Выбрать главу

Մենք ծիծաղեցինք:

–Կուզես ընկերներիդ հետ ծանոթանալ?

Իմ աչքերը հետաքրքրասիրությունից փայլեցին:

–Իհարկե, թող ինձ այցելեն, բայց զգուշացրեք, որ ոչինչ չպատմեն անցյալիս մասին: Ուզում եմ նոր կյանք սկսել ու աշխարհին այլ աչքերով նայել: Միգուցե նրանք, ում ես առաջ սիրել եմ, ամենևին էլ արժանի չէին դրան…

–Այսօր ինձ մի պարոն էր մոտեցել ու քո մասին էր հարցնում: Ասաց, որ պատմությանդ ուսուցիչն է:

–Հետաքրքիր է,-մտածմունքների մեջ ընկա ես,-տեսնես որ դպրոցում ու դասարանում եմ սովորում, քանի տարեկան եմ:

–Տասնյոթ ես, դպրոցիդ մասին ոչինչ չգիտեմ: Կարծում եմ`մյուս շաբաթ դուրս կգրենք քեզ հիվանդանոցից:

–Ինչ լավ է,-ուրախացա ես: Տվյալ պահի դրությամբ առողջությունս ինչ վիճակում է?

–Հիշողությանդ կորուստը չհաշված`լուրջ բան չկա: Դեմքիդ կապտուկները շուտով կանցնեն, իսկ ոտքդ կլավանա: Ես վախենում էի, որ գլխուղեղիդ այլ հատվածներ էլ վնասված լինեն, բայց հետազոտության արդյունքները դրական են: Ուրախ եմ, որ լավատեսորեն ես տրամադրված ու իրավիճակի դրական կողմը տեսար: Պարզապես քո փոխարեն այդքան ծայրահեղական չէի լինի. անցյալի փորձը շատ արժեքավոր է, օրագիրդ անպայման կարդա:

–Անցյալի փորձը մարդու մոտ կարծրատիպեր է ստեղծում իր մասին:

–Թե օգնում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել?-ժպտաց բժիշկը:

–Ես չեմ գտնում, որ մարդն ունի ինչ-որ սկզբնական էություն, որին պիտի մոտենա կամ բացահայտի իր կյանքի ընթացքում: Իրական եսը չեն գտնում`ստեղծում են:

Ժակը շարունակում է ժպտալ:

–Առավոտյան ուսուցիչներիդ հետ էի զրուցում, ասացին, որ սիրում ես փիլիսոփայել:

Ծիծաղելով նետվեցի դեպի նա ու ափով փակեցի բերանը:

–Իսկ ընկերներդ պատմեցին, որ քեզ հասուն տղամարդիկ են դուր գալիս,-շարունակում է անամոթը:

–Դուք շանս չունեք փաստորեն,-հրճվում եմ ես:

Ինձ դուր է գալիս Ժակը: Եթե բոլոր բժիշկները նրա նման կենսուրախ, զվարճալի ու հումորով լինեն, շաբաթն այս սպիտակ պատերի ներսում արագ կանցնի: Նա երկու ձեռքով բռնեց թևերիս տակից ու օգնեց ոտքի կանգնել:

–Փորձիր քայլել:

Նա բաց թողեց ինձ ու հեռու գնաց: Հազիվ էի մի քայլ արել, երբ աջ ոտքիս մեջ լարում զգացի ու կորցրի հավասարակշռությունս: Ժակը վազեց դեպի ինձ, բայց ոտքի տակ ինչ-որ բան ընկավ ու փռվեց հատակին, իսկ ես` նրա վրա: Ուժ չունեմ ինքնուրույն վեր կենալ, իսկ նա, ինչպես երևում է, տեղից շարժվելու միտք անգամ չունի: Աչքերիս մեջ է նայում ու խորիմաստ ժպտում: Աստված իմ,եթե հիմա մեկը սենյակ մտնի ու մեզ տեսնի այս վիճակում, ինչ կմտածի?

–Կօգնեք բարձրանամ?-մարմինս նրանից հեռացնելով`խնդրեցի ես:

Ժակը ոտքի ելավ, ապա գրկեց ինձ ու դրեց մահճակալիս վրա: Մատներիս նրա օծանելիքի հոտն է կպել, ու շարունակ փռշտում եմ: Հանկարծ պատուհանի մոտից պայթյունի ձայներ լսվեցին: Նա մի կողմ քաշեց վարագույրներն, ու երկնքում հրավառություն երևաց: Ես փոքր երեխայի պես սկսեցի նստածս տեղում թռվռալ ու ափերով բարձին խփել: Ժակը մոտեցավ ինձ, թևը մտցրեց ծնկներիս տակ ու գրկած դեպի պատուհանը տարավ: Ապակին տարածվում է ամբողջ պատի երկայնքով ու հրաշալի գիշերային տեսարան է մեր առջև բացում: Ես դիմացս եմ նայում, ու աչքերս հիացմունքից փայլում են: Չեմ համարձակվում հայացքս ներքև գցել, որովհետև սաստիկ վախենում եմ բարձրությունից: Ինչքան էլ գիտակցաբար հասկանում եմ, որ Ժակն ինձ բռնել է, բացի այդ դիմացս ապակի է, ու նույնիսկ մեծ ցանկության դեպքում ներքև չեմ ընկնի, միևնույն է ենթագիտակցորեն վախենում եմ:

–Մենք որ քաղաքում ենք?-հետաքրքրվեցի ես:

–Փարիզում, սիրուն է, չէ?

–Շատ: Չեմ համբերում, թե երբ եմ շրջելու այս հրաշալի փողոցներով:

–Ասես ռոմանտիկ ֆիլմի մեջ լինենք: Եթե հիմա համբուրեմ քեզ, տեսարանը կամբողջանա,-ծիծաղեց նա ու իր կապույտ խոշոր բիբերը սուզեց աչքերիս մեջ:

Ես փաթաթվեցի նրա վզին ու սկսեցի հետաքրքրությամբ զննել դիմագծերը: Մեկ օրը շատ քիչ է սիրահարվելու համար, բայց Ժակն ինձ դուր է գալիս`հատկապես, երբ գիտակցում եմ, որ փրկել է կյանքս: Նա սկսեց համբուրել այտերս ու մազերիս բույրը կլանել: Մենք շարունակում ենք պատուհանի մոտ մնալ ու գիշերային Փարիզին փայլ հաղորդել: Նրա շուրթերը սկզբում կոպերիս վրա հայտնվեցին, հետո` այտերիս, ու մոտեցան բերանիս անկյուններին:

–Գիտես, դու առաջին աղջիկն ես, ում համբուրում եմ:

–Իսկապես?-զարմացա ես,-միթե կարելի է երեսուն տարի ապրել աշխարհում`առանց իմանալու, թե ինչ է համբույրը?

–Յուրահատուկ մեկի շուրթերին դիպչելու համար արժի հարյուր տարի էլ սպասել:

Եվս մի ակնթարթ, ու նրա շրթունքները կհպվեն իմին:

–Հիմար նախապաշարմունք է,-ծիծաղեցի ես ու նրա մատը, որն այդ պահին նրբորեն սահում էր այտիս վրայով, այնպես կծեցի, որ ձեռքը թուլացավ, ու ինձ հատակին գցեց:

Ես թուլացել եմ ծիծաղից:

–Այ քեզ աննորմալ,-հառաչեց նա ու կռացավ, որ օգնի ինձ վեր կենալ:

–Պետք չի, ուզում եմ ինքնուրույն ոտքի կանգնել ու փորձել անկողնուս հասնել:

Երկու ափերս դրեցի հատակին ու մի կերպ կարողացա ծնկների վրա նստել: Հետո կառչեցի սեղանից ու ոտքի ելա: Սենյակում եղած իրերից բռնվելով` դանդաղ քայլեցի դեպի մահճակալս:

–Ստացվեց,-գլուխս փափուկ բարձի մեջ խրելով`բացականչեցի ես: