Выбрать главу

–Հիանալի է, ապրես,-գովեց Ժակը:

Նրա ժպիտը կոտրված է, իսկ աչքերը տխուր են երևում: Չեմ ուզում ավելորդ հարցեր տալ, որովհետև հասկանում եմ, թե ինչու է նեղսրտած: Երևի ցավոտ բան է մեկին անփոխադարձ յուրահատուկ համարելը…

Նա սեղանը մոտ բերեց, վրան մրգեր, քաղցրավենիք, հյութեր ու կերակուրներ շարեց և լույսն անջատելով`առանց մի բառ ասելու` սենյակից դուրս գնաց:

2016 թվական, մայիսի 8

Սիրելի օրագիր, ինչպես կռահում ես, հիշողությունիցս ամեն ինչ չի, որ ջնջվել է: Ժակն ասում է, որ գլխուղեղիս որոշ հատվածներ են վնասվել միայն: Ես չեմ կարողանում հիշել մարդկանց, ինձ ու իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել անցյալում: Չգիտեմ, թե ինչ տեսակ մարդ եմ եղել առաջ ու չեմ էլ ուզում իմանալ: Ավելի ճիշտ`ուզում եմ, բայց ոչ հիմա: Պիտի դիմանամ անցյալիս էջերը կարդալու գայթակղությանն ու ապագաս գրեմ: Երեկ ծնողներս հետ ծանոթացա: Ծիծաղելի է հնչում, չէ? Առհասարակ մոտս այնպիսի զգացում է, որ անցյալում հիանալի կյանք եմ ունեցել`ծնվել եմ հոգատար ծնողների ընտանիքում, ապրել եմ շքեղ քաղաքում, ինչպիսին Փարիզն է, շրջապատված եմ եղել հրաշալի ուսուցիչներով ու ընկերներով, ովքեր օրեր շարունակ հերթապահել են դռանս մոտ` սպասելով, թե երբ ուշքի կգամ:Այնպիսի տպավորություն է, որ նախկինում ինչ-որ կարևոր, սիրելի մեկն եմ եղել բոլորի համար: Միակ հարցը, որ շարունակ պտտվում է գլխումս, այն է, թե ինչպես եմ հիվանդանոց ընկել, բայց, կարծում եմ, չարժի շատ մտածել դրա շուրջ, թե չէ չեմ դիմանա հրապույրին ու կկարդամ արածս գրառումները: Երբ արթնացա, Ժակն ինձ փոխանցեց բոլոր անձնական իրերը, որոնք նախկինում օգտագործել էի`հեռախոսը, նոթբուքը, փլեյերն ու էլի շատ բաներ: Ես տեղավորել եմ դրանք մի փոքրիկ ճամպրուկի մեջ ու ժամանակավորապես մոռացել եմ, որ գոյություն ունեն: Սոցիալական կայքերում նոր էջեր եմ ստեղծել ու նույնիսկ հասցրել եմ ընկերանալ ծնողներիս ու Ժակի հետ: Միակ մարդիկ, ում ես ճանաչում եմ հիմա, նրանք են: Ժակը ներել է ինձ երեկվա համար, ու մենք պարզապես ընկերներ ենք: Դա այնքան էլ իմ սրտով չի: Ես առհասարակ ճիշտ չեմ համարում գործ ունենալը նրա հետ, ով իմ հանդեպ անպատասխան հույզեր ունի: Ազնիվ խոսք եմ տալիս. հիվանդանոցից դուրս գրվելուն պես մեկընդմիշտ կվերացնեմ մեր միջև եղած բոլոր կապերը: Ավելի լավ է հենց սկզբից բաժանվել, քան տարիներ անց`դիմացինի զգացմունքները խորացնելուց հետո: Գիտես, այնքան հետաքրքիր է, տառերը գիտեմ, բայց այն, թե ինչ եմ օրագրումս դրանցով գրել, գլխիցս կորել է, ճաշի ժամին պարզ հիշում էի մրգերի, ուտելիքների անունները, բայց մտքիցս թռել էր, թե դրանք ինչ համ ունեն, երբ Ժակը Փարիզի անունը տվեց, մտաբերեցի, որ աշխարհում նման քաղաք կա, բայց ուղեղիցս ջնջվել էր ինֆորմացիան այն մասին, որ ես այդտեղ եմ գտնվում: Հիշողությունս ցանցի պես է. կան հանգույցներ ու դատարկ տարածություններ:

–Լիլի, հյուրեր ընդունում ես?-դռան մոտից լսվեց Ժակի ձայնը:

–Իսկ ովքեր են եկել ինձ այցելության?

–Հիմա կտեսնես:

Երկու վայրկյան հետո սենյակում ասեղ գցելու տեղ չկար: Ես կռահեցի, որ դասարանցիներս ու ուսուցիչներս են հյուրերը, բայց բոլորի դեմքերն անծանոթ են: Ոչ մեկին մտաբերել չեմ կարողանում: Ըստ երևույթին զգուշացվել են հիշողությանս կորստի մասին, որովհետև չեն աղմկում, չեն խեղդում ինձ համբույրներով ու գրկախառնություններով: Հանգիստ ներս մտան ու շարվեցին պատի մոտ: Իրենց հետ համով բաներ են բերել ու նվերներ: Լռություն է տիրում: Չգիտեմ`ինչ խոսել: Նրանք էլ իրենց հերթին չեն կողմնորոշվում`հետս ինչպես շփվել: Հանկարծ գլխումս լավ գաղափար առաջացավ: Բարձրացա անկողնուս վրա: Բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ եմ ասելու:

–Առաջարկում եմ` նորից ծանոթանալ ու լավ ժամանակ անցկացնել,-ուրախ ձայնով բացականչեցի ես ու ներքև թռա:

Մի քանի օր առաջ քայլել անգամ չէի կարողանում, իսկ հիմա աճպարարություն եմ անում: Հիանալի է: Այսպես որ գնա, հիվանդանոցից շուտով դուրս կգրվեմ: Ուսուցիչներիս դեմքի արտահայտությունից դժվար չի կռահելը, որ ինձ անսովոր եմ պահում: Դասարանցիներս խնդության մեջ են իմ գժությունից: Աջ ոտքիս մեջ դեռ խուլ ցավ եմ զգում, բայց ոչինչ: Հյուրերի ձեռքից առա մրգերն ու քաղցրավենիքը և սեղան պատրաստեցի, որպեսզի բոլորն օգտվեն: Ինձ ազատ եմ զգում: Հերթով մոտենում եմ յուրաքանչյուրին ու փորձում մտապահել լսածս ինֆորմացիան: Հնարավոր չի նկարագրել այն հաճույքը, որով լցված է սիրտս: Ինչ բախտավոր եմ, որ նման մարդկանցով եմ շրջապատված, ովքեր սիրում ու հոգ են տանում իմ մասին: Էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար? Եթե ծնողներս էլ այստեղ լինեին, պահը կատարյալ կլիներ:

–Անունս Շառլ է:

–Նատալի:

–Մենք քո ընկերներն ենք,-միաբերան ասացին նրանք ու ծիծաղեցին:

Ես գրկեցի երկուսին էլ:

–Լիլի, նման քայլի գնալուց առաջ մեր մասին չէիր մտածում?-արցունքները սրբելով`համբուրեց ինձ Նատալին:

Շառլն այնպես տրորեց նրա ոտքը, որ խեղճ աղջիկը ճչաց ցավից: Ընկերներս իրար աչքով արեցին ու միաժամանակ լռեցին: Ակնհայտ է, որ ինձնից ինչ-որ բան են թաքցնում, որը կապ ունի անցյալիս հետ: Ինչ քայլի մասին էր Նատալին խոսում?