Выбрать главу

–Վայ, կներես:

Հեծանիվով շրջեցինք մեր տարածքով, որը գյուղի մեկ երրորդի չափ տեղ է զբաղեցնում, հետո ցանկապատից դուրս գալով`շարունակեցինք ճանապարհն ու կանգ առանք մի փոքրիկ խրճիթի առջև:

–Ահա և իմ տունը,-ժպտաց Ամելին ու հանդիսավոր կերպով ներս հրավիրեց:

Ներքուստ ինձ վատ զգացի, որ նա ավելի համեստ պայմաններում է ապրում, քան ես: Կյանքում երկրորդ անգամ բախվեցի անարդարությանը: Ես ավելի շատ օգուտ չեմ տվել մարդկությանը, քան Ամելին, բայց նա հայրիկ չունի, ես` ունեմ, նա փոքրիկ խրճիթում է ապրում, ես` ընդարձակ ամառանոցում, նա գյուղում է դպրոց գնալու, ես` մայրաքաղաքում: Ով է այդ անարդար բաժանումն արել ու ինչի հիման վրա?

–Լիլի? ինչու տխրեցիր? Արդեն փոշմանում ես, որ հետս ամուսնացել ես?

Ես ծիծաղեցի, բայց ներքուստ դառնացած էի: Մտանք ներս, ու նա ինձ իր ննջարան ուղեկցեց:

–Հիմա ինչ ենք անելու?-հետաքրքրվեցի ես:

–Համբուրվելու ենք,-հանգիստ պատասխանեց նա ու պառկեց մահճակալին:

Ինձ սկսում էր դուր չգալ այն, ինչ կատարվում էր մեր միջև, բայց վախենում էի կորցնել միակ ընկերուհուս, դրա համար լուռ մոտեցա: Նա բռնեց մատներիցս ու օգնեց բարձրանալ իր մարմնի վրա: -Շուրթերդ հպիր շուրթերիս:

Ես թուքս կուլ տվեցի ու ստիպված համբուրեցի նրան: Աստված իմ, երբ պիտի ավարտվի այս ամենն, ու գնամ տուն: Հեռացրի դեմքս նրանից, բայց նա ինձ նորից դեպի իրեն քաշեց: Սիրտս արդեն սկսում է խառնել:

–Իսկ հարսն ու փեսան քանի րոպե պիտի համբուրվեն?-հնարավորինս մեղմ տոնով հարցրի ես:

–Տեսնում ես?-նա շրջվեց դեպի պատուհանն ու մատով ցույց տվեց արևը, որը սահում էր երկնքով դեպի սարից այն կողմ,– համբուրիր ինձ, մինչև նրա`մայր մտնելը:

Ես համաձայնեցի, որովհետև լավ չէի պատկերացնում, թե ինչքան ժամանակում արևը մի կետից մյուսը կհասնի: Շուրթերս զզվանքով հպում էի Ամելիի վարդագույն, փարթամ շրթունքներին, բայց հայացքս երկնքից չէր հեռանում: Երբ վերջապես հասկացա, որ ծուղակի մեջ եմ, տեղիցս կտրուկ վեր կացա ու քայլեցի դեպի դուռը:

–Սպասիր, խնդրում եմ,-լացակումած`աղերսեց նա,-եթե չես ուզում, չենք խաղա, միայն մնա:

–Պիտի տուն գնամ, շուտով կմթնի:

–Արի քաղցրավենիք ուտենք, հետո կճանապարհեմ քեզ,-համոզեց նա ու վազեց խոհանոց: Հինգ րոպեից վերադարձավ`ձեռքին մի աման:

–Սա ինչ է?

–Տորթի քարցր կրեմ, որին մոշ եմ խառնել, փորձիր:

Ես հաճույքով կերա կեսը:

–Շատ համեղ էր, ապրես: Իդեպ, վերցրու վզնոցդ:

–Չէ, պետք չի, մոտդ պահիր, նվիրում եմ: Այն քեզ ավելի է սազում, քան ինձ:

Սիրտս ճմլվեց. մոտեցա նրան ու ամուր գրկեցի: Ես էլ կուզեի որևէ բան նվիրել, բայց մոտս ոչինչ չունեի: Մենք դուրս եկանք տնից, ու նստեցի հեծանիվիս ղեկին:

–Նեղացած չես, չէ, ինձնից?-տխուր հայացքով հարցրեց Ամելին,-ես մտածեցի քեզ դուր կգա, դու առաջին մարդն էիր, ում ցանկացա համբուրել: Կներես:

Ուզում էի ինչ-որ բան ասել, որը նրան կստիպեր լավ զգալ, բայց, չգիտես ինչու, լռեցի ու առանց հրաժեշտ տալու` տուն վերադարձա…

2005 թվական, օգոստոսի 28

Հենվել եմ ցանկապատին ու հափշտակված նայում եմ Ամելիին: Նա չի կարող նկատել ինձ, որովհետև թփերը ծածկում են մարմինս: Մեր համբույրից հետո խուսափում եմ նրանից, բայց թաքուն հետևում եմ: Ամեն առավոտ գալիս է, կանգնում մեր ցանկապատի մոտ ու անունս տալիս, բայց ես միշտ քնած, սոված, զբաղված, հոգնած եմ ձևանում ու մայրիկին խնդրում, որ փոխանցի: Նա լուռ հեռանում է, բայց հաջորդ օրը նորից հայտնվում: Հակասական զգացմունքներ ունեմ նրա հանդեպ. համ սիրում եմ, համ`մի տեսակ վախենում: Նա ինձ այնպես չի սիրում, ինչպես ես`իրեն, ու դա է վանում ինձ:

Արդեն երեք ժամ է` հետևում եմ, թե ոնց է բակում կոնֆետ պատրաստում: Նա գդալով վերցնում է մուգ վարդագույն քաղցր զանգվածն ու լցնում սրտաձև փոքրիկ ամանների մեջ:

–Լիլի, արի իրերդ հավաքիր-լսվեց մայրիկի ձայնը, ով մեր տարածքի մյուս ծայրից կանչում էր ինձ:

Ամելին սթափվեց իր մտքերից ու շուրջը նայեց`ասես հույս ունենալով, որ մոտակայքում եմ, իսկ ես, հարմար առիթ գտնելով, դուրս եկա թաքստոցիցս ու ոտքերիս ծայրերի վրա քայլեցի դեպի տուն:

*

Մեր ամբողջ ընտանիքը, բացի տատիկից ու պապիկից, տեղավորվել է հայրիկիս դեղին մեքենայի մեջ. Փարիզ ենք մեկնում:

Երբ դուրս եկանք մեր ամառանոցից ու անցնում էինք Ամելիենց տան մոտով, նա անսպասելի հայտնվեց ճանապարհի վրա ու ափը թափ տվեց, ինչը նշանակում էր, որ ուզում է`կանգ առնենք: Հայրիկն ըստ երևույթին ճանաչեց նրան ու ընթացքը դանդաղեցրեց:

–Լիլի, գնա հրաժեշտ տուր ընկերուհուդ, միայն արագ:

Ես իջա մեքենայից ու մոտեցա Ամելիին: Քիչ մնաց սիրտս հուզմունքից տեղից դուրս թռչեր, երբ նրա ձեռքին տեսա սրտաձև կոնֆետները`փայլփլուն թղթերի մեջ: Միթե դրանք ինձ համար էր առավոտից պատրաստում?

–Բարև,-տխուր ժպտաց նա:

–Դու գիտեիր, որ այսօր եմ մեկնում?

–Հա, կեսօրին տեսա տատիկիդ, իմացա:

–Կներես, որ չեկա հրաժեշտ տալու, շատ էին գործերը, պիտի օգնեի ծնողներիս:

–Վերցրու սա,-նա ինձ մեկնեց կոնֆետների գեղեցիկ տուփը,-քեզ քաղցր ճանապարհ եմ մաղթում:

Ես վերջին անգամ ամուր գրկեցի նրան ու առանց ետ նայելու`վազեցի դեպի մեր մեքենան…վեց ժամից Փարիզում կլինեմ…