Выбрать главу

Դռան թակոցն ինձ կտրեց մտքերիցս:

–Ներս եկեք,-հրավիրեցի ես:

–Լիլի, հայրդ ու մայրդ ուզում են խոսել քեզ հետ,-լսվեց Ժակի ձայնն, ու ծանոթ զույգը սենյակ մտավ: Աստված իմ, նույնիսկ չեմ հիշում, թե ինչ տեսք ունեմ:

–Ձեզ մոտ հայելի կա?-չսպասելով, որ նրանք մոտենան անկողնուս`հարցրի ես:

Մայրս, արցունքները սրբելով, ընկավ գիրկս, իսկ հայրս գրպանից մի փոքրիկ հայելի հանեց ու մեկնեց ինձ: Ես նայեցի արտացոլանքիս: Ինչ գեղեցիկ աչքեր ունեմ: Դիմագծերս համաչափ են ու նուրբ: Մազերս փարթամ են ու մուգ: Մաշկս հարթ է: Չեմ կարողանում չհիանալ ինձնով.իսկական գեղեցկուհի եմ: Ինչ լավ է, որ բնությունն ինձ հենց այսպիսին է ստեղծել: Մտքերս դեմքիս լայն ժպիտ նկարեցին: Հանկարծ սթափվեցի ու հիշեցի ծնողներիս ներկայության մասին: Հետաքրքիր է`ինչպիսի մարդիկ են նրանք? Մայրս ինձ արտաքինով քիչ է նման, բայց շատ սիրուն կին է: Ես հորս եմ նման փաստորեն: Նա ինձ պես սևուկ է, խոշոր աչքերով ու արտահայտիչ հոնքերով: Ամեն դեպքում հազար զույգի միջից հաստատ կտարբերեի նրանց ու արտաքին տվյալներին նայելով`կկռահեի, որ հենց իրենք են ծնողներս: Հայելին մի կողմ դրեցի ու անհամբեր սպասում եմ, թե ինչ են ասելու: Ներսումս անբացատրելի հարազատություն եմ զգում նրանց նկատմամբ, բայց կոնկրետ միջադեպեր, իրադարձություններ չեմ կարողանում մտաբերել: Մայրս գրկեց ինձ ու այտերս համբույրներով ծածկեց: Սիրտս ճմլվեց: Ինչքան էլ նրանց չեմ հիշում, միևնույն է հասկանում եմ, թե որպես ծնող ինչ են զգում: Հայրս էլ փաթաթվեց, ու զգացի, որ դեմքիս իր արցունքն ընկավ: Նրա աչքերը կարմիր են, ու այնպիսի տպավորություն է, որ հազիվ է լացը զսպում: Ես ինձ շատ երջանիկ եմ զգում: Ինչ լավ է, որ աշխարհում մենակ չեմ: Չէ որ, շատ մարդիկ զրկված են ծնողներ ունենալու ուրախությունից, իսկ իմ ծնողները ողջ-առողջ են, երիտասարդ ու, ինչպես երևում է, շատ են սիրում ինձ: Ուզում եմ ճանաչել նրանց: Սիրտս բերկրանքով է լցվում, երբ գիտակցում եմ, որ դիմացս այն մարդիկ են, ովքեր ինձ կյանք են տվել: Չգիտեմ`ինչի հետևանքով էր կյանքս վտանգվել, բայց դա արդեն կարևոր չէ:

–Քեզ համար տորթ ու սուրճ ենք բերել,-ժպտաց հայրս:

–Նախկին կյանքում քաղցր շատ էի սիրում?-զվարճացա ես, բայց տեսնելով, որ ծնողներս դառնացան, լռեցի:

–Մի նեղվիր, մենք ամեն ինչ կանենք, որ հիշողությունդ վերականգնվի:

–Բայց ես ինձ առանց դրա էլ շատ լավ եմ զգում: Չեմ ուզում իմանալ, թե ով եմ եղել անցյալում: Վախենում եմ հիասթափվել…սրանից ավելի լավ հնարավորություն չեմ տեսնում կյանքս նոր էջից սկսելու համար: Չէ որ, ես մտապահելու ունակությունս չեմ կորցրել, պարզապես գլխիցս ջնջվել է անցյալս: Այն ինձ պետք էլ չէ:

Ծնողներս իրար նայեցին: Նրանց աչքերում ուրախություն երևաց…

Այդ պահին Ժակը ներս մտավ և խնդրեց հորս ու մորս հիվանդասենյակից դուրս գալ: Ապա մոտեցավ ինձ, օգնեց, որ տեղիցս վեր կենամ ու նստեցրեց անվասայլակի մեջ: Հանկարծ սիրտս թուլացավ այն մտքից, որ հնարավոր է`կորցրել եմ քայլելու ունակությունս, բայց բժիշկը, կռահելով մտահոգությունս, շտապեց հանգստացնել.

–Աջ ոտքդ վնասվել է, լավ կլինի մի որոշ ժամանակ ճնշում չկիրառես վրան: Ծնողներդ ինձ առավոտյան պատմեցին, որ բնածին արատ ունես աջ ոտքիդ հետ կապված ու թեթև կաղում ես: Դրանից է երևի, որ այն առավել զգայուն է գտնվել:

–Մարդուն հազարից մեկ է հնարավորություն տրվում ազատվել իր անցյալից: Չեմ ուզում իմանալ ոչինչ, լռեք:

Բժիշկը հանկարծակիի եկավ:

–Դու կարդացիր օրագիրդ?

–Ոչ, չեմ էլ պատրաստվում,-պատասխանեցի ես,-մտադիր եմ շարունակել գրառումներ անել, բայց անցյալիս էջերին ծանոթանալ չեմ ցանկանում: Միգուցե երբ ծերանամ, ու մահը մոտ լինի, բացեմ կարդամ:

Ժակը ժպտաց: Ըստ երևույթին ես առաջին մարդն եմ, ով հիշողության կորստից ուրախանում է: Պարզվում է`բացի արտաքին գեղեցկությունից բնությունն ինձ լավատեսություն էլ է տվել: Հիանալի է: Հետաքրքիր է`ես մտերիմ ընկերներ կամ սիրած տղա ունեմ?

Մենք մտանք մի սենյակ, որը լցված է տարատեսակ սարքավորումներով ու տեխնիկայով: Ժակը լուսանկարչական ապարատի պես մի բան ձեռքն առավ ու պտտեց գլխավերևումս: Հետո նստեց համակարգչի դիմաց ու սկսեց ուսումնասիրել ստացված նկարները: Ես հրճվում եմ: Գլխուղեղս զարմանալի տեսք ունի ներսից: Հոգեպես թեթևություն ու ազատություն եմ զգում: Ասես ինչ-որ ծանր բեռից ազատված լինեմ: Ամբողջ աշխարհն աչքիս երևում է որպես առեղծված, որն իմ բացահայտմանն է սպասում: Չեմ համբերում, թե երբ եմ դուրս գրվելու հիվանդանոցից: Ես շատ եմ ուզում նորից հանդիպել այն մարդկանց, ում ճանաչել եմ անցյալում, որ նայեմ նրանց ոչ թե անցյալի հիշողությունների բեռից պղտորված, այլ մաքուր աչքերով: Մի օր, երբ մեջս ուժ ու ցանկություն գտնեմ օրագիրս ամբողջությամբ կարդալու, պարզ կդառնա, արդյոք հին եսիս եմ վերադարձել թե, այնուամենայնիվ, կյանքում հնարավոր է ջնջել անցյալն ու նոր մարդ դառնալ: Բժիշկն ավարտեց իր գործն ու ինձ իմ սենյակ ուղեկցեց:

–Երբ կարող եմ տուն գնալ?

–Արդեն հասցրել ես ձանձրանալ մեր հիվանդանոցից?