Выбрать главу

Գնացի խոհանոց ու կես ժամից վերադարձա` գոլորշարձակող թեյի բաժակները ձեռքիս: Նա արդեն շարել էր թխվածքները սեղանին ու ինձ էր սպասում: Մենք նստեցինք բազմոցին ու սկսեցինք թեյ խմել: Ես գլուխս նրա ուսին եմ դրել ու փորձում եմ առնել կարոտս: Պապիկս շատ զգացմունքային մարդ է, բայց դա արտահայտել չի սիրում: Կամ, միգուցե, չի կարողանում: Նա իր շարժուձևով, ծիծաղով այնքան նման է Պարոնին: Տարօրինակ է…

2016 թվական, մայիսի 2

Սիրելի օրագիր, երկու շաբաթից ավելի է, ինչ դպրոց չեմ հաճախում: Մեր տանն իսկական քաոս է: Պապիկիս վիճակը սարսափելի է: Բոլոր բժիշկներն ասում են, որ շատ ուշ ենք սկսել զբաղվել նրա առողջությամբ, քաղցկեղը հասցրել է տարածվել ամբողջ մարմնով: Փրկություն չկա: Զարմանալի է` պապիկս երբեք չի բողոքել առողջությունից, ցավեր չի ունեցել, միշտ առողջ է սնվել, ապրել է բնության գրկում, երբեք չի ծխել, հազվադեպ է ալկոհոլ օգտագործել: Ախր, ինչպես կարող էր նրա հետ այդպիսի բան պատահել, ապշած եմ ես: Աչքերիս չեմ հավատում, որ մարդը, ով դեռևս մի շաբաթ առաջ ժպտում էր, ծիծաղում, զրուցում հետս, գիշերները գրքեր կարդում ինձ համար, կարող էր այսքան կարճ ժամանակում գամվել անկողնուն ու չկարողանալ անգամ երկու բառ կապել իրար:

Բարեկամներն առավոտից մինչև երեկո մեր տանն են: Հազիվ եմ զսպում ինձ, որ չկոպտեմ ու չվռնդեմ բոլորին: Ինչպես չեն հասկանում, որ հիվանդին հանգիստ է պետք, այլ ոչ թե մշտական աղմուկ ու ողբ: Պապիկս դեռ ողջ է, բայց տանն այնպիսի մթնոլորտ է տիրում, ասես նրան երեկ են թաղել: Հայրս, ինչպես միշտ, մտածում է, թե ինչ կասեն մարդիկ, ու ամոթից դրդված ձայն չի հանում: Ատում եմ:

*

Նստած եմ տասներկուերորդ հարկ տանող աստիճաններից մեկի վրա: Պարոնի բնակարանի դռանը մոտենալու համարձակություն չունեմ: Մատներիս մեջ շոշափում եմ մատանին, որը գտել էի դպրոցի միջանցքի հատակից: Այն արծաթագույն է`զարդարված փայլփլուն քարերով: Դրեցի միջնամատիս, ձեռքս պահեցի օդում ու զննեցի: Շատ գեղեցիկ է:

Երբ միացրի հեռախոսս, նկատեցի, որ դասղեկս զանգել է յոթ անգամ: Տեսնես ինչ է պատահել: Լավ, միևնույն է` մի քանի ժամից դպրոց եմ գնալու, կիմանամ:

Ինտերնետում ամուսնական մատանիների նկարներ գտա ու սկսեցի թերթել: Բոլորն իրար շատ նման են, բայց զգալիորեն տարբերվում են իմ գտածից: Նշանակում է`այդ կինը կամ Պարոնի նշանածն էր, կամ ընկերուհին:

Աչքերս արցունքներով լցվեցին: Սիրտս ցավում է մտքից, որ նա հանգիստ վայելել է այն, ինչից միշտ զրկված եմ եղել: Երևակայությունս վառ գույներով ստեղծում է տեսարաններ, որոնք ինձ ցավեցնում են: Ներսս վառվում է խանդից, ատելությունից ու զայրույթից, երբ պատկերացնում եմ, որ Պարոնը նայել է այդ կնոջը սիրահարված ու հիացած հայացքով, իսկ ես երբեք ավելին չեմ եղել նրա համար, քան հասարակ աշակերտն է:

Հանկարծ ետևումս բանալու ձայն լսեցի: Շրջվեցի ու տեսա, թե ինչպես է Պարոնը դուրս գալիս տնից. երևի դասի է շտապում: Տեղիցս վեր կացա ու ընդառաջ գնացի, բայց նա անգամ հայացք չգցեց վրաս:

–Բարի առավոտ…ուզում էի վերադարձնել…

Նա, առանց ինձ նայելու, արագ իջավ աստիճաններով`այդպես էլ չվերցնելով մատանին:

–Խնդրում եմ, խոսենք վերջին անգամ, հետո Ձեզ մեկընդմիշտ հանգիստ կթողնեմ, խոստանում եմ:

Վազեցի ետևից, բայց նա կանգ չառավ: Ամբողջ դեմքս արցունքների մեջ է, իսկ մարմինս ցնցվում է ցավից: Կուչ եկա առաջին հարկում ու որոշեցի գոնե նամակ գրել: Արցունքներս կաթում են ու թրջում հեռախոսի էկրանը:

«…Ինձ շատ հաճախ թվում է, որ իմ ուղեղը, սիրտը, մարմինը շատ փոքր են Ձեր հանդեպ ունեցած բոլոր զգացմունքները, Ձեզ հետ կապված բոլոր հիշողությունները, Ձեր ասած բոլոր բառերը տեղավորելու համար: Այդ ամենը կարծես հավաքվում, մի մեծ ամբողջություն է կազմում ու ճնշում ինձ…փորձում է դուրս գալ, բայց ես թույլ չեմ տալիս…ինձ դուր է գալիս այդ նեղությունը կրելը, ես պարտադրում եմ նրան մնալ իմ մեջ, թեկուզ ինձ սպանել, բայց անպայման մնալ…

Ցավալի է, որ երբեք էլ չեմ եղել Ձեզ համար մի փոքր ավելին, քան պարզապես լավ ու պարտաճանաչ աշակերտն է…ցավալի է, որ չեմ եղել Ձեզ համար յուրահատուկ…մարդիկ անպատասխանությունից հոգեկան ցավ են զգում, իսկ ես` ֆիզիկական: Անզոր եմ ինձ զգում…»

Սեղմեցի ուղարկելու կոճակը, բայց նամակը տեղ չհասավ: Էկրանին կարմիր գրություն հայտնվեց, ու ես հասկացա, որ Պարոնն արգելափակել է ինձ: Մեջքս սեղմեցի սառը պատին ու խեղդված ձայնով լաց եղա: Երբ մի քիչ թեթևացավ սիրտս, հեռախոսը նորից ձեռքս առա:

«Բացում եմ մեր խոսակցությունը, շարում տառերը, մտքերը, որոնցից հոգնել եք, սեղմում եմ կոճակը, գիտեմ որ չի ուղարկվի, բայց, այնուամենայնիվ, գրում եմ:

Ես սիրում եմ Ձեզ…զայրանում եմ այդ սիրո վրա, ճնշել փորձում, ուզում եմ ատել այդ սերը, բայց փոխարենը ավելի եմ սկսում այն պաշտել:

Ինձ սպանում է Ձեր լռությունը…»

Պայուսակիցս քնաբեր հաբ հանեցի ու կուլ տվեցի: Հետո կուչ եկա սառը հատակին ու խոր քուն մտա: Դա երևի միակ ելքն է ցավ չզգալու:

*

Երբ դպրոց հասա, արդեն կեսօր էր: Միանգամից գնացի դասղեկիս առանձնասենյակ:

–Բարև Ձեզ,-դուռը կիսաբաց անելով`ողջունեցի ես: