Выбрать главу

Վերջապես հասա ամենաբարձր կետին ու հենվեցի ճյուղին: Ծառը բավականին սաղարթախիտ է ու հարմար:

Սիրելի օրագիր, դու իմ կողքին ես եղել միշտ`և ուրախության, և տխրության րոպեներին, դրա համար ուզում եմ, որ հիմա էլ մենակ չթողնես ինձ: Արի միասին ցած նետվենք, ես կմեռնեմ, բայց դու կապրես ու միգուցե որևէ մեկին օգտակար լինես:

Ձախ ոտքս հեռացրի ճյուղից ու մարմնով առաջ եկա:

Աստված իմ, ես ներում եմ քեզ տվածդ ցավի համար…դու էլ ինձ ներիր…այլևս չեմ ուզում այն զգալ…

2016 թվական, մայիսի 5

Կոպերս անտանելի ցավում են, երբ ճիգ եմ գործադրում իրարից առանձնացնել թարթիչներիս վերևի ու ներքևի շարքերը: Մի կերպ աչքերս բացեցի: Շուրջբոլորս սպիտակ պատեր են: Սենյակը լցված է մարդկանցով, ովքեր իրենց զրույցներով աղմուկ են առաջացնում: Երբ նկատեցին, որ ուշքի եմ եկել, միաբերան այնպես ճչացին, որ քիչ մնաց`նորից գիտակցությունս կորցնեի: Իրար հրելով` անկողնուս մոտեցան ու սկսեցին համբուրել ինձ: Զզվանք եմ զգում, ուզում եմ հետ տալ տհաճությունից: Մարմինս այնքան թուլացած է, որ չեմ կարողանում մի նյարդ անգամ շարժել, ուր մնաց վեր կենամ տեղիցս ու գլուխս ազատեմ այս ամբոխից: Անշարժ պառկած մնացի, մինչև կշտացան ինձ գուրգուրելուց: Հիմա էլ սկսեցին լաց լինել: Աստված իմ, ուր եմ ես, ովքեր են նրանք, ինչ են ուզում ինձնից: Էլ հնարավոր չի այս աղմուկը հանդուրժել: Կոկորդս լարեցի ու ամբողջ ձայնով գոռացի.

–Հեռու ինձնից:

Նրանք ապշած մի կողմ քաշվեցին: Սենյակում տիրեց կատարյալ լռություն:

–Ովքեր եք դուք?-ձայնիս տոնն իջեցնելով`հարցրի ես ու հայացքով սկսեցի ավելի ուշադիր զննել յուրաքանչյուրին:

Երիտասարդ մի զույգ առաջ եկավ ու լացակումած ասաց.

–Մենք քո ծնողներն ենք, Լիլի, միթե մեզ չես հիշում?

–Ով է Լիլին?-զարմանքից աչքերս խոշորացնելով`հետաքրքրվեցի ես:

Այդ րոպեին ներս մտավ բժիշկն ու կարգադրեց բոլորին դուրս գալ հիվանդասենյակից: Մենք մնացինք մենակ, ու նա ինձ ինչ-որ կլոր բան մեկնեց`պատվիրելով կուլ տալ: Հետո ջուր տվեց: Ներսս այնպես էր վառվում, որ մինչև վերջին կաթիլը խմեցի:

–Ծարավդ հագեցավ?-սիրալիր հարցրեց բժիշկն ու հյութ առաջարկեց:

–Հա, շնորհակալ եմ,-ժպտացի ես,-բայց ուտելիքից չէի հրաժարվի:

–Անունս Ժակ է:

–Շատ հաճելի է…-չկարողացա խոսքս ավարտել, որովհետև անունս չէի հիշում:

Նա իսկույն մոտեցավ սեղանին, որի վրա բազմաթիվ տոպրակներ էին դրված ու մի քանի րոպեից վերադարձավ` իր հետ լիքը համով բաներ բերելով: Հետո օգնեց, որ նստեմ, փափուկ բարձը հարմար տեղավորեց մեջքիս ետևում, անկողնուս վրա սեղանիկ դրեց ու ուտելիքները շարեց վրան: Ստամոքսիս պատերն աղմկում են քաղցից: Հմայիչ բժշկի ներկայությունը սաստում է ինձ ու դանդաղ եմ ուտում, բայց ներքուստ ուզում եմ սեղանի ամբողջ պարունակությունը միանգամից բերանս լցնել: Ինչ մեծ հաճույք է բոլոր այս մրգերի, քաղցրավենիքների ու կերակուրների համերը զգալը: Փակել եմ աչքերս ու վայելում եմ: Դեմքիս երանության ժպիտ է երևում:

–Կշտացա,-զվարթ տոնով հայտարարեցի ես,-ամեն բան շատ համեղ էր, շնորհակալ եմ:

Ժակը մոտեցավ ինձ ու նստեց անկողնուս վրա: Կապույտ աչքերով, հաստ հոնքերով ու փարթամ շուրթերով տղամարդ է նա, կլինի երեսուն տարեկան: Նոր միայն գիտակցեցի, որ մեծ հավանականությամբ հետս որևէ դժբախտություն է պատահել, եթե հայտնվել եմ հիվանդանոցում, ու ստամոքսիս մեջ անհանգստություն զգացի:

–Ինչպես ես քեզ զգում?-հետաքրքրվեց նա:

–Աջ ոտքիս ոսկորներն անտանելի ցավում են, ներքուստ լարված եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչ գործ ունեմ այստեղ, ինչ է պատահել ինձ, ու ովքեր էին այն մարդիկ, որոնցով քիչ առաջ լցված էր սենյակը:

Բժիշկը հառաչեց, իսկ ես անհամբեր` պատասխանի էի սպասում:

–Դու մահից ես փրկվել,-վերջապես ասաց նա:

–Ես դա արդեն հասկացել եմ,-ծիծաղեցի ես,– ավտովթարի եմ ենթարկվել?

–Մենք պիտի հետազոտենք քեզ, որովհետև նախնական բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ գլխուղեղիդ որոշ հատվածներ, որոնք պատասխանատու են հիշողության համար, վնասվել են: Դրանից է, որ մարդկանց չես կարողանում մտաբերել:

–Բայց ինչի հետևանքով?-չհամբերեցի ես:

Բժիշկը վեր կացավ տեղից, մոտեցավ դարակներից մեկին ու ներսից մի հաստ տետր դուրս հանելով`մեկնեց ինձ:

–Կարդա օրագիրդ, կիմանաս…

Նա դուրս եկավ, ու ես մենակ մնացի այն ճշմարտության հետ, որը դեռ չգիտեմ: Մատներով շոշափում եմ տետրը, բայց չեմ համարձակվում բացել: Կազմի վերին մասում գրված է Լիլի, եթե օրագիրն ինձ է պատկանում, նշանակում է` դա իմ անունն է: Փաստորեն Լիլին, որի մասին խոսում էին այն մարդիկ, ովքեր որպես իմ ծնողներ ներկայացան, ես եմ: Եթե բժիշկն անձամբ չցանկացավ հայտնել հիվանդանոցում հայտնվելուս պատճառը, հաստատ ինչ-որ արտասովոր բան է պատահածը: Միգուցե ավելի լավ կլինի ընդհանրապես չիմանամ դրա մասին: Ինչ կտա ինձ այդ ինֆորմացիան? Ներքուստ զգացողություն ունեմ, որ այն, ինչ կատարվել է մինչև հիշողությունս կորցնելը, սարսափելի է ու ինձ հոգեկան ցավ կպատճառի: