Выбрать главу

–Տանից էին զանգում?-գունատությունս նկատելով`մեղմացավ նա:

–Հա:

Նա գրպանից հանեց իր հեռախոսն ու ինձ տվեց: Ես դուրս եկա դասարանից ու հավաքեցի քրոջս համարը:

–Վերոնիկ, ինչ է պատահել?

–Լիլի, դու ես?

–Հա:

–Ես քեզ գրել էի առավոտյան, նամակը չես տեսել?

–Տեսել եմ, բայց չեմ կարդացել: Կասես վերջապես`ինչ է կատարվում?

Մի քանի րոպե լռություն տիրեց:

–Պապիկի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Հայրիկը գյուղ է գնացել, որ նրան մեր տուն բերի:

Սիրտս կծկվեց ցավից: Եթե հիմա թուլությունս ցույց տամ, քույրս լրիվ թևաթափ կլինի: Մի կերպ հավաքեցի ինձ:

–Մենք պիտի նրան լավ տրամադրությամբ ու ուրախ սրտով դիմավորենք: Հասկացար? Տիեզերքի համար միևնույն է քեզ ցավոտ է թե չէ: Եթե նույնիսկ կյանքում մի բան վատ է ավարտվելու, լացդ ոչինչ չի փոխի: Կարևոր է միայն այն, թե ինչ ես անում իրավիճակից դուրս գալու համար: Պապիկն ուժեղ մարդ է ու մեր օգնությամբ կհաղթահարի ամեն ինչ:

–Ոնց ես կարողանում այդքան սառնասիրտ լինել?-լսվեց պատասխանն ու զանգն ընդհատվեց:

Հեռախոսը դրեցի պատուհանագոգին ու աչքերս ծածկեցի դողացող ափերով: Ամբողջ մարմինս ցնցվում է ցավից ու անզորությունից: Հանկարծ զգացի, որ մեկը ուշադիր ինձ է նայում: Մարդիկ երևի ինչ-որ անտեսանելի նյութով են պատված ու, երբ հայտնվում են կողքիդ, միանգամից զգում ես նրանց ներկայությունը, եթե անգամ փակ աչքերով ես, կամ դեմքդ ուրիշ կողմ է շրջված: Սրբեցի արցունքներս ու դիմացս տեսա Պարոնին, ով, դասարանի դռանը հենված, խղճահարությամբ լի հայացքով զննում էր ինձ:

–Ինչ-որ դժբախություն է պատահել պապիկիդ?

–Քաղցկեղ,-արցունքներս կուլ տալով`մի կերպ պատասխանեցի ես:

Նա մոտեցավ ու հավաքեց մազերս այտերիս վրայից:

–Հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի:

–Կարելի է Ձեզ գրկել?

–Լիլի, ես քո ուսուցիչն եմ, պատշաճ չի:

–Դուք ինձ երբեք էլ չեք սիրել:

–Ես քեզ միշտ էլ սիրել եմ:

Նա ծոցագրպանից հանեց հեռախոսս ու ինձ մեկնեց:

–Պետք չի: Հայրս դպրոց կգա, կվերցնի տնօրենից: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով…

–Հարկավոր է մարդ մնալ, ինչ օրենքներ ու կանոններ էլ որ միջավայրում ընդունված լինեն:

Ես չդիմացա ու ամուր գրկեցի նրան:

–Ոչ մեկի կողքին ինձ այսքան տաք ու ապահով չեմ զգում, ոնց` Ձեր, որովհետև բոլորը մարդիկ են, իսկ Դուք`արև:

–Աստված ռոմանտիկա բաշխելիս շռայլ է գտնվել քո հանդեպ,-ծիծաղեց նա ու շոյեց գլուխս:

–Գիտեք Ձեր վրայից ինչ հոտ է գալիս?

–Օծանելիքի,-ժպիտը չթաքցնելով պատասխանեց նա:

–Դուք աշխարհի բոլոր փշրված երազանքների, չտրված, բայց երազած համբույրների, չճաշակած վայելքների ու զգացած, բայց չփոխադարձված սերերի բույրն ունեք, ավելի ճիշտ`սերը Ձեր բույրն ունի…

–Լիլի, վատառողջ եմ, այդքան մոտ մի կանգնիր, կհիվանդանաս:

–Ես արդեն հիվանդ եմ…Ձեզնով:

Շուրթերս սեղմել եմ նրա բլուզին ու համբուրում եմ: Ինձ ցանկալի է թվում ամեն բան, ինչ հպվում է նրա մարմնին: Հազիվ էի բարձրացրել հայացքս, երբ աչքերս հանդիպեցին այն անծանոթ կնոջը, ով նստած էր մեր դասին: Ինձ սկսում է նյարդայնացնել, որ կանգնել է դռան մոտ ու մեզ է նայում: Ճիշտ է, ես ու Պարոնը զույգ չենք, բայց ամեն դեպքում անհարմար եմ զգում: Հանկարծ նա կտրուկ դեպի դրսի դուռը քայլեց ու ճանապարհին ինչ-որ կոշտ բան նետեց հատակին: Այդ նկատելով`Պարոնն ինձ թեթև հրեց ու վազեց նրա ետևից:

Ես կռացա ու դողացող մատներով վերցրի մատանին, որը գլորվելով հասավ ինձ ու կանգ առավ ոտքերիս մոտ: Ամուսնական է թե ոչ, դեռ չգիտեմ…

*

–Մամ, ես տանն եմ,-հյուրասենյակ մտնելով`կանչեցի ես:

Հանկարծ մեկը ամուր գրկեց ինձ մեջքից ու սկսեց համբուրել այտերս: Ծիծաղելով`շրջվեցի, որ տեսնեմ, թե ով է:

–Պապիկ…չգիտեի, որ արդեն քաղաքում ես:

Փաթաթվեցի ու համբուրեցի նրան: Աչքերս լցվեցին: Խղճահարություն եմ զգում…շատ հյուծված տեսք ունի, բայց բարի ու երջանիկ ժպիտը դեռ դեմքին է: Ես նրան աշխարհում բոլորից շատ եմ սիրում: Ծնողներս ինձ համար օտար մարդիկ են: Դեռ ավելի վատն են, քան պարզապես օտարը, որովհետև ցավ են պատճառել ինձ, քայքայել հոգեկանս: Նրանք են մեղավոր, որ չեմ կարողանում առողջ սեր զգալ, ընտրել այն տղամարդկանց, ովքեր սիրտս չեն կոտրի, որովհետև ենթագիտակցությունս ձգտում է կրկնել հարաբերությունները, որ փոքր ժամանակ ունեցել եմ նրանց հետ: Ես հավատում եմ, որ մարդն, իրոք, կյանքում մի անգամ է սիրում`վաղ մանկությունում`իր հորն ու մորը, իսկ հետո կրկնում է զգացածը`ընտրելով նրանց, ովքեր նման են իր ծնողներին:

–Ոնց ես, բալիկ ջան?

Չգիտեմ`ինչ պատասխանել: Ասեմ`տխուր եմ, իրեն վատ կզգա, ասեմ`հիանալի, խաբած կլինեմ:

–Մեզ համար լիքը քաղցրավենիք եմ գնել: Դու մեղրով թեյ սիրում ես, չէ?

–Տես`ինչ կա մոտս:

Նա սեղանից մի գիրք վերցրեց ու մեկնեց ինձ: Արցունքներս սկսեցին կաթել կազմի վրա:

–Հիշում ես`փոքր ժամանակ ամեն գիշեր կարդում էիր, որ քնեմ:

Մոտեցա ու ամուր գրկեցի նրան: Չեմ ուզում կյանքիս վերջին լուսավոր կետն էլ խամրի: Չեմ դիմանա ցավին: Նա այնքան է նիհարել: Դեմքը սրվել է, գլխի վրա համարյա մազ չի մնացել: Միակ բանը, որ չի փոխվել նրա մեջ, կյանքից գոհ ժպիտն է: Երանի խելքի հետ դա էլ ինձ փոխանցած լիներ: