Выбрать главу

–Ներս արի, Լիլի:

Նրա աչքերը փորձում էին ժպտալ, բայց տխուր էին:

–Ուշ նկատեցի, որ զանգել էիք.հեռախոսս անջատել էի, կներեք: Ինչ-որ բան է պատահել?

Նա մի քանի րոպե զարմացած հայացքով զննեց ինձ:

–Դու տեղյակ չես?

–Չէ,-ավելի զարմացա ես`արդեն սկսելով անհանգստանալ:

–Լիլի…երկու նորություն ունեմ հայտնելու.մեկը`լավ, մյուսը`վատ, որից սկսեմ?

–Լավից:

–Ընդունելության քննություններդ հիանալի ես հանձնել: Արդյունքներն արդեն ուղարկել ենք ընտրածդ համալսարան:

Սիրտս սկսեց վախից արագ բաբախել:

–Որ ֆակուլտետ?

–Ինժեներիայի: Ճիշտն ասած, երկու շաբաթ առաջ զանգեցի քեզ, բայց անհասանելի էիր, ստիպված հայրիկիդ հարցրի, թե ինչ մասնագիտություն ես ընտրել: Ուրախ չես?

Ոտքերիս մեջ թուլություն զգացի ու նստելով համակարգչի մոտի աթոռին`մի բաժակ ջուր խնդրեցի: Եթե սա լավ նորությունն էր, բա վատը որն է? Ես էլ չեմ ուզում մեղադրել հորս, սկանդալ սարքել այն պատճառով, որ իրավունք չունեմ նույնիսկ որոշել, թե ինչ մասնագետ եմ ուզում դառնալ: Ինձ համար արդեն մանուշակագույն է, թե ինչ է շուրջս կատարվում: Մի կաթիլ ազատ տեղ է մնացել համբերությանս բաժակում: Եվս մի քիչ, ու վերջս կտամ:

–Չեմ ուզում, որ վատ նորությունը հայտնեք: Ինձ լավ չեմ զգում, կարող եմ դասի չնստել?

–Հա, իհարկե, բայց…

–Պետք չի, խնդրում եմ:

Դասղեկս մոտեցավ ու գրկեց ինձ:

–Դու ներքև իջիր, ես անվտանգության աշխատակիցներին հիմա կզանգեմ, որ քեզ թույլ տան դպրոցի տարածքից դուրս գալ:

*

Մեր բնակարանի դռան մոտ կանգնած` ականջ եմ դնում ներսի ձայներին: Քար լռություն է տիրում: Ինձ դա տարօրինակ թվաց: Պայուսակիցս հանեցի տան բանալին ու մտցրի անցքի մեջ: Պտտեցի բռնակն ու ներս մտա: Միանգամից պապիկիս սենյակ շտապեցի`իմանալու համար, թե ոնց է իրեն զգում: Աղոթում եմ, որ քնած լինի, որովհետև արթուն ժամանակ տնքում է սարսափելի ցավերից: Ինձ խելագարության է հասցնում զգալը, թե ինչպես է տանջվում մարդը, ում պաշտում եմ, ու չկարողանալը ոչինչ անել նրա տառապանքը թեթևացնելու համար:

Ինչպիսին եղավ զարմանքս, երբ նկատեցի, որ ծնողներս, բոլոր բարեկամներն ու հարազատները շարվել են նրա գլխավերևում ու ինչ-որ բանի են սպասում: Մայրս նկատեց ինձ ու մի կողմ քաշեց:

–Լիլի, գնա այստեղից, սա երեխայի տեղ չի:

Ես կռահեցի, որ պապիկը մոտ է մահին: Կոկորդս չորացավ, իսկ արցունքները շատրվանի պես դուրս ցայտեցին աչքերիցս:

–Ուզում եմ գրկել նրան,-լացի միջից աղերսեցի ես:

–Ոչ մի դեպքում:

Նա արագ սենյակ մտավ ու ներսից կողպեց դուռը: Ես սկսեցի բռունցքներով հարվածել դռան ապակուն, բայց հետո գիտակցեցի, որ պապիկիս վնաս եմ տալիս ստեղծածս աղմուկով: Խոհանոց վազեցի, մորս ամանեղենը լցրեցի մեծ տոպրակի մեջ ու տնից դուրս փախա:

*

Երբ անտառ հասա, մթնել էր արդեն: Ես սարսափելի վախենում եմ մթությունից, բայց ինձ արդեն մեկ է, թե հետս ինչ կպատահի: Նստեցի մի ծառի տակ`խոտերի մեջ, որպեսզի մտածեմ հետագա անելիքներիս մասին: Այն, որ վերջ եմ տալու կյանքիս, հաստատ է, բայց գաղափար անգամ չունեմ, թե ինչպես դա անել: Հանկարծ հեռախոսս շարժվեց գրպանիս մեջ: Հանեցի, որ տեսնեմ, թե ով է նամակ ուղարկել ինձ: Էկրանին քրոջս անունը երևաց.գրել էր, որ պապիկը մահացել է: Լացելու ուժ չունեմ էլ, ապատիա եմ զգում ամեն ինչի նկատմամբ, ոչ մի իմաստ չեմ տեսնում իրար նման, անհետաքրքիր, միապաղաղ րոպեներիս ու օրերիս մեջ, որոնցից էլ հենց բաղկացած է կյանքը: Ում եմ ես պետք, գրողը տանի? Ինչ կփոխվի աշխարհում, եթե չլինեմ? Տիեզերքը կազատվի ինձ նման ձրիակերից, ով շնչում է մոլորակի օդը, բայց փոխարենը ոչինչ չի տալիս: Իմ մեջ ոչ մի հանճարեղ բան չկա, ես չեմ հայտնագործել, հորինել, ստեղծել այնպիսի մի բան, որը հեղաշրջել է աշխարհը, միլիարդավոր մարդիկ չեն հիանում ինձնով, փորձում օրինակ վերցնել, ես միջակ գոյություն եմ քարշ տալիս, որը մահից էլ անտանելի, ծանր ու գարշելի է: Զզվում եմ ինձնից, ատում եմ մարմնիս ամեն մասնիկը, ուղեղիս ամեն ծալքը, ոչնչություն եմ ես: Հեշտ է ասելը`սիրիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Ես հասարակ աղջիկ եմ, ով կյանքում ոչինչի չի հասել, ու գաղափար անգամ չունի, թե ինչպես ապրել.որ մասնագիտությունն ընտրել, ոնց շփվել ծնողների հետ, ովքեր չեն հավատում իր ուժերին, թքած ունեն իր ցանկությունների, երազանքների, պահանջների վրա, հոգեպես չեն աջակցում ու երբեմն էլ բռնություն են կիրառում, ինչպես սիրահարվել նրանց, ովքեր իրեն չեն մերժի: Ես չգիտեմ`ոնց դառնալ երջանիկ մարդ, ով գոհ է, որ լույս աշխարհ է եկել: Ինձ սպանում է ատելությունը, չարությունը, զայրույթը, որ զգում եմ իմ հանդեպ:

Գլխիս մեջ էլեկտրական հոսանք եմ զգում, աչքերիցս ջուր է ցայտում, իսկ մարմինս դողում է անզորությունից: Չեմ կարողանում լուծել ներքին կոնֆլիկտը, որ կրծում է հոգիս: Ես կուզեի ապրել, եթե գոնե գտնվեր մեկը, ով հասկանար ինձ, չմեղադրեր, չքննադատեր, պարզապես լսեր ու չընդհատեր: Անտանելի է, երբ ոչ միայն հասկացված չես, այլև գաղափար անգամ չունես, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, ու, ինչն ամենասարսափելին է, չգիտես, թե ինչքան սպասել, մինչև ամեն ինչ կարգավորվի ու իր տեղն ընկնի: Անորոշության մեջ համ հաճելի, համ տանջալի բան կա: Ինչքան էլ հիասթափված եմ, անիմաստության զգացում ունեմ, միևնույն է`սրտիս մի փոքրիկ մասն ապրել է ուզում, հակառակ դեպքում վաղուց վերջ դրած կլինեի կյանքիս: Մտովի պարզել եմ ձեռքերս ու հույսով լի աչքերս հառել եմ աշխարհին, որովհետև ենթագիտակցորեն տենչում եմ փրկված լինել, բայց մարդիկ արժեզրկում են խնդիրներս, զգացմունքներս, ցավերս, ներքուստ ես ինձ շատ միայնակ եմ զգում: Նայում եմ աշխարհին մի հայացքով, որում կշեռքի երկու նժար կա.մեկի վրա կյանքն է, մյուսի վրա`մահը, իսկ ապրածս ամեն րոպեն թեթևացնում է առաջին նժարը և ծանրացնում երկրորդը: