Выбрать главу

Հեռվում ինչ-որ ձայներ են լսվում.ամենայն հավանականությամբ այստեղ փայտահատներ կան ու ծանր սարքերով կտրում են ծառերը, որպեսզի տաքացնեն իրենց տները: Անտառը, որում գտնվում եմ, քաղաքից դուրս է, իսկ մոտակայքում գյուղ կա, կարծեմ: Բոլոր դեպքերում, եթե անգամ ամբողջ կոկորդով գոռամ, ինձ ոչ ոք չի լսի, որովհետև փայտ հատող մեքենաների ձայնը շատ բարձր է, իսկ գյուղն այնքան հեռու է, որ ոչ մի հետք չի երևում: Հանկարծ գլխումս լավ միտք առաջացավ: Վեր կացա նստածս տեղից ու բացեցի ամանեղենի տոպրակը: Երբ մատներս ներս տարա, առաջին բանը, որ դուրս հանեցի, ապակե բաժակն էր: Ափս օդ բարձրացրի ու բաժակն ամբողջ ուժով գետնին խփեցի: Հետո սկսեցի հերթով փշրել բոլոր ափսեներն ու միաժամանակ գոռալ: Իմ բերանից դուրս չեն թռչում ինչ-որ կոնկրետ բառեր, հայհոյանքներ, նախադասություններ, ես պարզապես միալարձայնի միջոցով փորձում եմ հանել ամբողջ զայրույթը, ագրեսիան, բացասական էներգիան, որ կուտակվել է ներսումս: Երբ կոկորդումս սուր ցավ զգացի, դադարեցի գոռալ ու հիմա էլ սկսեցի ցատկոտել ամանեղենի բեկորների վրա այնքան, մինչև փշրանքները խառնվեցին հողին ու անէացան: Մարմինս թուլացավ ու հոգեպես թեթևացա, բայց դա ժամանակավոր է, դրանով խնդիրներդ չես լուծի: Պառկեցի խոտերի վրա ու ամբողջ կյանքս կինոժապավենի պես` աչքերիս առաջ հայտնվեց:

Փակեցի աչքերս ու հիշեցի, թե ինչպիսին էի փոքր ժամանակ: Սրտիցս մի անզուսպ հրճվանք դուրս թռավ, երբ մտաբերեցի թխածս առաջին տորթը: Այն ժամանակ գյուղում էինք ապրում: Մեր ամառանոցն ամենաշքեղն էր, ներառում էր երկու հսկա տուն, գոմ, մառան ու մեծ բանջարանոց: Մի օր շատ վաղ արթնացա, գողեգող մտա մառան, որտեղ տատիկս զանազան մթերքներ էր պահում, շալվարիս լայն գրպանի մեջ հինգից ավելի թարմ ձու տեղավորեցի, դռան մոտի սեղանից մի աման ալյուր, շաքարավազ վերցրի ու թաքնվելով հորս մեքենայի մեջ`սկսեցի մթերքներն իրար խառնել: Արդյունքում դեղին, պինդ զանգված ստացվեց, որը, բնականաբար, լղոզեցի նստարանին ու ղեկին: Հայրս շատ էր զայրացել, իսկ տատիկս այնպես կշտամբեց ինձ, որ մի քանի ժամ շարունակ լացում էի:

Հիշողություններիցս սթափվելով`հազիվ ծիծաղս զսպեցի, որովհետև զգացի, որ դա կյանքիս ամենազվարճալի դիպվածներից էր: Ինչ զարմանալի է`ամենից բարձր ծիծաղում ենք նրա վրա, ինչից մի ժամանակ ամենաբարձրն ենք լացել: Մարդիկ իրենց կյանքի ամենավերջին օրը առհասարակ ամեն ինչի վրա են ծիծաղում: Հետո լացում են: Հետո լռում…

Նորից ընկա մանկությանս գիրկն ու հիշեցի, թե ինչպես էի հորս արհեստանոցից գտած ցանցի կտորտանքներով ձուկ բռնելու հարմարանք շինում ու վազում դեպի մեր ամառանոցի մոտով հոսող գետը: Մտաբերեցի, թե ոնց էի առավոտից մինչև ուշ երեկո մերկ ոտքերով կանգնում սառը ջրի մեջ և ջանում թեկուզ մի ձուկիկ բռնել, որ հպարտ-հպարտ բերեմ տուն, եփեմ ու տանեցիներին հյուրասիրեմ: Ամենահետաքրքիրն այն էր, որ միշտ ձգտում էի ամենամանրերին որսալ`փոքրուց սիրում էի մանրուքները, փոքրուց ուշադիր էի կյանքի դետալներին:

Հետո հիշեցի առաջին մանկական համբույրս: Խոժոռեցի դեմքս ու զգացածս տհաճությունը որոշեցի ցրել` մտաբերելով մյուս զվարճալի զբաղմունքս`անտառում մոշ հավաքելն ու ընթացքում ձայնս գլուխս գցած`ինքնամոռաց երգելը:

Հաճույքից կրկին փակեցի աչքերս: Սովորաբար մարդիկ ջանում են մոռանալ իրենց անցյալը, վայելել ներկան ու երազել ապագայի մասին, իսկ ես հիշում, երազում ու վայելում եմ միայն անցյալս…այն անցյալը, որի անունը մարդիկ խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն են դրել:

Զգացի, թե ինչքան եմ այդ անհոգ, ինքնաբավ, հետաքրքրասեր ու երջանիկ փոքրիկ Լիլիին դավաճանել, ինչքան եմ հեռվացել նրանից ու կորցրել նրան: Միգուցե երջանիկ լինելու համար հերիք է պարզապես ազատ լինել, վազվզել գյուղական փոքրիկ ծառաստանի միջով ու մոշոտ բերանով ամբողջ ձայնով սիրածդ երգը երգել? Միգուցե լավ զգալու համար բավական է իմանալը, որ կյանքն իրականում ոչ թե ձեռքբերումների, փառքի, հարստության, այլ ուրախ սրտով հավաքածդ մոշի ու հոգուցդ բխած երգի համն ունի? Զարմանալի ու պարադոքսալ է, բայց ես փոքր ժամանակ կյանքի մասին ավելի շատ բան գիտեի, որովհետև երջանկության, հաճույքի ու բավարարվածության զգացումը լավագույն ցուցանիշն է նրա, թե ինչքան ճիշտ ես ապրում:

Երանի կարողանայի թեկուզ մի լուսավոր կետ գտնել ներկայիս մեջ… Գլխումս քիչ-քիչ պարզվում է ինքնասպանությանս ծրագիրը: Կտրուկ շարժումով ոտքի կանգնեցի ու մոտեցա ծառերից մեկին: Երբ դեռ երեխա էի, շատ էի սիրում մագլցել թթի, բալի, խնձորի ծառերի վրա ու կուշտ փորով միրգ ուտել:

Մի քանի րոպե լուռ վերև նայեցի`ասես մտովի որոշելով, թե մինչև ուր մագլցել, հետո աջ ոտքս դրեցի ծառի բնին, երկու ձեռքով կառչեցի ամուր ճյուղերից ու սկսեցի բարձրանալ: Աշխատում էի հայացքս ներքև չգցել, որպեսզի գլուխս չպտտվեր հանկարծ: Իհարկե, վերջին հաշվով մեռնելու եմ, բայց ուզում եմ ինքս զրկել ինձ կյանքից: Ես պիտի լինեմ ընտրողը, թե ինչքան ապրել: