիս: Երջանկություն ու թեթևութուն եմ զգում: Ես մրցանակ եմ շահել օլիմպիադայում ու երրորդ տեղն եմ զբաղեցրել բոլոր մասնակիցների մեջ: Սա իմ կյանքի առաջին հաղթանակն է դպրոցից դուրս: Մի տեսակ հավատս չի գալիս:

Երբ լսարան մտա, Նատալին վազեց ինձ գրկելու: Մի քանի րոպե կանգնած մնացի դռան մոտ`սպասելով, որ Պարոնը կմոտենա, բայց նա տեղից չշարժվեց: Ներսումս կոտրվեց մի բան…

–Շնորհավորում եմ, Լիլի,-վերջապես խոսեց նա:

–Իսկ Դուք չեք ուզում Լիլին համբուրել?-ծիծաղեց Նատալին`դիմելով նրան:

–Մի քիչ վատառողջ եմ:

Տեղավորվեցի նախավերջին նստարանին ու ափով ծածկեցի դեմքս, որ ոչ ոք չտեսնի, թե տաք արցունքներն ինչպես են փշրում այն դիմակը, որ կրում եմ արդեն հինգ տարի: Զզվում եմ ինձնից, երբ այսքան զգացմունքային եմ, թույլ ու լացկան: Ես շատ խոցելի եմ, երբ սիրում եմ…հատկապես երբ դիմացինն արժանի չի դրան, որովհետև նա, ով արժանի է, երբեք չէր օգտվի իմ թուլությունից:

Երբ հայացքս գցեցի պատուհանից դուրս, ապակու վրա ինչ-որ անծանոթ շողք երևաց: Շրջվելով`նկատեցի, որ վերջին նստարանին երիտասարդ մի կին է նստած: Նա շատ գեղեցիկ է. ճաշակով ընտրված զարդեր ու հագուստ է կրում, որոնք սազում են իրեն, խոշոր աչքեր ունի, փարթամ շուրթեր, նուրբ, համաչափ դիմագծեր: Նա իմ մեջ հակասական զգացմունքներ է առաջացնում, չեմ կարողանում հասկանալ, թե ով է ու ինչ գործ ունի մեր դասարանում:

Ինչքան երկար եմ նայում այդ կնոջը, այնքան ավելի եմ զզվում ինձանից: Թաց զգետս կպել է մարմնիս ու ճմրթված տեսք ունի, սևաներկն այնպես է լղոզվել աչքերիս, ասես ոչ թե օլիմպիադայից, այլ սարսափ-ֆիլմի նկարահանումներից հետո եմ դասի եկել, մրցանակն էլ ստացել եմ գլխավոր դերը լավ կատարելու համար: Պարոնը պարզապես չուզեց համբուրել ինձ, որովհետև զզվելի եմ: Ինչպես կարող եմ սեր ակնկալել որևէ մեկից, երբ առաջին մարդը, ով ատում է ինձ, ես ինքս եմ: Ոչ մի ձեռքբերում ու դափնի չի կարողանում խլացնել այն զգացումը, որ ոչնչություն եմ:

Հեռախոսս սկսեց բարձր զանգել: Քույրս է: Նոր միայն հիշեցի նրա նամակի մասին: Տագնապիս զգացումը մեծանում է: Ամբողջ դասարանի ուշադրությունը կենտրոնացավ ինձ վրա:

–Դիր սեղանիս,-խիստ տոնով կարգադրեց Պարոնը:

Ես լուռ կատարեցի նրա պահանջը: Մեզ արգելված է հեռախոս կամ այլ նկարող, ձայնագրող սարքեր դպրոց բերել: Ծնողներիցս մեկը ստիպված կլինի անձամբ գալ ու տնօրենի մոտից վերցնել: